Մեկնարկեց «ՀայՌուսգազարդի» պարտատոմսերի երկրորդ թողարկումը

«Ազգ»

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵՑ

Բաց բաժնետիրական ընկերություն դառնալը «Հայռուսգազարդի» համար իրատեսական է թվում «Հայռուսգազարդ» ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2-րդ թողարկման շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ ընկերությունում, ներկա էին տնտեսական ոլորտը ներկայացնող նախարարներ, բանկերի ներկայացուցիչներ, գործարարներ: Բացելով շնորհանդեսը, «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նախ ներկայացրեց ընկերության գործունեության որոշ ցուցանիշներ եւ հեռանկարներ: Համաձայն դրանց, «Հայռուսգազարդը» 900 մլն դոլար կանոնադիր կապիտալ ունեցող ընկերություն է, մինչեւ տարեվերջ ընկերության կանոնադիր կապիտալը կկազմի 1 մլրդ 150 մլն դոլար, իսկ շուկայական կապիտալիզացիան՝ 1,5 — 2 մլրդ դոլար:

Անցած 2 տարում «Հայռուսգազարդը» կատարել է 110 մլն դոլարի ներդրում, իսկ հաջորդ երկու տարիների համար նախատեսվում են 700 մլն դոլարի ներդրումներ: Դրանք ուղղված են Իրան-Հայաստան գազամուղի շինարարության շարունակությանը, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վերակառուցմանը, ստորգետնյա գազապահեստարանի հզորությունների մեծացմանը, յուրաքանչյուր բաժանորդի տանը տեղադրվող անվտանգության անջատիչների տեղադրմանը եւ այլն: Գլխավոր տնօրենի հավաստմամբ, այս տարի մոտ 20 մլն դոլար կներդրվի ռեժիմների ճնշումների ապահովման համար, հետագայում կկառուցվեն կոմպրեսորային կայաններ: Այսինքն, ըստ Կարեն Կարապետյանի, ներդրումների հիմնական մասն ուղղված է երկրի էներգետիկ անվտանգության եւ բաժանորդների որակյալ գազամատակարարման ապահովմանը: «Տարածաշրջանում „Հայռուսգազարդն“ իր ուրույն տեղն ունի եւ հետագայում շատ ավելի մեծ կշիռ կունենա էներգետիկ համագործակցության ոլորտում», իր ելույթն այսպես եզրափակեց գլխավոր տնօրենը: Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն իր հերթին ողջունեց «Հայռուսգազարդի» պարտատոմսերի թողարկումը, ասելով, որ այս պահին ընկերությունը ԿԲ-ից տրվող ամենաբարձր վարկանիշն ունի եւ նրա թողարկած պարտատոմսերն էլ ամենաշրջանառվող պարտատոմսերն են:

«Հայռուսգազարդի» պարտատոմսերի 2-րդ թողարկումն առավել հանգամանալից ներկայացրեց ընկերության ֆինանսական գծով փոխտնօրեն Վահագն Առաքելյանը: Նա մասնավորապես տեղեկացրեց, որ այս թողարկման գումարը, ինչպես եւ նախորդ թողարկմանը, ուղղված է գազաֆիկացման ավելացմանը: Անցյալ տարի դրանից ստացված գումարով 76 հազար նոր բաժանորդ է ավելացել, իսկ այս տարի նախատեսվում է եւս 70 հազար նոր բաժանորդ ավելացնել: Ըստ ընկերության փոխտնօրենի, այս անգամ թողարկվելու է 20 հազար պարտատոմս՝ 1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով եւ 50 հազար դրամ 1 պարտատոմսի արժեքով: Շրջանառության ժամկետն է 3 տարի, տարեկան եկամտաբերությանը՝ 9,5 տոկոս: Սակայն ընկերությունը մտադիր է պարտատոմսերը տեղաբաշխել զեղչ գնով, որի արդյունքում տարեկան եկամտաբերությունը կկազմի 10 տոկոս:

