20 սեպտեմբերի 2008

Ֆուտբոլային մրցաշարը դառնում է ավանդական

Արդեն երկրորդ տարին է, ինչ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը նախաձեռնում է ընկերական ֆուտբոլային մրցաշար լավագույն թիմերի միջեւ։ Մրցաշարի մեկնարկը կայացավ երեկ՝ Աբովյան քաղաքի մարզադաշտում։


Այս տարի մրցաշարին մասնակցություն է ունենալու նաեւ «Գազ դե Ֆրանս» ընկերությունը, որը մրցելու է «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի ֆուտբոլային թիմի հետ։ Մրցաշարն ընթանալու է չորս խմբերի միջեւ։ Երեկ մրցման դուրս եկան առաջին երկու թիմերը՝ «ՀայՌուսգազարդ»-ը եւ «Գազպրոմբանկ»-ը։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ եւ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի համոզմամբ, ֆուտբոլն այսօր ամենատեսարժան մարզաձեւերից մեկն է, եւ ընկերության կորպորատիվ մշակույթում այն ուժեղ միասնական գործոն է։ Քանի որ այս ընկերական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպման գաղափարը դրական արձագանք է ստացել ընկերության գործընկերների շրջանում, ուստի Կարեն Կարապետյանը կարծում է, որ նախորդ մրցաշարն իրականում եղել է բավական հետաքրքիր։

«Այս մարզաձեւի կազմակերպումը գազային ընկերությունների միջեւ դարձել է շատ հայտնի։ Ֆուտբոլն ընկերություններին հաղորդում է մարզաձեւի զարգացում եւ ոչ պաշտոնական միջավայր մեր ընկերների հետ շփվելու համար»,-ասաց Կարեն Կարապետյանը՝ հուսալով, որ մրցաշարի շրջանակներում ստեղծված շփումները օրեցօր կամրապնդվեն եւ նոր ազդակներ կհաղորդեն իրենց ընկերությունների բարենպաստ զարգացմանը։

Նշենք, որ լավագույնը ճանաչված թիմերը կարժանան առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի մրցանակների՝ պարգեւատրվելով ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով։

Խաղն ավարտվեց «ՀայՌուսգազարդի» հաղթանակով՝ 2։1։

Հավելենք նաեւ, որ երեկ մրցաշարի հանդիսատեսների միջեւ կայացավ նաեւ վիճակահանություն, որտեղ խաղարկվում էին հեռուստացույց, DVD ձայնագրիչ եւ բջջային հեռախոս։

Հեղինակ: Լուսինե Նազարյան

Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ

LiveJournal Share Button