«Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը արդիականացվում է

Այն նախատեսվում է փորձարկել 2010 թթ. կեսերին

Շարունակվում են «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարական եւ արդիականացման աշխատանքները, որոնք սկսելու եւ ավարտին հասցնելու պարտավորությունները «ՀայՌուսգազարդ» ընկերությունը ստանձնել էր դեռեւս 2006թ., ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրի համաձայն։ Նախագծի ներդրումային փուլով նախատեսվում էր էներգաբլոկը համալրել գազային տուրբիններով, ինչը հնարավորություն կտա ժամանակակից շոգեգազային տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ բլոկի տեղադրված հզորությունը հասցնել 48 մՎտ-ի եւ ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա արտադրել։
Երեկ «Հրազդան» ՋԷԿ-ում լրագրողների հետ հանդիպմանը 5-րդ էներգաբլոկի շինարարական աշխատանքների տնօրինության ղեկավար Կարեն Սարգսյանը հիշեցրեց, որ դեռեւս խորհրդային տարիներին է սկսվել 5-րդ էներգաբլոկի կառուցումը, ինչը հնարավոր չի եղել տարիների ընթացքում ավարտին հասցնել։ Այնուհետեւ խնդիր է դրվել էներգաբլոկի կառուցումը շարունակել ամենաժամանակակից տեխնոլոգիաներով, որը թույլ կտա ապահովել բարձր տնտեսական արդյունք, քանի որ նախ ցածր է լինելու էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը։ Գազի սակավ քանակի օգտագործման շնորհիվ տեսակարար ծախսը 1 կվ/տ ժամ էլեկտրաէներգիայի արտադրության համար շոշափելի նվազելու է։ Բացի այդ, էներգաբլոկի կառուցումն ու շահագործումը մեր երկրի համար կարեւորվելու են նաեւ այն տեսանկյունից, որ շրջակա միջավայր արտանետումները համեմատաբար հասցվելու են նվազագույնի։ «Մենք կստանանք էներգաբլոկ, որը կլինի շատ մրցունակ իր արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքով, ուստի բլոկի պարապուրդի մատնվելու հետ կապված ոչ մի վտանգ չենք տեսնում, քանի որ այդ էներգիան մրցակից չէ շուկայում։ Այս տեխնոլոգիաների կիրառմամբ լուծեցինք երկու խնդիր՝ շրջակա միջավայրի պահպանության եւ արդյունավետ արտադրանքի ապահովման։ Բլոկում տեղադրված հզորությունը հասցվել է 480 մՎտ-ի՝ նախկինում նախագծված տեխնիկատնտեսական հաշվարկային հզորության 460 մՎտ-ի փոխարեն»,-նշեց նա։ Ակնկալվում է տարեկան արտադրել 3,3–3,5 մլրդ ժամ էլեկտրաէներգիա։ 1 կՎ/ժամ էլեկտրաէներգիա արտադրելու համար անհրաժեշտ գազի չափաքանակը կպակասի մոտ 30 տոկոսով։
Ինչ վերաբերում է շինարարական աշխատանքների ընթացքին, գրեթե ավարտվել են բլոկի ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները։ Բացառությամբ հետմոնտաժային փորձարկումների, ավարտվել են շուրջ 15 կմ երկարությամբ սնող գազատարի եւ շուրջ 13 կմ երկարությամբ տեխնիկական ջրամատակարարման խողովակաշարի աշխատանքները, ինչպես նաեւ 6 կմ երկարությամբ մոտեցնող երկաթգծի նորոգման-վերականգնողական աշխատանքները։ Ավարտին է հասցվել նաեւ «Հրազդան —5»-ի կաթսաագրեգատի վերակառուցման համար անհրաժեշտ, նախադեպը չունեցող նախագծային-կոնստրուկտորական փաստաթղթերի մշակումը, եւ համաձայնեցվել են նաեւ դրա առաքման տեխնիկական պայմանները։ Այս տարվա հիմնական աշխատանքները ուղղված են լինելու կաթսայի եւ շոգետուրբինի մոնտաժմանը, ինչպես նաեւ գազատուրբինի մոնտաժմանն ու առաքմանը։
Ըստ հաստատված ժամանակացույցի, հիմնական շինարարական մոնտաժային աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2010 թթ. օգոստոսի կեսերին, որին հաջորդելու է արդեն էներգաբլոկի փորձնական համալիր թողարկումը։ Որքանո՞վ է շինարարական ընկերությանը հաջողվելու աշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամանակահատվածում, Կ. Սարգսյանը պատասխանեց. «Հայտարարված ժամկետները մենք պահպանում ենք վստահ ենք, որ, բացառությամբ արտառոց դեպքերի, սահմանված ժամկետում բլոկը կթողարկվի, եւ սահմանված դիրեկտիվ ժամկետներում կհասնենք 480 Մվտ հզորությամբ բլոկի փորձնական շահագործման աշխատանքներին»:
Նախագծի նախնական բյուջեն կազմում է 180 մլն դոլար, որը մնալու է անփոփոխ, անկախ միջազգային ճգնաժամի հետեւանքներից։ Սարքավորումներ ձեռք բերելու համար արդեն իրացվել է գումարի շուրջ 50 տոկոսը։ Ընկերության այս տարվա նախատեսված կատարողականը կկազմի շուրջ 95 մլն դոլար։ Կ. Սարգսյանը համոզված է, որ մինչեւ տարեվերջ այդ արդյունքը կապահովվի. «Մեր նախագիծը մնացել է անփոփոխ, եւ այն շարունակում է ֆինանսավորվել։ Մենք այսօր ունենք կայուն ֆինանսավորում, աշխատանքները շարունակվում են ամբողջ ծավալով։ Հուսով ենք, որ բոլոր տեխնիկական եւ նախագծային լուծումները, որոնք նախատեսել էինք բլոկի շրջանակներում՝ կիրականացվեն»:
Էներգետիկայի ոլորտում լինելով ժամանակակից եւ խոշորագույն շինարարական օբյեկտ, «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը կարեւորագույն դերակատարում կունենա ոչ միայն մեր երկրում, այլեւ ողջ տարածաշրջանում՝ արտադրելով էժան ինքնարժեքով էլեկտրաէներգիա։

Հեղինակ: Լուսինե Նազարյան

Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