Ըստ Վահագն Առաքելյանի, այս տարի նպատակ կա թողարկելու 5 մլրդ դրամի պարտատոմսեր, որից 1 մլրդ դրամն արդեն թողարկվեց, իսկ 4 մլրդ դրամը նախատեսվում է թողարկել ռուսական շուկայում: Ռուսական ֆինանսական շուկայում ի հայտ եկած խնդիրները որոշ ժամանակով հետաձգեցին այդ թողարկումը: «Հայռուսգազարդի» ներկայացուցիչը նշեց, որ հայկական կապիտալի շուկան ունի որոշ սահմանափակումներ, որը հնարավոր է հաղթահարել միայն ինստիտուցիոնալ ներդնողներով: Իսկ այդպիսիք կլինեն կենսաթոշակային բարեփոխումների իրագործման դեպքում: «Հայռուսգազարդը» իրատեսական է համարում, որ առաջիկայում կարող է դառնալ բաց բաժնետիրական ընկերություն, իսկ նրա բաժնետոմսերը դառնան ազատ շրջանառվող՝ Հայաստանի ֆոնդային բորսայում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» ՀԱՎԱԿՆՈՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ «ՀայՌուսգազարդը» թողարկեց կորպորատիվ պարտատոմսերի երկրորդ փաթեթը՝ 1 մլրդ դրամ ծավալով

ՀՀ կենտրոնական բանկը հունիսին գրանցել է «ՀայՌուսգազարդ» ընկերության կորպորատիվ պարտատոմսերի երկրորդ թողարկումը՝ 1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ Պարտատոմսերի թողարկման պաշտոնական մեկնարկը տրվեց երեկ՝ ընկերության կենտրոնական գրասենյակում։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, ԿԲ խորհրդի անդամներ, այլք։ Կարեն Կարապետյանն իր ելույթում նշեց, որ ընկերությունն արդեն այսօր ունի 900 մլն դոլար կանոնադիր կապիտալ, իսկ մինչեւ տարեվերջ այն կկազմի 1 մլրդ 150 մլն դոլար։ Ընկերության շուկայական կապիտալիզացիան կկազմի 1,5 —2 մլրդ դոլար։

«Մինչ այսօր զուտ գազապահովման համակարգում մենք կատարել ենք ներդրում 110 մլն դոլարի չափով, մոտակա 2 տարում ներդրումը կկազմի ավելի քան 700 մլն դոլար. դրա մեջ են մտնում Իրան-Հայաստան գազամուղի շարունակությունը, 5-րդ բլոկի վերակառուցումը, ստորգետնյա պահեստարանի հզորությունների մեծացումը, յուրաքանչյուր բաժանորդի տանը տեղադրվող անվտանգության անջատիչների տեղադրումը։ Միայն այս տարի մոտ 20 մլն դոլարի ներդրում է կատարվել գազամատակարարման ճնշումների ապահովման համար, հետագայում նախատեսում ենք կառուցել կոմպրեսային կայաններ, ինչի արդյունքում մենք կլինենք մաքսիմալ հուսալի եւ կախված չենք լինի հարեւան տրանզիտոր երկրներից»,-նշեց Կ. Կարապետյանը։ Ընկերության ղեկավարը նշեց, որ ներդրումների հիմնական մասն ուղղված է երկրի էներգետիկ անվտանգությանը եւ բաժանորդներին որակյալ գազամատակարարման ապահովմանը։ Չնայած ծախսվող գումարները բիզնես ուղղվածություն ունեն, դրանք ուղղված են անմիջապես շուկայի մեծացմանը, ոչ թե լրացուցիչ եկամուտների ստացմանը. «Կարծում եմ, մեր թիմի անդամները կատարում են լուրջ աշխատանք։ Տարածաշրջանում „ՀայՌուսգազարդն“ իր ուրույն տեղն ունի եւ հետագայում շատ ավելի մեծ կշիռ կունենա ռեգիոնալ էներգետիկ համագործակցության ոլորտում»։

Վաչե Գաբրիելյանը նկատեց, որ «ՀայՌուսգազարդ»-ը այս պահին Հայաստանի կորպորատիվ թողարկողներից խոշորագույնն է։ Մեր վարկանիշային կարգով շնորհել ենք մեր կողմից այս պահին տրամադրվող ամենաբարձր «B» վարկանիշը, այս արժեթուղթը ամենաշատ շրջանառվող պարտատոմսն է։ Բորսայական շրջանառության կորպորատիվ արժեթղթերի 16 տոկոս բոլոր գործառույթները դրանով են կատարվում, իսկ ընդհանրուր շրջանառության կորպորատիվ շրջանառության արժեթղթերի 23 տոկոսը»։ Թողարկված 1 պարտատոմսի անվանական արժեքը 50 հազար դրամ է, շրջանառության ժամկետը՝ 3 տարի, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 9.5 տոկոս։ Պարտատոմսերը տեղաբաշխվելու են զեղչով կամ անվանական արժեքից ցածր գնով, ինչի արդյունքում ներդրողների պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կկազմի 10 տոկոս։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմսվիսբանկ»-ը՝ տեղաբաշխողների խումբ կազմելով «Արմենբրոք» ընկերության եւ «Արցախ» բանկի հետ։ Արժեթղթերի 2-րդ թողարկումն իրականացվում է որպես շարունակություն արժեթղթերի շուկայում «ՀայՌուսգազարդ»-ի կողմից արդեն իսկ իրականացվող ակտիվ գործունեության։ Մոտ ապագայում ընկերությունը նախատեսում է իրականացնել պարտատոմսերի թողարկում նաեւ Հայաստանից դուրս՝ Ռուսաստանի Դաշնությունում։

