Իրանական գազը այսօր Հայաստանին պետք չէ՞

Իրանական գազը այսօր Հայաստանին պետք չէ՞

Դեռ անցած ամսվա սկզբներին ակնհայտ էր դառնում, որ կամաց-կամաց վերստին ուշադրության կենտրոնում է հայտնվում Իրան-Հայաստան գազատարը: Բանն այն է, որ, ըստ տարբեր աղբյուրների հայտարարությունների, դեկտեմբերի վերջերին, ավելի կոնկրետ՝ ամսի 20-ին, պետք է պաշտոնապես գործարկվեր այդ գազամուղը, սակայն մինչ այդ նախ զգուշավոր եւ ապա ավելի հստակ հայտարարություններ հնչեցին, որ այդ միջոցառումը տեղի կունենա մի քանի ամիս ուշ:

Նախ ընթերցողին հիշեցնենք, որ Իրան-Հայաստան գազատարի կառուցման հետ կապված վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվեց 2004-ին: Այդ ժամանակաշրջանում նախատեսվում էր գազատարը կառուցել մոտ 2,5 տարվա ընթացքում, այսինքն, սպասվում է, որ այն շահագործման կհանձնվի առնվազն այս տարվա երկրորդ կիսամյակում: Սակայն կառուցման ընթացքում պարզվեց, որ շինարարության տեմպերը շատ ավելի արագ էին, քան սպասվում էր ի սկզբանե, ուստի եւ անցած տարվա կեսերին սկսեցին կարծիքներ հնչել, որ գազատարը շահագործման կհանձնվի տարեվերջին: Այդ ժամկետը ֆիքսվեց նաեւ, երբ անցած տարվա վերջին ամիսներին Իրան այցելեց ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Ընդ որում, այդ այցելության ընթացքում էլ իրանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց պաշտոնյաների հայտարարությունները, խոսում էին տարեվերջին շինարարությունը վերջնականապես ավարտելու եւ փորձարկման աշխատանքների անցնելու մասին: Ընդ որում, հաշված օրեր առաջ եւս պրն Օսկանյանը մոտավորապես նույն կերպ բացատրեց գազատարի շահագործման ձգձգումը, այսինքն, շինարարությունն ավարտվել է եւ պետք է դեռեւս կատարվեն փորձարկման աշխատանքներ:

Իհարկե, այնպիսի կառույցի համար, ինչպիսին է Հայաստանի համար այլընտրանքային համարվող գազատարը, մի քանի ամսով ուշ շահագործումը ամենեւին էլ էական խնդիր չի կարող դառնալ: Մյուս կողմից էլ հիշենք, որ անցած տարեվերջին, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ Վրաստանին հունվարի 1-ից սկսած 1000 խմ գազը վաճառելու է ոչ թե 110, այլ 235 դոլարով, տեսականորեն վտանգ առաջացավ, որ Վրաստանն էլ որպես պատասխան կարող է իր տարածքով Հայաստան տարանցվող գազի հետ կապված ինչ-որ քայլեր ձեռնարկել ու այդպիսով ընդհուպ մինչեւ Հայաստանին զրկել գազ ստանալու հնարավորությունից: Նման երեւույթի նախադեպ կար. դեռ անցած տարի Ուկրաինան խոչընդոտներ առաջացրեց ռուսական գազը իր տարածքով Եվրոպա տեղափոխելու հարցում, իսկ այս տարի էլ նման ճգնաժամ առաջացավ բելառուսական ուղղությամբ նավթի տարածման հետ կապված: Այսինքն, գոնե տեսականորեն հնարավոր էր, որ Հայաստանը եւս խնդիրներ ունենա: Սակայն արդեն դեկտեմբերի կեսերից սկսած ակնհայտ դարձավ, որ այդ տարբերակը Հայաստանի պարագայում չի գործի, այսինքն, հունվարի 1-ից Հայաստանի գազամատակարարման հետ կապված էական խնդիրներ չէին սպասվում ու տեղի չունեցան: Ուստի եւ, հատկապես դեկտեմբերի 20-ին Իրան-Հայաստան գազատարը անպայմանորեն գործարկելու հարցը, այսպես ասած, կենսական նշանակություն չուներ, եւ այդ տեսանկյունից, անկեղծ ասած, անհասկանալի է, թե ինչու մինչ օրս էլ գազամուղի շահագործման ժամկետի խնդիրը շարունակում է մնալ ամենատարբեր քննարկումների ու անգամ քննադատությունների առարկա: Մի խոսքով, գազատարի շահագործման հետ կապված պատմությունն այնքան էլ չէր սրվում, քանի դեռ այդ ծրագրի իրանական կողմի պատասխանատու Մոհամմադ Ռեզա Լորզադեն հայտարարեց, թե Իրանը ցանկացած պահի պատրաստ է գազ մատակարարելու Հայաստանին, մինչդեռ հայկական կողմը դեռեւս չի ցանկանում այն ստանալ եւ առաջարկել է մատակարարման ժամկետների շուրջ բանակցություններ սկսել մարտի վերջերին: Ի պատասխան դրան հնչեց Հայաստանի էներգետիկայի նախարարության պարզաբանումը. «Հայաստանը այս պահին գազի լրացուցիչ ծավալի կարիք չունի»:

Բնականաբար, այս հայտարարություններն էին, որ Իրան-Հայաստան գազատարի հետ կապված բավական նոր իրավիճակ են սկսում ձեւավորել: Բայց նախ կրկին հարկավոր է վերադառնալ գազատարի կառուցման պայմանագրին, համաձայն որի, նախատեսվում էր իրանական գազը ոչ թե վաճառել Հայաստանին, այլ փոխանակել էլեկտրաէներգիայով՝ 1 խմ գազի դիմաց 3 կՎտժ էլեկտրաէներգիա սկզբունքով: Այսինքն, եթե անգամ դեկտեմբերի վերջից Հայաստանը սկսեր գազ ստանալ, ապա այն մեր երկրի գազի պահանջարկի վրա էական փոփոխություն պարզապես չպետք է առաջացներ: Մինչդեռ, երբ էներգետիկայի նախարարությունը խոսում է գազի լրացուցիչ ծավալների մասին, ապա ստացվում է, որ իրանական գազը եւս պետք է ներառվեր մեր գազի ընդհանուր համակարգում, ինչն առնվազն տարօրինակ կարելի է համարել ներկայումս: Բացի այդ, երբ էներգետիկայի նախարարությունը խոսում էր լրացուցիչ ծավալներից, ապա այդ հայտարարությունը ուղղակիորեն ցույց է տալիս, որ այսօր հայկական կողմը պատրաստ չէ 1 խմ գազի դիմաց վերադարձնել 3 կՎտժ էլեկտրաէներգիա, քանի որ, ըստ մասնագետների, ներկայումս գործող կայաններում, այսինքն, Հրազդանի ՋԷԿ-ում անհնար է այդ պահանջներին համապատասխանող արտադրություն կազմակերպել: Այսինքն, եթե հաշվի առնենք նաեւ այն կորուստները, որոնք անխուսափելիորեն կառաջանան էլեկտրաէներգիան գոնե մինչեւ Իրանի սահման հասցնելը, ապա մասնագիտական հաշվարկների համաձայն, Հայաստանը այդ գործարքից եկամուտ ստանալու փոխարեն դեռ պետք է իր հաշվին էլեկտրաէներգիա մատակարարի վերոհիշյալ բանաձեւի համապատասխան չափով էլեկտրաէներգիա վերադարձնելու համար: Բացի այդ, չմոռանանք, որ անգամ մեր ներքին շուկայում 1 կՎտժ էլեկտրաէներգիայի մանրածախ արժեքը 25 դրամ է (արտահանման պարագայում էլեկտրաէներգիայի մեծածախ գինը շատ ավելի փոքր է, եթե չենք սխալվում՝ մոտ 15 դրամ), ուստի եւ, ստացվում է, որ 1 խմ գազի դիմաց 3 կՎտժ բանաձեւի պարագայում Հայաստանի վրա այդ 1 խմ գազը կնստի մոտավորապես 45–50 դրամ, այսինքն, որոշակիորեն կգերազանցի այդ նույն ծավալի գազի համար ներկայումս վճարվող գինը: Իսկ եթե ավելացվեն նաեւ կորուստները, ապա որեւէ պարագայում ներկայումս նման փոխանակումը տնտեսապես չի կարող Հայաստանի համար ձեռնտու լինել:

