21 հոկտեմբերի 2009

Գազի շուկայական գներին անցնելու ժամանակը

Գազամատակարարման համակարգի զարգացման հեռանկարներ, գազատրանսպորտային ցանցի շահագործում, անվտանգության ապահովում, բնական, հեղուկ գազի մատակարարման խնդիրներ, գազամատակարարման ոլորտի տեխնոլոգիական զարգացում, նոր տեխնոլոգիաների ներդրում և այլն: Այս հարցերն են քննարկվում Գազամատակարար տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի նիստում, որը երեկ մեկնարկել է Երևանում: Նշենք, որ այդ կառույցը ստեղծվել է 20 տարի առաջ` միավորելով ոչ միայն նախկին ԽՍՀՄ, այլև նախկին սոց երկրները: Երևանյան նիստին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Էստոնիայից, Լիտվայից, Գերմանիայից, Չեխիայից, Ֆինլանդիայից և Մոլդովայից: «Մեր քննարկումները արդյունավետ կլինեն և առարկայական, քանի որ դրամցից բացի, ճգնաժամի ազդեցության, դրա հաղթահարման ուղղությամբ անելիքների մասին փորձի փոխանակում է լինելու», —բացելով նիստը` ասել է «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Ըստ նրա ռուսական կողմի հետ նախնական համաձայնությամբ, 1000 մետր երկնագույն վառելիքը Հայաստանին կվաճառվի 180 դոլարով: Նշենք, որ ՌԴ հետ նախկինում կնքված պայմանագրով, այդ ցուցանիշը պետք է 200 դոլար լիներ:«Մենք ներկայում գազի գնի շուրջ բանակցում ենք „Գազպրոմի“ հետ` ակնկալելով, որ հաջորդ տարվա ապրիլից այն Հայաստան կմատակարարվի 180 դոլարով: Սակայն Մեծամորի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության հարցը այս ենթատեքստում որևէ կերպ չի քննարկվում», —ասել է «ՀայՌուսգազարդի» գործադիր տնօրենը: Նշենք, որ ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, ռուսական կողմը գազի գների վերանայման համար որպես նախապայման էր առաջրկել ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության իրավունքը: Կ. Կարապետյանի խոսքով, բանակցությունները շարունակվում են, մասնագետները հետևում են համաշխարհային շուկայում գազի և նավթի գների փոփոխություններին, սակայն Հայաստանի գազամատակարար կազմակերպությունը իր հաջորդ տարվա ռազմավարությունը մշակում է` հիմք ընդունելով 1000 խորանարդ մետր գազի` 180 դոլար սակագինը: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստան մատակարարվող գազի սակագինը այլ երկրների համեմատ միշտ էլ ցածր է եղել և գազի բարձր գնից անհիմն բողոքներն արդեն գլխացավանք են առաջացնում: «Ժամանակն է, որ անցում կատարենք տնտեսագիտական կատեգորիաներին», — ասել է նա` նկատի ունենալով անցումը երկնագույն վառելիքի գնագոյացման շուկայական մեխանիզմներին:«Վերջին 12 տարիներին Հայաստանը պետք է նախապատրաստվեր շուկայական հարաբերություններին անցմանը, սակայն նույնիսկ շուկակական մրցակցության պայմաններում հաջորդ տարի Հայաստանում կպահպանվեն մատակարարվող գազի բացառիկ գները», — ընդգծել է Կարեն Կարապետյանը: Նա անդրադարձել է նաև Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի շինարարության ընթացքին` նշելով, որ այն շահագործման կհանձնվի 2010թ հուլիսին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հետ 2006թ կնքված համաձայնագրով, «ՀայՌուսգազարդին» են փոխանցվել նշված ջերմային էլեկտրակայանի ակտիվները, փոխարենը ընկերությունը պարտավորվել է ավարտել հինգերորդ էներգաբլոկի շինարարությունը: Կարեն Կարապետյանի խոսքով, էներգաբլոկի շինարարության նպատակով գազամատակարար կազմակերպությունը կներդնի 150–170 մլն դոլար: «Դա շատ եզակի կայան է, քանի որ հին` 300ՄՎտ հզորությամբ կիսակառույց տեխնոլոգիաների կողքին կառուցվում է 480 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ և աշխատանքներ են տարվում դրանք զուգահեռաբար շահագործելու ուղղությամբ, ինչը տեխնոլոգիական նոու-հաու է», — ասել է «ՀայՌուսգազարդի» գործադիր տնօրենը: Ըստ նրա, նիստի ընթացքում այս խնդիրը ևս կքննարկվի, քանի որ մասնակից-երկրներից շատերը ունեն 300 ՄՎտ հզորությամբ հին կայաններ և դրանք նորացնելու մտադրություն:

Ինչ վերաբերում է Nabucco —ին Հայաստանի հնարավոր մասնակցությանը, ապա ինչպես նշել է «Հայռուսգազարդի» ղեկավարը, մեր հանրապետությունը եվրոպական նախագծին մասնակցելու շուրջ չի բանակցում: «Հայաստանի՝ Nabucco —ին մասնակցելու շուրջ ոչ մի խորհրդակցություն կամ քննարկում չկա», —ասել է նա: Այս համատեքստում հետաքրքիր է Ռուսաստանյան ու եվրասիական հետազոտությունների կենտրոնի (ԱՄՆ) աշխատակից Ջեֆրի Մանքոֆի վերջերս հնչած հայտարարությունը: Փորձագետի խոսքով, հաշվի առնելով, որ Եվրապան գազի նախագծի նոր ուղիներ է փնտրում, կարող է հայացքը գցել Հայաստանին՝ իբրև Վրաստանի այլընտրանք եվրոպացի սպառողների համար գազատար կառուցելու նապատակով: «Հայաստանով ճանապարհն ավելի կարճ է, հետևաբար ավելի էժան», —ընդգծել է նա: Նշվել է, որ էներգաբլոկի շինարարությունը ժամանակին ավարտելու նպատակով «ՀայՌուսգազարդը» ՀՀ կառավարությունից 40 մլն դոլարի բյուջետային վարկ է ստացել, որը կվերադարձնի առաջիկա 2–3 ամիսներին: Ներկայում ավարտված է աշխատանքների շուրջ 75 տոկոսը: Շահագործումից հետո Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը կդառնա Հարավային Կովկասում հզորագույնը` ունենալով տնտեսական բարձր արդյունավետություն և էներգիայի արտադրության համար պահանջելով նվազագույն ծախս: Դրա շահագործմամբ զգալիորեն կաճի հարևան երկրներ էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը:

Հեղինակ: Շուշանիկ Միրզոյան

Աղբյուր: «Ազատամտություն»

LiveJournal Share Button