13 փետրվարի 2009

Խթանելով քաղաքական մրցավազքը

Ավարտելով Իրանից գազատարի կառուցումը, Հայաստանը ձեռք է բերել այլընտրանքային հնարավորություններ, իսկ այլ կառավարություններ ուշադրությամբ հետևում են, թե ինչպես է երկիրը վերածվում Կովկասում էներգետիկ հարթակի:

Իրանից Հայաստան գազ ներկրելու վաղուց արված առաջարկը սակավաթիվ աջակիցներ էր ունեցել: Ավելին, Իրանի գաղափարը, թե գազատարը կարող է շարունակվել դեպի Եվրոպա, երկու երկրի սահմաններից դուրս ընդունվել է ոչ մեծ ոգևորությամբ: Ռուսաստանին, մասնավորապես «Գազպրոմ»-ին չէր գոհացրել հնարավոր մրցակցությունը: Բուշի վարկակազմի ղեկավարած Միացյալ Նահանգները նույնպես չէր ողջունել այդ նախաձեռնությունը, քանի որ դա կարող էր նպաստել Իսլամական Հանրապետության մեկուսացման նվազեցմանը:
Այնուամենայնիվ, մինչ Եվրոպան անցած տարեվերջին պատրաստվում էր Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարումների հնարավոր դադարեցմանը, բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Իրանից ու «Գազպրոմ»-ից հավաքվել էին Արարատի մոտակայքում, որտեղ տեղի էր ունեցել Պարսից ծոցում և հարակից շրջաններում գտնվող իրանական գազի հսկա հանքավայերին միացված գազատարի բացման հանդիսավոր արարողությունը:
Իրանից ձգվող գազատարի վերջին 200 կիլոմետրանոց հատվածն արդեն միացված է Հայաստանի ազգային գազատրանսպորտային համակարգին և, ինչպես նշել է Էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը, խողովակաշարով տարեկան կարող է մղվել 2.5 միլիարդ խորանարդ մետր «երկնագույն վառելիք»:
Ամենայն հավանականությամբ, գազի մատակարարումները չեն սկսվելու մինչև հաջորդ տարի: Այդ ժամանակ, հավանաբար, չի իրագործվի նաև գազատարով Եվրոպա վառելիք փոխադրելու նախագիծը, որը մի քանի տարի առաջ առաջարկել էր Իրանը և սկզբունքնորեն սատարել Հայաստանը:
Գործող խողովակաշարով փոխադրվող գազը հիմնականում օգտագործվելու է էլեկտրաէներգիայի արտադրության համար` Իրան ու հարևան այլ երկրներ արտահանելու նապատակով: Ինչևէ, աշխարհում գազի պաշարներով երկրորդ տեղը զբաղեցնող տերության հանքավայրերին միացված գազատրանսպորտային համակարգի կառուցումը Մերձավոր Արևելքում, չնայած գրեթե բոլոր կողմերի հակազդեցությանը, հնարավոր է դարձել տարածաշրջանի էներգետիկ և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի շնորհիվ:
Հաշվի առնելով այն, որ «Գազպրոմ»-ը, հունվարին կարճ ժամանակով դադարեցնելով Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը, Եվրոպային նորից հիշեցրեց, որ եվրոպական երկրները կախված են ռուսական գազից, Եվրամիությունը կարող է շուտով վերանայել Իրանից վառելիք ներկրելու շուրջ կոշտ դիրքորոշումը: Այդ դեպքում գազը կարող է փոխադրվել կամ նախագծվող «Նաբուկկո» գազատարով, կամ էլ Իրանի կողմից հովանավորած, Թուրքիայի տարածքով անցնող խողովակաշարով: Իրանի նկատմամբ ավելի մեղմ դիրքորոշում ունեցող ամերիկյան նոր վարչակազմն էլ կարող է նպաստել, որպեսզի Եվրոպան ավելի շուտ վերանայի դիրքորոշումը:
Հայաստանը կարող է դառնալ Եվրոպական էներգետիկ քարտեզի հատված, կառուցելով ևս մեկ ավելի խոշոր տրամագծով գազատար վերջերս ստեղծված խողովակաշարին զուգահեռ, որը կուղղվի դեպի Վրաստան, անուհետև Սև ծովի հատակով Ուկրաինա: Հայաստանցի պաշտոնյաներն ասում են, որ սա հրատապ հարց չէ, սակայն ավելի վաղ վստահեցրել էին Իրանին, որը Երևանին առաջարկել էր Եվրոպա գազի տարանցման գաղափարը, որ քաղաքական խոչընդոտներ չեն լինելու: Սիմոնյանի խոսքով, ներկայում օրակարգում է այն հարցը, որ իրանական գազն օգտագործվելու է արտահանման նպատակով էլեկտրաէներգիա արտադրելու համար: Այնուամենայնիվ, երկրորդ գազատարի (չի բացառվում նաև երրորդը) կառուցումը ներկայում կարող է ավելի դյուրին իրականացվել, քանի որ կա լեռնային շրջաններով անցնող մայրուղին: Իրանը վաղուց է դիտարկում Հայաստանն իբրև այլընտրանքային հարթակ Եվրոպա գազի փոխադրման ճանապարհին, քանի որ Հայաստանն ունի ավելի շատ քաղաքական առավելություններ և ավելի հարմար է տարածքային առումով, քան Թուրքիան: 1990-ական թվականների սկզբին, հայ-ադրբեջանական պատերազմի ճգնաժամային պահերին իրանական էլեկտրաէներգիայի և մթերքի մատակարարումները