22 մայիսի 2006

Կարեն Կարապետյան. «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի գործարքը լավագույնն էր Հայաստանի համար»

Տնտեսական լրագրողների ակումբի երեկ հրավիրած «կլոր սեղանի» ժամանակ նման կարծիք հայտնելով, ՙՀայռուսգազարդ՚ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նաեւ նշեց, որ գործարքը Հայաստանին աննախադեպ հնարավորություն է տալիս 3 տարի շարունակ ունենալու գազի երաշխավորված եւ տրամաբանական սակագին, որը տարածաշրջանում ամենաարդյունավետն է: Արդյունաբերության համար գազի սակագնի մի մասի սուբսիդավորումը ՙՀայռուսգազարդի՚ ղեկավարը ճիշտ քայլ համարեց, ավելացնելով, որ եթե Հայաստանի տնտեսությունն արդյունավետ կառավարվի, ապա կարող ենք գրավել Վրաստանի էլեկտրաէներգիայի շուկան, իսկ մեր արտադրողներն ընդհանրապես տարածաշրջանում շուկաներ գրավելու աննախադեպ լավ հնարավորություն կունենան: Բացի այդ, 2009–2010 թթ.-ին գազի շուկան ավելի տրամաբանական կլինի: Այն պայմաններում, երբ այդ ժամանակ գազի սակագնի գնագոյացման գործընթացն ավելի ձեւավորված եւ երաշխավորված կլինի, քան հիմա, Հայաստանը լավ մեկնարկային պայմաններում կհայտնվի: Հայաստանի էներգետիկ ոլորտում ռուսական կապիտալի մասնակցության հարցի առնչությամբ Կարեն Կարապետյանն այն կարծիքը հայտնեց, որ եթե պետությունը ներդնողի հետ կարողանում է հարաբերությունները կարգավորել այնպես, որ իր շահերը չեն ոտնահարվում, ապա ներդնողի ազգությունն ընդհանրապես նշանակություն չունի: «Վերջին 3–4 տարիներին Հայաստանում իրականացվել է աննախադեպ գազիֆիկացիա: Տարեսկզբին „Հայռուսգազարդ“ ընկերությունն ունեցել է 530 հազ. հավանական բաժանորդ եւ 370 հազար իրական բաժանորդ՚, տեղեկացրեց տնտեսական լրագրողների ակումբի հյուրը: Տարեվերջին հավանական բաժանորդների թիվը կլինի 620 հազար, իրական բաժանորդներինը՝ 440–450 հազար: Հայաստանում տնային տնտեսությունների ընդհանուր քանակը 750 հազար է: Ըստ Կարեն Կարապետյանի, աշխարհում չկա որեւէ երկիր, որտեղ գազիֆիկացիան ընկերության խնդիրը լինի՝ դա քաղաքային կամ մարզային իշխանությունների խնդիրն է: Ընկերությունը զբաղվում է սոսկ գազի վաճառքով եւ գազատարների սպասարկմամբ: Ներտնային ոլորտում գլխավոր խնդիրը գազասարքերի վերազինումն է, ինչը հնարավոր չէ իրականացնել մեկ օրում: Անհրաժեշտ է ներդրված ստանդարտներով եւ մաքսային կոմիտեի աջակցությամբ կարգավորել գազասարքերի ներմուծումը Հայաստան: „Հայռուսգազարդի“ գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ մասնավորապես Արտաշատում կատարված ստուգայցերը ցույց են տվել, որ 10 բնակարաններից 8-ում գազի օգտագործման կանոնները խախտվել են: Սակայն պահանջներին չհամապատասխանելու պատճառով բոլորին հնարավոր չէ պարտադրել փոխել գազասարքերը, քանի որ դա լուրջ սոցիալական լարվածություն կառաջացնի: Այս խնդիրը պետք է աստիճանաբար կարգավորել: Մինչեւ օգոստոսի 1-ը „Հայռուսգազարդը՚ հանել է հաշվիչի համար վճարվող 40 հազար դրամ կանխավճարը, որպեսզի գազամատակարարման ցանցին միանալու աշխատանքների ռիթմը կանոնավոր լինի, եւ բնակիչ բաժանորդները չթողնեն այդ գործը աշնանը, երբ ընկերությունը չի կարողանում բոլոր ցանկացողներին բավարարել: Առաջիկա 5 ամիսներին ընկերությունը կավարտի ավտոմատացված օդորիզացիայի աշխատանքները Հայաստանի ամբողջ տարածքում, ինչը նշանակում է, որ օդորանտը համակարգ կմտնի ավտոմատացված կերպով: Ներդրվել է նաեւ „Սկադա“ համակարգով նոր դիսպետչերական համակարգը: Ստորգետնյա գազապահեստարանում այսօր արդեն 95 մլն խմ գազ հնարավոր է պահեստավորել, երկու տարի առաջ այդ ունակությունը 70 մլն խմ էր: Մինչեւ ընթացիկ տարեվերջ այս ցուցանիշը նախատեսվում է հասցնել 110 մլն խմ-ի: Գազապահեստարանի առնչությամբ ՙՀայռուսգազարդի՚ հայեցակարգը սկզբունքորեն փոխվել է: Եթե նախկինում 27–30 մլն դոլար էր պահանջվում 250–270 մլն խմ գազի պահեստավորման համար, ապա հիմա որոշվել է այդ ծրագիրն իրականացնել 5 մլն դոլարով եւ պահեստավորված գազի ծավալները հասցնել մինչեւ 150 մլն խմ-ի: Սա Կարեն Կարապետյանը պայմանավորեց այն բանով, որ Իրան-Հայաստան այլընտրանքային գազամուղի առկայության պարագայում 27–30 մլն դոլարի ներդրումն անարդյունավետ է: Այդպիսի ներդրումային ծրագիրն արդյունավետ կլիներ, եթե պահեստարանը տարածաշրջանային նշանակություն ունենար: Հայաստանի պահեստարանին տարածաշրջանային նշանակություն տալու նպատակով, որից կօգտվեր նաեւ Վրաստանը, ընկերությունը բանակցություններ է վարում հարեւան երկրին այդ ծրագրի մեջ ներառելու ուղղությամբ: Մինչեւ տարեվերջ Իրան-Հայաստան գազամուղը կմիանա „Հայռուսգազարդի“ համակարգին: Գազատարի որոշ հատվածներ ռուսական կողմին անցնելու մասին հայտարարություններն, ըստ ընկերության գլխավոր տնօրենի, անհիմն են: Ինչ վերաբերում է Իրանից Հայաստանով տարանցիկ գազամուղ կառուցելու հնարավորությանը, ապա Կարեն Կարապետյանը նշեց, որ Հայաստանի նման փոքր երկրներն ի վիճակի չեն տարանցիկ գազամուղ կառուցել, եթե մեծ պետություններն այդ մասին չունեն պայմանավորվածություն, իսկ Հայաստանը չէր կարող սպասել մինչեւ նման պայմանավորվածություն լինի: Տարածաշրջանի բոլոր երկրները ունեն էներգիայի պակասորդ, որն առաջիկա 10–15 տարիներին պահպանվելու է: Այս տեսանկյունից Հայաստանը եզակի հնարավորություն եւ ավելցուկային հզորություններ ունի տարածաշրջանում այդ ծառայությունը մատուցելու համար: „Հայռուսգազարդի“ ղեկավարի հավաստմամբ, ընկերությունը ներկայումս մտածում է այլ երկրների էներգետիկ բիզնեսներին մասնակցելու մասին:


Աղբյուր: «Ազգ» թերթ

LiveJournal Share Button