22 փետրվարի 2007

«Գազպրոմը» կավելացնի իր մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում» մինչև 80 տոկոսի

Ինչպես տեղեկանում ենք «Ռեգնում» լրատվական գործակալությունից, ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է ավելացնել իր մասնաբաժինը հայ-ռուսական «Հայռուսգազարդ» ընկերությունում՝ ներկայիս 57 տոկոսից հասցնելով մինչեւ 80 տոկոսի: Հաղորդվում է, որ ռուսաստանյան հսկան իր մասնաբաժնի ավելացումն իրականացնելու է ոչ թե մյուս բաժնետերերի (Հայաստանի կառավարության եւ ՙԻտեռա՚ ընկերության) բաժնեմասի ձեռքբերման, այլ ՙՀայռուսգազարդի՚ կողմից թողարկվելիք բաժնետոմսերի լրացուցիչ փաթեթի գնման միջոցով: Մեկ այլ լրատվական գործակալության՝ «Արմինֆոյի» թղթակցին ՙԳազպրոմի՚ մամլո քարտուղար Սերգեյ Կուպրիանովը ասել է, որ Հայաստանում Իրանի հետ սահմանի մոտ նավթավերամշակման գործարանի կառուցումը «միանգամայն կենսունակ նախագիծ է»: Դա, ըստ նրա, հնարավորություն կտա բավարարել ինչպես Հայաստանի ներքին շուկայի պահանջարկը, այնպես էլ նավթամթերքներ մատակարարել Իրան: Միաժամանակ «Գազպրոմի» ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ընթանում է այդ նախագծի հաշվարկման եւ գնահատման փուլը:

Աղբյուր: «Ազգ» թերթ

LiveJournal Share Button