կենսական նշանակություն էին ունեցել Հայաստանի համար: Այդ մատակարումներն իրականացվել էին չնայած Իրանում ապրող, բնակչության մեկ երրորդը կազմող, քաղաքական ու զինվորական ղեկավարությունում ներկայացված էթնիկ ադրբեջանցիների հակազդեցությանը: Շրջափակված Հայաստանի համար իսկապես կաևոր է եղել Իրանի միջոցով կապն արտաքին աշխարհի հետ, միաժամանակ անհրաժեշտ էր զգուշավոր դիրքորոշում դրսևորել Իսլամական Հանրապետության հետ շփումների հարցում, քանի որ դա կարող էր առաջացնել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դժգոհությունը, որոնց համար Իրանը տարածաշրջանային էներգետիկ մրցակից է: Իհարկե, Հայաստանի իշխանությունները բացահայտ չեն խոստովանի, թե ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ խնդիրներ ունեն Իրանի պատճառով: Սակայն, այն փաստը, որ Հայաստանը երկար ժամանակ անց է համաձայնվել գազատարը կառուցել, որն այլընտրանք է Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումներին, անկասկած վկայում է, որ Երևանը գործում է չափազանց զգուշավոր: Իրանից Հայաստան խողովակաշար կառուցելու առաջարկը քննարկվում էր շուրջ մեկ տասնամյակ: Վերջապես, իրանական կողմն ինքնուրույն ֆինանսավորեց գազատարի` Թավրիզի- Մեղրի 100 կիլոմետրանոց հատվածը, ինչպես նաև աջակցեց Մեղրիից Քաջարան 41 կիլոմետրանոց հատվածի կառուցմանը: Դեպի Քաջարան գազատարի կառուցումն ավարտվել էր շուրջ երեք տարի առաջ, սակայն խողովակաշարը չէր օգտագործվել` չնայած Քաջարանից դեպի Երևանի մոտակայք խոհրդային ժամանակաշրջանի գազամուղի առկայությանը: Սիմոնյանի խոսքով, կանխիկ վճարումների համակարգը կենսունակ չէր: Սակայն, երբ երկու տարի առաջ համաձայնեցվեց «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բանաձևը, հնարավոր դարձավ նաև նախագծի իրականացումը: Հայաստանում և երկրից դուրս համոզմունքն այն էր, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը դժգոհություն են հայտնել գազատարի կառուցման կապակցությամբ: Մասնավորապես, կարծիք է եղել, որ «Գազպրոմ»-ը, որը Վրաստանի տարածքով ապահովում է Հայաստանի գազի պահանջարկի ամբողջ ծավալը, արդյունավետ արգելափակել է այլընտրանքային գազատարի ցանացած նախագիծ: Կասկածներն ուժեղացել էին երկու տարի առաջ, երբ Հայաստանը «Գազպրոմ»-ին թույլ տվեց ձեռք բերել երկրի գազաբաշխիչ ընկերության` «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը և վերջապես մեկնարկեց գազատարի Քաջարան-Արարատ հատվածի կառուցումը: Շատերի համար Ռուսաստանի կողմից Իրան-Հայաստան գազատարի վերահսկումը նշանակում էր, որ դա է գինը, որը Հայաստանը վճարել է ռուսական կողմի թույլտվությունը ստանալու համար: Երևանում լուրեր էին պտտվում, որ «Գազպրոմ»-ը թույլ է տվել կառուցել ընդամենը 720 մմ տրամագծով գազատար, որպեսզի կասեցնի Եվրոպա գազ արտահանելու նպատակով հարթակ ստեղծելու հայ-իրանական հնարավոր հավակնությունները: Ասեկոսեները փարատել է Սիմոնյանը, հայտարարելով, որ 720 մմ տրամագիծը թելադրված էր նախագծի ֆինանսավորմամբ: «Անիմաստ է կառուցել մեծ գազատար, որի հզորությունն ամբողջությամբ չի օգտագործվելու», —ասել է նա, ավելացնելով, որ անհրաժեշտության դեպքում հետագայում կարող է կառուցվել երկրորդ գազատարը: Նա նաև նշել է, որ, համենայնդեպս, Թավրիզի ճնշակայանից սկիզբ առնող գազատարի տրամագիծն էլ այդքան մեծ չէ: Որոշ ժամանակ Հայաստանն Իրանին մատակարարել է էլեկտրաէներգիա` Մեղրի-Քաջարան հատվածի կառուցման ընթացքում կուտակված 30 միլիոն դոլարի պարտքը մարելու նպատակով: Գազ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքը չի իրականացվելու մինչև հաջորդ տարի:

Справка

UPSTREAM-ը Նորվեգիայի NHST մեդիա-խմբի կողմից հրատարակվող շաբաթաթերթ է, որը թղթակցական կետեր և ներկայացուցչություններ ունի աշխարհի հիմնական գործարար կենտրոններում, այդ թվում Լոնդոնում, Սինգապուրում և Դուբայում: Թերթի վաճառքն իրականցվում է շուրջ 100 պետություններում: NHST մեդիա-խումբը զբաղվում է գործարար, ֆինանսական և առևտրի ոլորտներին վերաբերող մամուլի հրատարակչությամբ:

Հեղինակ: Վահե Պետրոսյան

Աղբյուր: UPSTREAM, Գազի և նավթի ոլորտի միջազգային պարբերական

LiveJournal Share Button