«Գազի սակագները հայաստանի համար լինելու են լավագույնը»

Վստահեցնում է վարչապետ Տիգրան Սարգսյանը


Երեկ ԳԱԱ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

—Պրն վարչապետ, ե՞րբ կներկայացնեք կառավարության ծրագիրն Ազգային ժողովին։

—Հուսով ենք՝ հաջորդ շաբաթ։

—Հաշվի առնելով կառավարության կառուցվածքային փոփոխությունները՝ փոփոխություններ կլինե՞ն նախորդ կառավարության ծրագրից։

—Կարծում եմ՝ ամենակարեւորը՝ հասարակության ուշադրությունը պետք է հրավիրել այն գերակայություններին, որոնք կան կառավարության ծրագրում, եւ այն առաջնահերթ խնդիրներին, որոնք առաջ են քաշվել հանրապետության նախագահի կողմից եւ արդեն իսկ արժանացել են Ազգային ժողովի հավանությանը նախորդ ծրագրով։ Դրանք հավակնոտ ծրագրեր են, եւ որպեսզի մենք կարողանանք մեր ծրագրերն իրականացնել, մեզ անհրաժեշտ է համախմբել մեր ժողովրդին այդ ծրագրերի շուրջ։ Ժողովուրդը պետք է հավատա, որ այդ ծրագրերն իրատեսական են, եւ մենք կարող ենք միասին իրականացնել դրանք։ Փորձելու ենք այս մեկ տարվա կտրվածքով արդիականացնել ծրագիրը, ներառել այն դրույթները, որոնք նախկինում ներառված չէին, եւ, բնականաբար, դուրս կմնան այն դրույթները, որոնք արդեն կատարվել են այս տարվա ընթացքում։ Բնականաբար, հաշվի առնելով ձեր նշած փոփոխությունները, որ եղել են կառավարության կազմում, կհստակեցվեն մեր գործառույթները։

—Նախորդ շաբաթ «Կոմերսանտ» թերթի հրապարակումներից մեկի համաձայն՝ ռուսական «Գազպրոմ»-ը մտադիր է Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրացնել մինչեւ 165 դոլար 1000 խմ-ի համար։ Հայաստանն արդեն այդ փոփոխությունների մասին տեղեկացվե՞լ է, եւ ի՞նչ քայլեր եք նախատեսում ձեռնարկել։

—Դուք գիտեք, որ «Գազպրոմ»-ի ղեկավարը՝ պարոն Միլլերը, ժամանելու է Հայաստան մայիսին, եւ պլանավորված են բանակցություններ։ Մենք պետք է միջնաժամկետ ծրագրի շրջանակներում համաձայնության գանք մոտակա երեք տարիների ընթացքում գազի սակագների վերաբերյալ։ Բայց մի բանում մենք համոզված ենք, որ գազի սակագները լինելու են Հայաստանի համար լավագույնը, ինչը կարող է իր գործընկերներին առաջարկել «Գազպրոմը»։

Ընդհանրապես, ամբողջ աշխարհում հիմա գների բարձրացում է տեղի ունենում, որը լուրջ խնդիրներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ համաշխարհային տնտեսությունում։ Միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը մշակելիս պետք է հաշվի առնենք, որ գների բարձրացումը մոտակա տարիներին անխուսափելիորեն կանդրադառնա մեր տնտեսական համակարգի վրա։ Մենք պետք է հաշվի առնենք նաեւ այդ օբյեկտիվ գործոնն այնպիսի միջոցառումներ պլանավորելու համար, որ քաղաքացիների սոցիալական բեռը չմեծանա եւ առաջին հերթին՝ անապահով խավերի համար, երկրորդ, որպեսզի տնտեսական համակարգը չկորցնի իր մրցունակությունը։ Դա նշանակում է, որ մենք պետք է գները համադրենք մեր հարեւան եւ մրցակից երկրների գների մակարդակի հետ, եւ այդ առումով մեր մրցակցային առավելությունը գների աճը կլինի. գների աճի տեմպը չի լինի ավելի բարձր, քան մեր մրցակից երկրներում։

—Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու մայիսի 1-ից հետո գազի սակագնի թանկացման հետեւանքով առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման ազդեցությունը մեղմելու համար։

—Խոսակցություններն արդեն խթանում են գների բարձրացումը, քանի որ գները բարձրանում են ելնելով տնտեսավարող սուբյեկտների եւ քաղաքացիների սպասումներից։ Ես չէի ցանկանա, որ դուք խթանեիք նման սպասումները, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում գնաճային ճնշումներն ավելի մեծ չեն, քան աշխարհում, այլ հակառակը՝ մեզ մոտ գնաճի տեմպն այլ երկրների հետ համադրելիս միշտ էլ ավելի ցածր է եղել։ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող հաշվետվություններում եւ տարածաշրջանային ուսումնասիրություններում մշտապես արձանագրվել է, որ գների աճը Հայաստանում գտնվում է ամենացածր մակարդակի վրա, եւ կարծում եմ, որ սա շարունակվելու է։ 

Հեղինակ: Օֆելյա Կամավոսյան

Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