21 ապրիլի 2010

Էներգետիկ ոլորտում գերխնդիր է ծախսերի ճիշտ կառավարումը

Այս համոզմանն են Եվրոպական գործարար կոնգրեսի մասնակիցները


Հետճգնաժամային ժամանակաշրջանում էներգետիկ ընկերություններում ֆինանսական ճիշտ կառավարումը եւ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը կարող է վերականգնել սպասվող շահույթը։ Անբարենպաստ տնտեսական իրավիճակը հատկապես կտրուկ է անդրադարձել էներգետիկ ոլորտի վրա՝ արձանագրելով արդյունաբերության գազասպառման ծավալների անկում։
Եվրոպական գործարար կոնգրեսի օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով կոմիտեի նիստը, որն անցկացվեց երեկ, նվիրված էր հենց այս խնդիրներին։ Կոմիտեի աշխատանքներին մասնակցում էին գազաէներգետիկ, ֆինանսական, բանկային եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ տարբեր երկրներից։ Հիմնական թեման, որի շուրջ մասնակիցները զեկույցներով հանդես եկան, վերաբերում էր գազաէներգետիկ ոլորտում ծախսերի կառավարման պրակտիկային եւ տնտեսական համագործակցության զարգացմանը։ Նիստի նպատակն է բիզնեսի եւ քաղաքական շրջանակների միջեւ մշտական երկխոսության ապահովումը եւ արտասահմանյան գործընկերների հետ փորձի փոխանակումը։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ Կարեն Կարապետյանը գոհունակությամբ նշեց, որ ֆինանսատնտեսական անբարենպաստ պայմաններում նույնիսկ ընկերությունը հերթական անգամ ցուցաբերել է բարձր հուսալիություն եւ կայուն զարգացում։ Սակայն այդ առաջընթացները, ըստ նրա, հնարավոր չէ իրագործել առանց բիզնես միջավայրի ակտիվ ինտեգրման։ Ընկերության արդյունավետ գործունեությունը եւ շահութաբերության ապահովումը պահանջում են համարժեք արձագանք առկա տնտեսական մարտահրավերներին։ «Այս տեսանկյունից կոմիտեի շրջանակում ակտուալ խնդիրների շուրջ բաց, վստահելի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող քննարկումների անցկացումը այն արդյունավետ գործիքն է, որը հնարավորություն է տալիս խորհրդակցության մթնոլորտում կայացնել կարեւոր գործնական որոշումներ մեր ընկերությունների առջեւ ծառացած իրավական, բանկային եւ ֆինիանսական խնդիրների վերաբերյալ»,-նշեց Կարեն Կարապետյանը։ Նրա համոզմամբ, նիստի մասնակից անդամների կուտակած փորձը դրական ազդակ կլինի առօրյա աշխատանքի համար եւ կբացի աճի նոր հեռանկարներ։

Ծախսերի ճիշտ կառավարումը ֆինանսական մուտքերի ծավալների նվազեցման պայմաններում հատկապես հետճգնաժամային այս փուլում ընկերությունների ղեկավարները անհրաժեշտ եւ արդյունավետ գործիք են համարում։ «ՀայՌուսգազարդ» ընկերության ֆինանսների եւ էկոնոմիկայի գծով տնօրենի տեղակալ Վահագն Առաքելյանի դիտարկմամբ, ճգնաժամը նոր շեշտադրումներ է անում առկա խնդիրների վրա։ Նախորդ տարի գազի իրացման եւ սպառման ծավալները նվազել են 20,3 տոկոսով, ինչը հանգեցրել է ընկերության շահութաբերության նվազեցմանը։

Ուստի ընկերությունը անհրաժեշտ է համարել վերագնահատել իրացման շուկայի կառուցվածքը, երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը, իրացվելիության կառավարման խնդիրները եւ ծախսերի օպտիմալացումը։ Ընկերության հետագա զարգացման միտումները, որոնք պայմանավորված են տեղական եւ միջազգային շուկաներում ստեղծված անբարենպաստ պայմաններով, պահանջում են վերանայել գործող մոտեցումները սակագնային քաղաքականության, իրացման շուկաների ընդլայնման եւ երկարաժամկետ ֆինանսական կառավարման ուղղությամբ։

Եկամտի գլխավոր աղբյուրը, Վահագն Առաքելյանի տեղեկացմամբ, հաջորդ տարվանից կլինի Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը։ Նրա գնահատմամբ, զուտ գազասպառման առումով ծավալների եւ եկումտների աճ չի ակնկալվում։ Միակ հուսադրողը էներգետիկ ծրագրերն են։ «Բելգազպրոմբանկ» ընկերության վարչության նախագահ Վիկտոր Բաբարենկոյի խոսքերով, հետճգնաժամային ժամանակաշրջանում, ոչ միայն կարեւոր է ռեսուրսների հայթայթումը, այլեւ դրանք տնտեսապես ճիշտ եւ արդյունավետ օգտագործելը։ Իսկ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Կրուգլովը կարեւորելով այս նիստի կազմակերպումը՝ նշեց, որ սա լավագույն առիթ է համագործակցության ծրագրեր եւ բիզնես զարգացման նախագծեր կառուցելու առումով։ Էներգետիկ քաղաքականության տեսանկյունից, ըստ նրա, բավական մեծ է «ՀայՌուսգազարդ» ընկերության դերը, հատկապես, երբ այն իրականացնում է նաեւ գազի արտահանման բաղադրիչ։

Գործարար կոնգրեսի շրջանակներում ներկայացվեցին նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերության ֆինանսատնտեսական ցուցանիշները եւ մասնակիցները հնարավորություն ունեցան մանրամասնորեն ծանոթանալ ընկերության վերջին տարիների գործունեության արդյունքների եւ 2009թ. տարեկան հաշվետվության հետ։ Մեջբերելով այդ ցուցանիշներից մի քանիսը՝ նշենք, որ, պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամով, նախորդ տարի հանրապետությունում բնական գազի մատակարարման ծավալը կրճատվել է 19,7 տոկոսով եւ կազմել է 1 մլն 809,3 խմ, իսկ սպառման ծավալը՝ 1 մլն 661,88 խմ, ինչը 2008-ի համեմատ պակաս է 20,3 տոկոսով։ Գազի սպառման ցուցանիշները նվազ են եղել նաեւ արդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում։ Իսկ բնակչության առումով գազասպառումը նվազել է 6,1 տոկոսով։

Հաշվետու տարում իրացումից հասույթը ավելացել է 7,6 մլրդ դրամով, իսկ ընկերության զուտ ակտիվները աճել են 3,2 մլրդ դրամով։ Նախորդ տարվա համեմատ զուտ շահույթի նվազումը պայմանավորված է հաշվետու տարում գազի իրացման ծավալի անկմամբ, ինչպես նաեւ 2009թ. դոլար- դրամ փոխարժեքի աճով։

Հեղինակ: Լուսինե Նազարյան

Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ

LiveJournal Share Button