Ի սկզբանե նախատեսվում էր նաեւ, որ փոխանակման վերոհիշյալ սկզբունքը երկկողմ շահավետությամբ կգործի, եթե արդիականացվի Երեւանի ՋԷԿ-ը, որտեղի աշխատանքները դեռեւս ընթանում են: Ընդ որում, գազատարի կառուցման պայմանագրի ստորագրումից մոտավորապես 2 տարի անց պարզ դարձավ, որ Երեւանի ՋԷԿ-ից բացի, այդ փոխանակման գործընթացում կարող է ներառվել նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որը հայտնի «Գույք գազի դիմաց» գործարքի շրջանակներում ռուսական ՙԳազպրոմի՚ կողմից ձեռք բերվելուց հետո, ինչպես հայտնի է, փոխանցվեց «ՀայՌուսգազարդի» հաշվեկշռին, եւ սպասվում է, որ էներգաբլոկի կառուցման եւ արդիականացման աշխատանքները հավանաբար 2008-ի ընթացքում ավարտվելուց հետո մեզ մոտ ի հայտ կգա գերժամանակակից 440 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ: Ընդ որում, այդ նոր էներգաբլոկի շնորհիվ եւս Հայաստանը հնարավորություն ունենա լիարժեքորեն օգտվելու Իրան-Հայաստան գազատարի հնարավորություններից, որի թողունակությունը, ինչպես հայտնի է, իր առավելագույն չափերին կհասնի 2019 թ., հնարավորություն տալով դրանով տարեկան տեղափոխելու 2,3 մլրդ խմ գազ, այսինքն, զգալիորեն ավելի շատ, քան ներկայումս սպառում է Հայաստանը:

Ստացվում է, որ առանց տվյալ արտադրող օբյեկտների իրանական գազը ներկայումս Հայաստանում իրոք պետք չէ, եթե, իհարկե, չառաջանան արտակարգ իրավիճակներ, մասնավորապես, Հայաստանը չզրկվի ռուսական գազ ստանալու հնարավորությունից: Ուստի եւ գազամուղի շահագործման հետաձգումը այդ նույն տնտեսական տեսանկյունից Հայաստանի համար պարզապես անհրաժեշտություն է եւ շահագործման հետ կապված բանակցությունները մինչեւ մարտ հետաձգելու հայկական կողմի առաջարկը, ըստ մեր տվյալների, պայմանավորված է միայն Երեւանի ՋԷԿ-ի աշխատանքները ավարտին հասցնելու ծրագրերով: Այս պարագայում իրոք արդեն անհասկանալի է դառնում այն աղմուկ-աղաղակը, որն առաջացել է Հայաստանում գազատարի շահագործման ձգձգման պատճառով: Դա այն դեպքում, երբ, ըստ նորմալ տրամաբանության, նման ձգձգումը շատ ավելի վնասում է իրանական կողմին, որին, բնականաբար, այս պահին տնտեսապես ձեռնտու է ինչպես 1 խմ գազը 3 կՎտժ էլեկտրաէներգիայով փոխարինելու տարբերակը, այնպես էլ գազամուղի շահագործման գործնականում կովկասյան տարածաշրջան մուտք գործելու հնարավորությունը, ինչը տվյալ պարագայում, կարծում ենք, որ մեր հարավային հարեւանի համար շատ ավելի կարեւոր է, քան կիլովատերից ու խորանարդներից ակնկալվող շահույթները: Աղմուկի հավանական պատճառներից, կարծում ենք, որ կարող է դառնալ Իրան-Հայաստան գազատարի, ավելի կոնկրետ՝ դրա Մեղրի-Քաջարան հատվածի կառավարման կամ սեփականատիրոջ հարցը, այսինքն, դրան անմիջականորեն կամ գոնե միջնորդավորված ձեւով տեր դառնալու ՙԳազպրոմի՚ ծրագրերը: Ստացվում է, որ խնդիրը կրկին մնում է ոչ թե զուտ տնտեսական, այլ ավելի շատ քաղաքական դաշտում, ինչին կանդրադառնանք մեր առաջիկա համարում:

Հեղինակ: Քերոբ Սարգսյան

Աղբյուր: «Իրավունք» թերթ