Ամեն դեպքում փականը «Գազպրոմի» ձեռքին է

Վերջերս հայտարարվեց, որ մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի Իրան-Հայաստան գազատարը: Դրա հետ կապված վերստին օրակարգային կարեւոր հարց դարձավ ինչպես այդ կառույցի հետագա շահագործման ու կառավարման, այնպես էլ, ասվածի հետ զուգահեռ, սեփականատիրոջ հարցը:


Հայտնի է, որ ռուսական «Գազպրոմը» վաղուց ի վեր ցանկություն է հայտնել ձեռք բերելու այդ գազատարը: Ընդ որում, ժամանակին անգամ խոսակցություններ ի հայտ եկան, թե Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը «Գազպրոմին» վաճառելու գործարքի շրջանակներում միաժամանակ այդ ընկերությանն է հանձնվել նաեւ Իրան-Հայաստան գազատարը: Հիշեցնենք նաեւ, որ թեեւ այդ հայտարարությունը քանիցս հերքվեց, այնուամենայնիվ, այսօր էլ, ասվածի հետ կապված, մերթընդմերթ տարբեր պնդումներ են ի հայտ գալիս: Սակայն այսօր էլ «Գազպրոմը» շարունակում է հայտարարել այդ կառույցը ձեռք բերելու իր ցանկության մասին: Միաժամանակ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած վերջին այցելության շրջանակներում հնչում են մեկնաբանություններ, թե այդ հարցը եւս քննարկվել է, եւ գազատարը Ռուսաստանին հանձնելու քաղաքական պայմանավորվածություն ձեռք է բերվել: Այնուամենայնիվ, այդ գործարքը ի՞նչ կտա Հայաստանին, լա՞վ է, թե՞ վատ այն մեզ համար. դա արդեն այլ հարց է, որի պատասխանը, բնականաբար, պետք է փնտրել ինչպես զուտ տնտեսական, այնպես էլ քաղաքական հարթության մեջ:

Օրերս հանդիպելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւս մեկ անգամ փաստեց, որ իր ղեկավարած ընկերությունը Իրան-Հայաստան գազատարի լավագույն շահագործողը կարող է լինել: Բացի այդ, պարոն Կարապետյանը գոնե տնտեսական առումով փորձեց հիմնավորել, թե ինչ կտա նման կառավարումը Հայաստանին, «ՀայՌուսգազարդին», այսինքն, նույն տնտեսական տեսանկյունից ինչքանով է ձեռնտու կառավարման ստանձնումը:

Նախ՝ պարոն Կարապետյանը փորձեց պարզաբանել, թե, ի վերջո, ինչ է իրենից ներկայացնում Իրան-Հայաստան գազամուղը: «Իրան-Հայաստան գազամուղը 2 հատված չունի. կա մեկ հատված, ներկայումս կառուցվող այն 40 կմ-անոց գազամուղը, որը Իրանի գազատրանսպորտային համակարգը միացնում է Հայաստանի գազատրանսպորտային համակարգին, որի հիմնական սեփականատերը „ՀայՌուսգազարդն“ է՚, — ասաց Կ. Կարապետյանը, այդ ամենով հանդերձ, ռազմավարական, անվտանգության տեսանկյունից այդ գազատարի կառուցումը համարելով մեր երկրի համար չափազանց կարեւոր: Այնուամենայնիվ, այդ նույն անվտանգության տեսանկյունից, պե՞տք է գազատարը հանձնել „Գազպրոմին“, կամ „ՀայՌուսգազարդի՚ կառավարմանը: Այդ հարցի պատասխանը թերեւս տալիս է գազամուղի, այսպես կոչված, երկրորդ հատվածին վերաբերող պարզաբանումները, որ ներկայացրեց Կ. Կարապետյանը. „Իրան-Հայաստան գազամուղի երկրորդ մաս ասելով՝ նկատի է առնվում ընդամենը „ՀայՌուսգազարդի“ գոյություն ունեցող գազատրանսպորտային համակարգի ընդլայնումը“: Այստեղ կարծում ենք, որ որոշակի տրամաբանություն կա: Հիշենք, որ, ըստ իրանական կողմի հետ ձեռք բերված համաձայնության, գազամուղը կառուցելուց հետո դրանով ստացվող 1 խմ գազի դիմաց Հայաստանը վճարելու է 3 կՎտժ էլեկտրաէներգիայով: Այսինքն, այդ գազը պետք է վերածվի էլեկտրաէներգիայի, որի մի մասն էլ վերադարձվի Իրան: Պարզ է, որ գազը էլեկտրաէներգիայի կարող է վերածվել կա՛մ Երեւանի վերակառուցվող ՋԷԿ-ում, կա՛մ Հրազդանի ՋԷԿ-ի ներկայումս գործող էներգաբլոկներում, կա՛մ էլ կառուցվելիք 5-րդ էներգաբլոկում: Նշված կայաններից միայն Երեւանի ՋԷԿ-ն է, որ Հայաստանի սեփականությունն է, սակայն այդ օբյեկտը միայնակ իրանական գազը „վերամշակելու“ հարցում խնդիրներ, ի վերջո, կարծում ենք, որ կունենա: Ուստի եւ, այսպես ասած, „Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց“ ծրագրին ռուսական կառույցները ինչ-որ մի փուլում, այնուամենայնիվ, մասնակցելու են՝ անկախ կողմերի ցանկություններից: Սակայն տրամաբանությունը հուշում է, որ ամեն ինչ միայն վերամշակման փուլով, այսինքն, ՋԷԿ-երում չէ, որ կարող է սպառվել: Գազը նախ պետք է հասցնել էլեկտրակայան, անկախ այն բանից՝ խոսքը Հրազդանի, թե Երեւանի ՋԷԿ-երի մասին է: Այսինքն, ում էլ որ պատկանի 40-կմ-անոց Իրան-Հայաստան գազատարը, պարոն Կարապետյանի խոսքերը ցույց են տալիս, որ իրանական գազը „ՀայՌուսգազարդի“ գազատրանսպորտային համակարգ, այնուամենայնիվ, մուտք գործելու է: Ստացվում է, որ այն մտավախությունները, թե իրանական ուղղությամբ Հայաստան մուտք գործող գազի փականը ռուսներին տալը մեր շահերի համար վտանգավոր է, այնքան էլ իրատեսական չեն, քանի որ այդ փականը առանց այդ էլ գտնվում է ռուսական ձեռքերում:

Ասում ենք՝ ռուսական ձեռքերում, հաշվի առնելով, որ 5-րդ էներգաբլոկի գործարքի շնորհիվ „Գազպրոմը“ „ՀայՌուսգազարդում“ ձեռք է բերում բաժնետոմսերի մեծամասնությունը: Բայց մյուս կողմից էլ, ելնելով մի շարք նկատառումներից, Կարեն Կարապետյանը հավաստիացրեց, թե անկախ բաժնետոմսերի պատկանելության հարցից, „ՀայՌուսգազարդը“ եղել է, կա եւ կմնա հայկական ընկերություն: Այս տեսանկյունից արդեն բավական կարեւոր հարց է դառնում, թե այդ փական ասվածը „Գազպրոմի՚ ձեռքին կգտնվի ուղղակի՞, թե՞ միջնորդավորված ձեւով՝ „ՀայՌուսգազարդի“ միջոցով: Հակառակ պարագայում, եթե հայկական, միգուցե նաեւ իրանական, կողմը ցանկանում է Իրան-Հայաստան գազամուղը լիարժեքորեն ռուսական ձեռքերից հեռու պահել, ապա այդ 40 կմ-անոց խողովակաշարը պետք է ավելանա եւս մի քանի հարյուր կմ-ով ու հասնի մինչեւ վերամշակող կայան: Հաշվի առնելով պահանջվող ծախսերը, կարծում ենք, որ նման ծրագրի մասին որեւէ մեկը չի էլ փորձի մտածել: Էլ չասած, որ այդ իրավիճակում գազատարի կառուցման ամենագլխավոր խնդիրը՝ երկրի գազային անվտանգության հարցը չի լուծվի, կամ կլուծվի թերի: Այսինքն, նման գազամուղի պարագայում իրանական գազը պարզապես Հայաստանի մյուս սպառողներին հասնելու ուղիներ չի ունենա, քանի որ այդ հարցի լուծման համար արդեն կպահանջվի նոր գազաբաշխիչ ցանց կառուցել:

Մի խոսքով, ինչպես եւս մեկ անգամ շեշտեց Կ. Կարապետյանը, „ՀայՌուսգազարդը“ ցանկանում է եւ պատրաստ է կառավարել Իրան-Հայաստան գազատարը: Ընդ որում, տնտեսական տեսանկյունից եւս, ըստ պարոն Կարապետյանի, դա ձեռնտու է Հայաստանի համար, քանի որ հակառակ պարագայում պետք է ստեղծել գազատարը շահագործող նոր ընկերություն իր բոլոր հաստիքներով, նյութական միջոցներով, շենքերով, շինություններով ու նման այլ բազմաթիվ ծախսերով հանդերձ, ինչը, բնականաբար, հավելյալ ձեւով անդրադառնալու է գազի ինքնարժեքի վրա: Բացի դրանից, այդ նորաստեղծ ընկերությունը մասնագիտական առումով եւս հազիվ թե կարողանա համեմատվել մեր ներկայիս գազամատակարարի հետ: Ուստի եւ, անվտանգության առումով եւս, նոր ընկերության ստեղծումը բավականին բարդ իրավիճակ կարող է առաջացնել:

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան գազատարը „ՀայՌուսգազարդին“ հանձնելու մեխանիզմներին, ապա, Կ. Կարապետյանի գնահատմամբ, դրանք կարող են լինել տարբեր, այսինքն, գազատարը կարող է ի վերջո, վերածվել „ՀայՌուսգազարդի“ կանոնադրական կապիտալի համալրման ու այդ կերպ, բնականաբար, Հայաստանի բաժնեմասը ՙՀայՌուսգազարդում“ կաճի, գազատարը հնարավոր է հանձնել „ՀայՌուսգազարդի“ կառավարմանը: Բացի այդ, ՙԳազպրոմի“ հայտարարություններից կարելի է նկատել, որ այդ ընկերությունը դեմ չէր լինի պարզապես ձեռք բերել գազատարը: Մի խոսքով ՀՀ կառավարությունն է, որ կարող է ընտրել այդ, կամ ցանկացած այլ տարբերակ, եւ թե որ տարբերակի օգտին կկողմնորոշվի, այսօր դժվար է ասել:

