Հայաստանը պետք է պատասխան տա Բաքու-Ջեյհանին

«Այն պարագայում, երբ Թուրքիան, Ադրբեջանը, մի շարք արեւմտյան նավթային ընկերություններ եւ նրանց ծրագրերին նպաստող Վրաստանը ջանքեր են գործադրում Հայաստանը մեկուսացնել բոլոր տեսակի միջազգային կոմունիկացիոն համակարգերից, մենք պետք է ողջունենք եւ խրախուսենք արտասահմանյան կապիտալի եւ հզորագույն ընկերությունների մասնակցությունը մեր տնտեսությանը ընդհանրապես եւ կոմունիկացիաների զարգացմանը՝ հատկապես», — այսպես մեկնաբանեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը Իրան-Հայաստան գազատարի շահագործմանը ռուսական կողմի մասնակցության մտադրությունը, որը այս օրերին մեծ իրարանման առիթ է դարձել:

«Հայաստանի միակ պատասխանը Բաքու-Ջեյհանի կողմից ստեղծված իրավիճակին իրանական գազի, իսկ ապագայում եւ նավթի տարանցիկ փոխադրումն է մեր տարածքով: Ես կարծում եմ, որ Իրան-Ռուսաստան գազատարը պետք է շարունակվի Վրաստանով դեպի Ռուսաստան, եւ այդտեղից գազը արտահանվի Եվրոպա: Պետք է ստեղծել հայ-ռուս-իրանական կոնսորցիում՝ այդ խոշոր աշխարհաքաղաքական էներգետիկ ծրագրի թե շինարարական, թե շահագործման փուլերը իրագործելու համար: Ըստ էության, այդպիսի կոնսորցիումի հայ-ռուսական մասը արդեն ստեղծված է եւ հաջողությամբ աշխատում է՝ դա „ՀայՌուսգազարդն“ է», — նշեց Հ. Բաբուխանյանը:

«Իրան-Հայաստան-Ռուսաստան-Եվրոպա ծրագրի իրականացման դեպքում ոչ միայն մեր երկրի բյուջեն կստանա շատ լուրջ համալրում, այլեւ Հայաստանը լրացուցիչ կշիռ կստանա աշխարհաքաղաքական առումով, ինչը այսօր այնքան անհրաժեշտ է մեր երկրին: Ի դեպ, այսօր ստեղծվել է նպաստող իրավիճակ այդ ծրագրի լոբբինգի համար, դա եւ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի փակումն է, եւ Ադրբեջանի ռուսական գազից հրաժարումն է, եւ Վրաստանի գազային խնդիրները»: Հ. Բաբուխանյանը նշեց, որ համաշխարհային հզորագույն ընկերություններին ներգրավելով մեր երկրի էներգետիկ սեկտորում՝ Հայաստանը հնարավորություն ունի դառնալու տարածաշրջանի էներգետիկ կենտրոն՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

Ըստ ՍԻՄ-ի նախագահի, վերոհիշյալ մոտեցումը արտահայտվելու է կուսակցության նախընտրական ծրագրում:

Աղբյուր: «Իրավունք»