5 փետրվարի 2008

Օշականն ու Ոսկեվազը գազ ստացան

ՎԱՌՎԵՑ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՋԱՀԸ

Արագածոտնի մարզի ամենախոշոր գյուղական համայնքը՝ Օշականը, նոր տարվա սկիզբը նշեց համայնքի համար առաջնային նշանակություն ունեցող խնդրի լուծմամբ. մի քանի օր առաջ ավարտվեցին գյուղի գազաֆիկացման հիմնական աշխատանքները, իսկ երկու օր առաջ տեղի ունեցավ գազաթողարկումը։ Գյուղում վառվեց գազի խորհրդանշական ջահը։ Դա նշանակում է, որ 1450 տնտեսություն ունեցող համայնքում արդեն գազ կա, իսկ մնացած շինմոնտաժային աշխատանքները՝ մայրուղային ցանցից հեռու գտնվող հատվածներում գազաբաշխիչ ցանցի մոնտաժը եւ ներտնային ցանցի անցկացումը, կկատարվեն առաջիկայում։ «Գլխավորը կատարված է, կարեւորն այն է, որ գազը մտավ գյուղ, մնացածը հեշտ է»,-ասում էին գյուղի բնակիչները։ Նրանք ասացին նաեւ, որ գազաբաշխիչ ցանցի հեռու գտնվող, փակուղային հատվածների կառուցման համար վարչապետ Սերժ Սարգսյանը պետական աջակցություն է խոստացել, քանի որ բնակիչների ուժերով դա անելը խիստ դժվար է։

Համայնքի գազաֆիկացման աշխատանքները սկսվել են անցյալ տարվա սեպտեմբերին։ Դրանք ֆինանսավորվել են պետբյուջեի եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության միջոցներով։

Նույն կերպ գազաֆիկացվել է նաեւ 1000 տնտեսություն ունեցող Ոսկեվազ համայնքը։ Այստեղ դեռեւս խորհրդային տարիներին կառուցված է եղել գազաբաշխիչ ցանցի մի մասը, որի շնորհիվ մնացած աշխատանքներն ավարտվել են ավելի կարճ ժամանակամիջոցում։ Օշականում եւ Ոսկեվազում գազաթողարկմանը մասնակցած էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց. «Աղքատության հաղթահարման ռազմավարության գլխավոր խնդիրներից մեկը գազաֆիկացումն է, այսինքն՝ ավելի էժան վառելիքից օգտվելու հնարավորություն ստեղծելը բոլոր համայնքներում։ Այս, ինչպես նաեւ Ոսկեհատ եւ Ագարակ համայնքների գազաֆիկացումը կատարվել է այդ ռազմավարության շրջանակում»։

Վերջին տարիներին գազաֆիկացման բնագավառում կատարված աշխատանքների ծավալը, ըստ նախարարի, տպավորիչ է։ «Հինգ տարի առաջ ամբողջ հանրապետությունում ունեինք ընդամենը 80 հազար բաժանորդ, իսկ այսօր այդ թիվը հասել է 500 հազարի, շուրջ այդքան էլ պոտենցիալ բաժանորդ ունենք։ Աշխատանքները շարունակվում են, եւ շուտով գազ սպառող բաժանորդների թիվը կհասնի էլեկտրաէներգիա սպառողների թվին»,-ասաց նա։

Արմեն Մովսիսյանը նշեց, որ տնտեսապես արդյունավետ համայնքներում «ՀայՌուսգազարդ» ընկերությունն արդեն գազաֆիկացումը հասցրել է ավարտին, մնացած, տնտեսապես ոչ արդյունավետ համայնքներում գազաֆիկացումը կատարվելու է այլ դոնորների ներդրումներով, քանի որ շահույթ հետապնդող «ՀայՌուսգազարդ»-ը չի կարող դա անել։ «Այս համայնքներին օգնել է պետք, որպեսզի բիզնեսի առումով դրանցում գազաֆիկացումը գրավիչ դառնա»,-ասաց նախարարը։

Հարցին, թե 2008-ին հնարավո՞ր է, որ բարձրանա գազի գինը, Արմեն Մովսիսյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Գազի սակագնի բարձրացում սպասվում է այն ժամանակ, երբ բարձրանում է ներկրվող գազի գինը։ Այս պահին նման խնդիր չունենք»։

Հեղինակ: Պետրոս Սարուխանյան

Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ

LiveJournal Share Button