16 փետրվարի 2010

Պետք է լուծումներ գտնել գազի սակագների բարձրացման կապակցությամբ

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկում էր նախատեսված՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից հանձնաժողով ներկայացված բնական գազի սակագների բարձրացման հայտի կապակցությամբ։


—Մենք ունենք մի քանի առաջարկություն, որոնք ներկայացնելու ենք հանձնաժողովի կարծիքն իմանալուց հետո, — մեզ հետ զրույցում ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ ԱԲԳԱՐ ԵՂՈՅԱՆԸ։

—Մեր առաջարկություններից մեկն այն է, որ նախ, սակագների բարձրացումն այնքան մեծ չլինի, որքան առաջարկվում է, եւ, բացի այդ, մինչեւ 10 000 խմ եւ դրանից ավելի մեծ ծավալի գազ օգտագործողների համար գազի սակագինը հնարավորինս հավասարաչափ բարձրանա։

Ինչպես հայտնի է, «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտով առաջարկվում է մինչեւ 10 000 խմ գազ օգտագործողների (այդ թվում՝ նաեւ բնակչության) համար սակագինը բարձրացնել ավելի քան 41%, իսկ ավելի մեծ ծավալի գազ սպառողների, այսինքն՝ ՋԷԿ-երի եւ արդյունաբերության համար՝ 25%։ Այս մոտեցումը, մեր կարծիքով նույնպես, անընդունելի է։ 

—Մենք ուզում ենք նաեւ հանձնաժողովին հերթական անգամ առաջարկել, որ սպառողների համար տարբերակված (դիֆերենցված) սակագներ կիրառվեն, որովհետեւ տարբերություն պետք է դնել սոցիալապես անապահով բնակիչների եւ այն սպառողների միջեւ, որոնք ի վիճակի են գազի դիմաց առաջիկայում բարձրացվելիք սակագնով վճարելու, — տեղեկացրեց Ա.Եղոյանը։

Նկատենք, որ գազի տարբերակված սակագների ընտրության հարցում կարող է լինել երկու մոտեցում։ Դրանցից մեկի համաձայն, ամսական, ասենք, մինչեւ 200 խմ գազ օգտագործողների համար կարող է կիրառվել X սակագին, իսկ 200 խմ-ից ավելի գազ օգտագործողների համար դրանից ավելի բարձր սակագին։ Հասկանալի է, որ նրանք, ովքեր տանն ունեն գազի երկկոնտուր կաթսաներ («Բաքսի» եւ այլն) կամ տնամերձում ջերմոցներ եւ, դրանով պայմանավորված, ավելի մեծ ծավալի գազ են օգտագործում, չնչին բացառությամբ, այն մարդիկ չեն, ովքեր սոցիալապես անապահով են։

Այնուհանդերձ տարբերակված սակագների կիրառման վերոնշյալ տարբերակը խոցելի է, որովհետեւ կարող է բախվել «ՀայՌուսգազարդի» ոչ անհիմն առարկությանը։ Այդ տարբերակի ընտրության պարագայում, նրանք, ովքեր ամսական սովորաբար, ասենք, 250 խմ գազ են օգտագործում, արհեստականորեն կարող են սահմանափակել գազի սպառումը, որպեսզի 200 խմ սահմանաչափը չգերազանցեն եւ հարկադրված չլինեն բարձր սակագնով վճարելու ոչ միայն դրանից հետո օգտագործած գազի ծավալների, այլեւ հենց այդ 200 խմ-ի դիմաց։ Նշված սահմանափակումը, հասկանալի է, չի կարող իր ազդեցությունը չունենալ գազի սպառման ծավալների եւ, բնականաբար, «ՀայՌուսգազարդի» եկամուտների կրճատման առումով։

Սակայն կա տարբերակված սակագների կիրառման երկրորդ տարբերակը, ըստ որի, յուրաքանչյուր սպառող ամսական իր օգտագործած գազի առաջին, ասենք, 200 խմ-ի դիմաց վճարում է համեմատաբար ցածր (հանձնաժողովի որոշելիք) սակագնով, իսկ 200 խմ-ն գերազանցող յուրաքանչյուր խորանարդ մետրի համար դրանից բարձր սակագնով։ Այդ դեպքում եթե գազի սպառումը 200 խմ-ն գերազանցի էլ, այդ 200 խմ-ի դիմաց գանձվելիք գումարը դրանից չի բարձրանա եւ չի կարող հանգեցնել գազի սպառման ծավալների արհեստական կրճատման։

Մեր զրուցակիցը ներկայացրեց նաեւ ՀԿ-ի հաջորդ առաջարկությունը.

—Անցած տարի, — ասաց նա, — երբ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ժամանակ մենք հաշվարկներ կատարեցինք (այն ներկայացրել ենք հանձնաժողով), պարզվեց, որ գազի թանկացումն այնքան էլ չէր ազդում էլեկտրաէներգիայի թանկացման վրա։ Մենք հաշվարկներով ցույց էինք տվել, որ գազի սակագնի բարձրացումը էլեկտրաէներգիայի 1 կիլովատտ ժամի սակագնի ընդամենը 0,2 դրամ բարձրացման էր հանգեցնում։ Այսօր էլ դա պնդում եւ հանձնաժողովին առաջարկում ենք, որ նույնիսկ գազի սակագների բարձրացման դեպքում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում չկատարվի։ Հուսով ենք, որ հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու նախաձեռնությամբ հանդես չի գա, ինչպես եղավ անցյալ տարի։ Ըստ Ա.Եղոյանի, երբ հանձնաժողովը գազի սակագների բարձրացման որոշում կայացնի, մտադիր են առաջարկել, որ կառավարությունը սուբսիդավորի «ՀայՌուսգազարդին».

—Որովհետեւ գազի թանկացումը կարող է պատճառ դառնալ հետագա այլ թանկացումների, լինել գնաստեղծ գործոն։ Հետեւաբար որքան էլ կառավարության համար դժվար լինի, հնարավորության դեպքում ավելի լավ է որոշակի սուբսիդավորում կատարել եւ թույլ չտալ տարբեր ապրանքների եւ ծառայությունների գների բարձրացում, որոնց հետեւանքների հաղթահարումը նույն պետության համար կարող է ավելի թանկ արժենալ։ Ըստ Ա©Եղոյանի, բավական շատ պատճառներ կան, որոնք հաշվի առնելով, պետք է իրենց առաջարկություններն ընդունվեն.

—Դրանց ընդունումն անհրաժեշտություն է առավել եւս հիմա, երբ շարունակվում է ֆինանսատնտեսական ճգնաժամը, որից առավելապես տուժում է հասարակության սոցիալապես անապահով խավը, իսկ պետությունը նրանց կրած վնասների, կորսված կամ չստացված եկամուտների, ծառայությունների եւ ապրանքների գնաճի դիմաց չի կարողանում փոխհատուցել։ Միայն 1 տարվա ընթացքում, Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանում մոտ 200 000-ով ավելացել է աղքատության շեմից ցածր գտնվողների թվաքանակը։

Հեղինակ: Արթուր Հովհաննիսյան

Աղբյուր: «Հայոց աշխարհ» թերթ

LiveJournal Share Button