Պարտատոմսերի առաջին թողարկումը «ՀայՌուսգազարդ»-ն իրականացրել է ուղիղ մեկ տարի առաջ՝ նպատակ ունենալով շուկայից ներգրավված միջոցներն ուղղել ներդրումային ծրագրերին, մասնավորապես, պոտենցիալ բաժանորդների համար գազաֆիկացման ապահովմանը։ Ընկերության կողմից 1-ին անգամ թողարկված 1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով միջնաժամկետ կորպորատիվ պարտատոմսերի հաջող տեղաբաշխումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել շուկայում, եւ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը գերազանցել էր պարտատոմսերի թողարկման ծավալը։ Առաջին թողարկման պարտատոմսերի շրջանառության ժամկետը եղել է 18 ամիս, 1 պարտատոմսի անվանական արժեքը 10 հազար դրամ էր՝ 9 տոկոս տարեկան եկամտաբերությամբ։ Ընկերության պարտատոմսերի հիմնական ներդրողները առեւտրային բանկերն էին, որոնք ձեռք էին բերել թողարկման ծավալի 60 տոկոսից ավելին։ Ներդրումներ էին կատարել նաեւ արժեթղթերի շուկայում ծառայություններ մատուցող մեծ թվով վարկային, առեւտրային, ապահովագրական ընկերություններ ու կազմակերպություններ, ֆիզիկական անձինք։

2007թ. սեպտեմբերին ընկերության պարտատոմսերը գրանցվել եւ ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, այսինքն՝ ներդրողներին հնարավորություն էր ընձեռվել այդ պարտատոմսերում առեւտուր իրականացնել կարգավորված շուկայում՝ դրանք ընդունելով որպես բարձր իրացվելի եւ վստահելի ֆինանսական գործիքներ։ Ցուցակումից ի վեր Հայաստանի ֆոնդային բորսայում «ՀայՌուսգազարդ»-ի պարտատոմսերով իրականացվել է շուրջ 600 մլն դրամի առեւտուր։

Ընկերությունն ունի բավականին հավակնոտ ներդրումային ծրագրեր, որոնք կապված են ոչ միայն հիմնական գործունեության հետ, այլեւ միտված են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հզոր բազմապրոֆիլ էներգետիկ կոնցեռնի վերածելուն։ Ի դեպ, վերջին 5 տարիներին ընկերության կողմից համակարգում կատարված փաստացի ներդրումները կազմում են ավելի քան 110 մլն դոլար, իսկ առաջիկա 2 տարում դրանք նախատեսված են մոտ 700 մլն դոլար։ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն իր գործունեության ֆինանսավորման նպատակով օգտվում է ոչ միայն սեփական, այլեւ փոխառու միջոցներից, մասնավորապես, արժեթղթերի շուկայի պարտքային գործիքների միջոցով ներգրավվող ֆինանսական միջոցներից։ Կապիտալի շուկայի լիարժեք ձեւավորմանն ու զարգացմանն են ուղղված նաեւ կենսաթոշակային համակարգի բարեփոխումները, որոնք էապես կխթանեն ինստիտուցիոնալ ներդրողների գործունեությունը շուկայում՝ նպաստելով կապիտալիզացիայի մեծացմանը։ Այն իր հերթին լրացուցիչ ֆինանսական հնարավորություն կարող է դառնալ ընկերության ներդրումային ծրագրերում միջոցներ ներգրավելու եւ համակարգում սոցիալական ուղղվածության նախագծեր իրականացնելու համար։ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կարող են ազատ շրջանառելի դառնալ Հայաստանի ֆոնդային բորսայում։

Հ. Գ. Հաջորդ տարվանից Հայաստանում գազի սակագների բարձրացման մասին հարցին Կ. Կարապետյանը պատասխանեց, որ մտահոգության առիթ չկա, քանի որ բարձրացումը լինելու է շատ պայմանական։

Հեղինակ: Արման Գասպարյան

Աղբյուր: Հայաստանյան մամուլի տեսություն