«ՀայՌուսգազարդը» 3 տարում կներդնի 45 մլրդ դրամ

Այս տարի գազի սակագների բարձրացում չի լինի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց «Հայռուսգազարդի» ներկայացրած 2008–2010 թվականների ներդրումային ծրագիրը: Այդ տարիներին ընկերությունը նախատեսում է ներդնել 45 մլրդ դրամ (կամ 147 մլն դոլար):

Ներկայացնելով ներդրումային ծրագիրը, «Հայռուսգազարդի» ներդրումների զարգացման վարչության պետ Աշոտ Հակոբյանը նշեց, որ վերոնշյալ տարիներին նախատեսվում է լուծել երկու կարեւոր խնդիր՝ ավարտել Իրան-Հայաստան գազատարի Քաջարան-Արարատ հատվածը եւ բազմաբնակարան շենքերում գազի ազդանշանային համակարգի տեղադրումը: Փաստորեն, գազատրանսպորտային համակարգում ներդրվելիք 25 մլրդ դրամից ամենամեծ գումարները (19 մլրդ դրամ) ուղղվելու են Քաջարան-Արարատ հատվածի շինարարությանը: 2,6 մլրդ դրամ է նախատեսված նաեւ Աբովյանի գազապահեստարանի ընդլայնման եւ արդիականացման համար:

Նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը անդրադառնալով «Հայռուսգազարդի» ծրագրին, նշել է, որ էներգետիկ անվտանգության ապահովման հարցերը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն:

«Սպասվո՞ւմ է արդյոք այս տարի գազի սակագների բարձրացում» հարցի առնչությամբ «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը լրագրողներին ասաց, որ այս տարի ընկերությունը չի դիմի հանձնաժողովին գազի սակագների բարձրացման առաջարկով:

Աղբյուր: «Ազգ» թերթ