Կրկնում ենք, խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Հայաստանի պահանջներն ապահովելուն ընդունակ փոքր տրամաչափով ներկայիս Իրան-Հայաստան գազատարին եւ ոչ թե տրանզիտային թողունակության գազատարին, որի պարագայում արդեն ՀՀ կառավարությունը, կարծում ենք, որ բոլորովին այլ գործելաոճ պետք է որդեգրեր: Ի դեպ, եթե ավարտին հասցվի ներկայիս գազատարի կառուցումը, ապա դա նշանակո՞ւմ է, որ այլեւս հնարավոր չի լինի խոսել տրանզիտային նշանակության գազատարի մասին: Այդ կապակցությամբ Կ. Կարապետյանը նկատեց, որ գոնե տեսականորեն տրանզիտային խողովակաշարի հնարավորությունը դեռ գոյություն ունի: Իսկ թե այն երբ կարող է կյանքի կոչվել, ապա նա տվեց հետեւյալ պարզաբանումը. „Երբ գազ վաճառողը եւ գնորդը պայմանավորվեն, որ մեկը վաճառում է, մյուսը՝ գնում, ու տրանսպորտային սխեման որոշելիս նպաստավոր համարեն խողովակաշարը Հայաստանի տարածքով անցկացնելը: Երբ կլինի դա, պարզ չէ“:

Լավ, թե վատ 1–2 ամսից իրանական գազը կարող է մուտք գործել Հայաստան: Դրանով, կարծում ենք, որ մեր ամենակարեւորագույն խնդիրներից մեկը՝ գազի անվտանգության հարցը, կարելի է էականորեն լուծված համարել: Չմոռանանք, թե ներկայումս ինչ հարաբերություններ են ձեւավորվում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: Իրավիճակի վատթարացման պարագայում չբացառենք, որ Հայաստանը կարող է զրկվել ոչ միայն Վրաստանի տարածքով գազ, այլեւ ցանկացած բեռ ստանալու հնարավորությունից: Այս տեսանկյունից արդեն Իրան-Հայաստան գազատարը կարող է անգնահատելի դառնալ:

Ինչ վերաբերում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի գործարքին, ապա դա եւս պարոն Կարապետյանը համարեց չափազանց հաջող: „248,8 մլն դոլարով ՀՀ կառավարությունը վաճառեց 5-րդ էներգաբլոկը: Ներդրողը պարտավորվել է ներդնել եւս 180 մլն դոլար: Այդ ամենի դիմաց ՀՀ կառավարությունը որեւէ պարտավորություն չի ստանձնել, թե կսպառի արտադրած էներգիան, կամ կսահմանի այնպիսի սակագին, որ ներդրողի բիզնեսը վերադարձելի լինի: Գործնականում ՀՀ կառավարությունը 248,8 մլն դոլարով կարող էր մոտ 400 ՄՎտ հզորությամբ նոր կայան կառուցել“, — ասաց Կ. Կարապետյանը: Կարծում ենք, որ այդ կայանի հետ կապված բավական կարեւոր հարց է, թե, ի վերջո, այդ գազը մեր ո՞ր կայանում է վերածվելու էլեկտրաէներգիայի: Պարոն Կարապետյանը մեզ նախ տեղեկացրեց, որ հավանաբար 2008թ. կեսերին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը կսկսի գործել, պարզաբանեց, որ տարբերություն չկա, թե այդ կայանում կօգտագործեն ռուսակա՞ն, թե՞ իրանական գազը:

Տեղեկանք

Հրազդանի ՋԷԿ-ի 300 ՄՎտ հզորությամբ 5-րդ էներգաբլոկի կառուցումը սկսվել է 1980թ.: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կառուցման աշխատանքները դադարեցվել են, եւ վերջին տարիներին էներգաբլոկը գտնվում էր պահածոյացված վիճակում: Այս տարեսկզբին անավարտ էներգաբլոկը 248,8 մլն դոլարով վաճառվեց «Գազպրոմին», որն էլ պարտավորվել է վերակառուցել բլոկը՝ ներդնելով մինչեւ 180 մլն դոլար: Նախատեսված է տեղակայել եւս մեկ՝ 140 ՄՎտ հզորությամբ ժամանակակից գազատուրբին, ինչը հնարավորություն է տալիս 1 կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրության համար պահանջվող գազի ծախսը նվազեցնել 16–17 տոկոսով: Արդյունքում կայանի հզորությունը կկազմի 440 ՄՎտ:

Հեղինակ: Քերոբ Սարգսյան

Աղբյուր: «Իրավունք» թերթ