Մեր տխուր վերջը

Այն տեղեկությունը, որ Վրաստանը հրաժարվում է Հայաստանից էլեկտրաէներգիա գնել, մեր հանրության շրջանում ընդունվեց որպես մի սովորական իրադարձություն, որը առանձնահատուկ ուշադրության արժանի չէ: Իրականում սա պատմական իրադարձություն է, խոսքիս ամենաբացասական իմաստով: Խնդիրը ամենեւին էլ այն չէ, որ մենք չենք ստանա այն ֆինանսական օգուտները, որոնք կլինեին Հայաստանից Վրաստան որեւէ ապրանք արտահանելու արդյունքում: Սա էլ է, իհարկե, կարեւոր, բայց երկրորդական-երրորդական հարց է: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Մինչեւ անցած տարվա մայիս Վրաստանը Հայաստանից էլէներգիա էր գնում: Վերջին տարիներին մեր հյուսիսային հարեւանը հատկապես ձմռան ամիսներին միշտ էլ մեզնից էլէներգիա էր գնում: Սա առաջին անգամն է, որ Վրաստանը հրաժարվեց Հայաստանից էլէներգիա գնելու մտադրությունից: Իսկ իր համար անհրաժեշտ էլէներգիան Վրաստանը ձեռք է բերելու Ադրբեջանից: Սա նշանակում է, որ Հայաստանը Վրաստանի համար այլեւս էներգետիկ գործընկեր չէ: Եթե ասենք, որ սա անակնկալ է, սխալված կլինենք: Եթե իրավիճակին հետահայաց նայենք, ապա կարելի է պնդել, որ սա անխուսափելի էր` վաղ թե ուշ հենց այսպես էլ պետք է լիներ: Դանդաղ, բայց խիստ հաստատուն քայլերով Հայաստանը գնում է մի ճանապարհով, որի վերջում լիակատար մեկուսացումն է` երբ մենք կախված կլինենք բոլորից, բայց մեզնից ոչ ոք կախում չի ունենա: Իսկ սա արդեն նշանակում է անկախության, ինքնիշխանության կորուստ: Ամենատխուրն այն է, որ հայկական էլէներգիայից Վրաստանի հրաժարվելը ամենեւին էլ Հայաստանի դեմ կազմակերպված միջազգային դավադրություն չէ, այլ բնական գործընթաց՝ իր բոլորովին օբյեկտիվ պատճառներով: Վրացիները մեր էլէներգիան չեն գնում, որովհետեւ այն թանկ է: Թե կոնկրետ ինչ գնի մասին է խոսքը, համարվում է առեւտրային գաղտնիք: Հայաստանից Վրաստան էլէներգիայի արտահանումը վերջին տարիներին իրականացնում էր «Հայռուսգազարդ» ընկերությունը, որտեղից մեզ հայտնեցին, որ արտահանման էլէներգիայի գինը բարձրացել է մոտ երկու անգամ: Հայտնի է, որ, օրինակ, անցած եւ նախանցած տարիներին Վրաստանը մեր էլէներգիան գնել է 2,5-ից 2,9 ցենտով: Այլ կերպ ասած, եթե հիմա Վրաստանը ցանկանար էլէներգիա գնել, ապա դրա գինը կկազմեր մինչեւ 5 ցենտ: Սա չափազանց բարձր գին է, եւ, բնականաբար, Վրաստանը նախընտրելու է Ադրբեջանին, որը Վրաստանից փող չի ուզում, այլ պայմանավորվել է, որ ամռանն էլ Վրաստանը էլէներգիա կմատակարարի Ադրբեջանին, այսինքն՝ կիրականացվեն փոխհոսքեր: Իսկ սա արդեն նշանակում է, որ այդ հարաբերությունները կդառնան, մեղմ ասած, երկարատեւ, ու մեր արտադրած էլէներգիան մենք կպահենք մեզ մոտ ու թթու կդնենք, քանի որ միայն Վրաստանն էր մեզնից էլէներգիա գնում փողով (Իրանի հետ մենք աշխատում ենք փոխհոսքերի սկզբունքով): Սա գազի թանկացման հետեւանքն է: Խնդիրն այն է, որ «ՙՀրազդան ՋԷԿ» —ը գազի գնի սուբսիդիա ստանում է միայն ներքին սպառմանը նախատեսված էլէներգիա արտադրելու համար, իսկ արտահանման ենթակա էլէներգիա արտադրելու համար որեւէ սուբսիդիա չի ստանում: Բայց պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը Ռուսաստանից գնած գազի դիմաց վճարում է ընդամենը 110 եւ ոչ թե 230 դոլար, ու այդ պարագայում մեզ մոտ արտադրված էլէներգիան արդեն իսկ մրցունակ չէ: Կարելի է ենթադրել, թե ինչ կկատարվի մեզ հետ 2008-ից հետո, երբ գազը Ռուսաստանը մեզ կվաճառի, ասենք, 180 կամ 230 դոլարով: Եւ այս վիճակում է մեր ամբողջ տնտեսությունը, որը պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վագրաձեւ թռիչքներով է զարգանում: Մեր էլէներգիայից հրաժարվելու Վրաստանի որոշումը ընդամենը մի էպիզոդ է մեր երկրի հեռանկարում, եւ առաջիկայում մենք պարբերաբար ականատեսն ենք լինելու նման իրավիճակների: Եւ սա բոլորովին էլ պայմանավորված չէ մեր աշխարհագրական դիրքով, ռելիեֆով, կլիմայով, մթնոլորտային ճնշմամբ: Սա ընդամենը հետեւանք է մեր երկրի վարած թե՜ արտաքին, թե՜ ներքին քաղաքականության: Եթե մեր երկրի ներկայիս իշխանությունները ներքին համոզմունք ունեն, որ հայ-ադրբեջանական հակամարտությանը լուծում չտալու դեպքում ժամանակը աշխատում է մեր օգտին, եթե ինքնասիրահարված կեցվածքով պնդում են, թե մենք ամենահզոր բանակն ունենք, եթե համոզված են, որ իշխանությունը պետք է ձեւավորվի տուկի թել բաժանելով, եթե համոզված են, որ հանրաքվեներն ու ընտրությունները լկտիաբար կեղծելով, պոպուլիզմով, հեռուստաեթերի տոտալ վերահսկմամբ կարելի է ուժեղ ու մրցունակ պետություն կառուցել, ապա մեր վերջը տխուր է լինելու:

Հեղինակ: Հայկ Գևորգյան

Աղբյուր: «Հայկական ժամանակ»