Բնական գազից օգտվելու հնարավորություն է ընձեռված 236 438 տնտեսության

Երեւանում դեռեւս 2002 թվականից գազաֆիկացմանն ուղղված ինտենսիվ աշխատանքների արդյունքում այսօր արդեն բնական գազից օգտվելու հնարավորություն է տրված 236 438 տնտեսության, որոնցից 201 673-ն արդեն գազի փաստացի բաժանորդ են։ Այս թիվը գերազանցում է ԽՍՀՄ տարիների ցուցանիշը, երբ Երեւանում բնական գազի բաժանորդ էր 201 395 տնտեսություն։ Երեկ հրավիրած ասուլիսում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Երեւան գազ» մասնաճյուղի տնօրեն Վարդան Հարությունյանը, ներկայացնելով նախորդ տարիներին իրականացված աշխատանքների արդյունքը, նշեց, որ 2002-ից Երեւանում գազաֆիկացման աշխատանքների իրականացմանը «ՀայՌուսգազարդ»-ը ներդրել է շուրջ 7,5 մլրդ դրամ, այդ թվում՝ 506, 9 մլն-ը՝ 2007 թ.։ Այս տարի նախատեսվում է ներդնել եւս 135 մլն դրամ։ Երեւանում գազաբաշխման համակարգի գործող վթարային գազատարների վերատեղադրման եւ հիմնանորոգման աշխատանքների կատարման նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008–2012 թթ. ներդրումային ծրագրով նախատեսված է իրականացնել 5 մլրդ 840,5 մլն դրամի ներդրում, որից 118,8 մլն՝ այս տարի։ Տասնվեց հարկանի շենքերի գազաֆիկացման աշխատանքներն իրականացնելու համար արդեն ձեւավորվել է աշխատանքային խումբ։ Մոտ ապագայում այդ խնդրին նույնպես լուծում կտրվի։


Վ. Հարությունյանն անցած ձմռանը տեղի ունեցած՝ գազամատակարարման ռեժիմի խախտման դեպքերի համար հայցեց բնակչության ներողամտությունը՝ հավատացնելով, որ հաջորդ ձմռանը նման դեպքեր այլեւս չեն կրկնվի։ Երեւանի գազամատակարարման ռեժիմների բարելավման նպատակով «ՀայՌուսգազարդ»-ն այս տարի կկատարի 961,5 մլն դրամի ներդրում։

Այն, որ հատկապես ձմռան ամիսներին գազաֆիկացման աշխատանքները բաժանորդի դիմումն ստանալուց հետո իրականացվել են սահմանված ժամկետից ուշացումով, «Երեւան գազ»-ի տնօրենը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Ձմռան ամիսներին հերթեր էին գոյացել, քանի որ աշխատանքների ծավալը մեծ էր, իսկ ընկերությունը չուներ համապատասխան աշխատուժ։ Այսօր նման խնդիր այլեւս չկա. յուրաքանչյուր դիմող ավելի արագ է գազաֆիկացնում իր բնակարանը, քան նախատեսված է ընթացակարգով»։

Վ. Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ ընդունված որոշման համաձայն՝ բոլոր գազաֆիկացված բնակարաններում առաջիկա տարիներին պետք է տեղադրվեն ազդանշանային սարքեր եւ գազի անջատիչ փականներ։ Այդ ուղղությամբ մշակվել է գործողությունների ծրագիր։ Դրանք կտեղադրվեն «ՀայՌուսգազարդ»-ի միջոցներով։ Աշխարհի ոչ մի երկրում նման աշխատանքներ դեռեւս չեն իրականացվել։

Անդրադառնալով գազի սպասարկման գրասենյակների շենքային պայմաններին՝ «Երեւան գազ»-ի տնօրենը փաստեց, որ այսօր դրանք անմխիթար վիճակում են եւ բնակչությանը լիարժեք չեն սպասարկում։ Հարցին լուծում տալու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ «ՀայՌուսգազարդ»-ին են փոխանցվել կաթսայատներ, որոնք մոտ ապագայում կվերածվեն գազի ծառայության ժամանակակից գրասենյակների։

Վ. Հարությունյանի հավաստմամբ՝ այսօր արդեն փոխվել է բնակիչների վերաբերմունքը գազաֆիկացման աշխատանքների հանդեպ։ «Նախկինում բնակիչներն ինքնաշեն վառարաններ էին օգտագործում, չէին համագործակցում գազի ծառայությունների հետ։ Այսօր վիճակը համեմատաբար լավ է, սակայն չլուծված խնդիրներ դեռեւս կան»,-նշեց նա։

Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