Ո՞վ է ազգի ընկերը, եթե «Հայռուսգազարդը» թշնամին է

«Վաղ թե ուշ Հայաստանը գազը գնելու է միջազգային գներով։ Մեր հասարակությունում թեև գիտակցում են դրա մասին, բայց հենց այդ պահը գա, դա լինելու է ինչպես ձյունն ամռանը», — ասում է Կարեն Կարապետյանը: Ապրիլի 1-ից գազի սակագնի բարձրացումը շարունակում է մնալ հասարակական բուռն քննարկումների կիզակետում: Հնարավո՞ր էր արդյոք զսպել գազի թանկացումը, եթե այո, ապա ի՞նչ կլիներ դրա արդյունքում: Այս և այլ հարցերի պատասխանները «Կապիտալը» փորձել է ճշտել «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանից։ 


—Պրն Կարապետյան, տնտեսավարողները դժգոհում են «ՀայՌուսգազարդի» գնային քաղաքականությունից` նշելով, որ գազի բարձր գինը խոչընդոտում է տեղական արտադրանքի մրցունակությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք:

—Նախ ասեմ, որ պետք է խնդրին ճիշտ մոտենալ: Նախևառաջ՝ «ՀայՌուսգազարդը» սակագնի բարձրացումից հաճույք չի ստանում։ Եթե քաղաքացիները անհանգիստ են, ապա հավատացեք, մենք կրկնակի անհանգիստ ենք, քանի որ առկա է շուկաներ կորցնելու ռիսկ, բացի այդ` ունենք ընկերությունը կառավարելու պարտականություն։ Երկրորդ՝ Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, որոնց մատակարարը «Գազպրոմն» է, գազը էժան է։ Մենք չենք կարող այդ գնից էժան բերել։ Ես՝ որպես մասնագետ, ասում եմ, որ ավելի էժան գազ չկա և հնարավոր չէ բերել: Եթե կա, որևէ տնտեսավարող թող բերի, մենք գազը նրանից կվերցնենք կամ մեր գազաբաշխիչ ցանցը կտրամադրենք նրան։ Երրորդ՝ մեր հաշվարկներով, նույնիսկ հաշվի առնելով ներկայիս բարդ լոգիստիկ պայմանները, գազի այսօրվա գները չեն կարող ազդել մեր տնտեսավարողների մրցունակության վրա, քանի որ մեր գործարարների տարածաշրջանային մրցակիցները գազն ավելի թանկ են ձեռք բերում։ Չորրորդ՝ երբ խոսում ենք գազի և սակագների մասին, մենք մոռանում ենք մարդկանց, որոնք մինչև հիմա գազ չունեն։

Մեր առաքելությունն է հնարավորություն ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել գազից: Այդպիսի հնարավորություն արդեն տվել ենք 600 հազ. ընտանիքի։ Ի դեպ, ոչ մի երկրում գազաֆիկացումը գազային ընկերության խնդիրը չէ։ Այդ հարցերը լուծում են մունիցիպալ կամ կենտրոնական իշխանությունները, իսկ գազային ընկերությունն ընդամենը գազ է վաճառում։ Մենք ստանձնեցինք գազաֆիկացման խնդիրը, քանի որ շուկան բավական փոքր էր: Եթե մենք չստանձնեինք, մունիցիպալ իշխանությունները չէին ստանձնելու։ Եթե մենք այդ աշխատանքները չկատարեինք, այսօր գազից կարող էր օգտվել ընդամենը 100 հազ. բաժանորդ:

—Հետադարձ գնահատականով` ճի՞շտ էր արդյոք գազաֆիկացման նման ծավալներ ապահովելը, եթե այսօր կա ներդրումների վերադարձելիության խնդիր:

—Միանշանակ, ճիշտ էր։ Նայած հարցին ինչպես եք մոտենում։ «ՀայՌուսգազարդը» $750 մլն-ի ներդրում է կատարել։ Եթե մենք այդ գումարները բանկում ավանդ դնեինք, ավելի շատ գումար կաշխատեինք։ Բայց մենք ստեղծեցինք համակարգ, որը երկար տարիներ է աշխատելու։ Այստեղ նաև մեր հիմնադիրը՝ «Գազպրոմը», հարցին մոտենում է փիլիսոփայորեն` ասելով, որ եթե էներգետիկայում վերադարձելիությունը 7 տարի է, թող մեզ մոտ մի քիչ ուշ լինի, բայց անընդհատ լինի։ Միգուցե մի փոքր ամպագոռգոռ հնչի, բայց կարող եմ ասել` մեզ մոտ հավաքվել է բավական հայրենասեր թիմ։ Մեր թիմին բավական տհաճ է լսել, որ մամուլում հաճախ գրում են` ազգի թշնամի են, որ թանկացնում են գազը։ Մեր թիմը Հայաստանի անկախությունից ի վեր իրականացրել է երկու բավական լուրջ և ռազմավարական նշականություն ունեցող նախագծեր՝ Իրան-Հայաստան գազամուղը և Հրազդանի ջէկի 5-րդ էներգաբլոկը։ Ես հարցնում եմ, եթե այս թիմը, ընկերությունը, որ ամենաշատ ներդրումներն է կատարում երկրում ու ամենաշատ հարկերը վճարում, ազգի թշնամին է, ապա ո՞վ է ազգի ընկերն ու բարեկամը։

Գազի գնի բարձրացման վերաբերյալ կարող եմ բազմաթիվ փաստարկներ բերել, որ բազմիցս արդեն ասել ենք։ Պարզապես ցանկանում եմ մեկ բան նորից նշել։ Ասում են, թե 600 հազ. ընտանիքների «ՀայՌուսգազարդը» վատ վիճակի մեջ է դրել, բայց ես պնդում եմ, որ մեր ծառայությունը լավագույնն է տարածաշրջանում։ Գազի գնից խոսելիս մենք մոռանում ենք գազ չունեցողներին։ Բերեք նրանց հարցնենք` գազ չունենալով ավելի՞ լավ են ապրում, քան այս չակերտավոր վատ սակագնով։ Գազի գնի բարձրացման հայտ ներկայացնելուց հետո շուրջ 10 հազ. նոր բաժանորդ է ավելացել: Սա այն դեպքում, որ գազաֆիկացման մեծ ծավալներն արդեն ավարտել ենք։

—Կարծիք կա, որ գազի սակագինը սխալ է հաշվարկված, և այն ավելի քիչ պետք է բարձրանար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք:

—Եթե սակագինը բիզնես օրենքներով հաշվարկվեր, ապա հավատացնում եմ` այն այսօրվա սակագնից բարձր կլիներ։ Սիրողական քննարկումներից բացի՝ կա պրոֆեսիոնալ մոտեցումը` հաշվարկները կատարում է միջազգային փորձ ունեցող կառույցը։ Ես պնդում եմ, որ եթե բիզնես կանոններով հաշվարկվի գազի սակագինը, այն ավելի բարձր կլինի:

—Ակնկալվում է, որ առաջիկա մի քանի տարիներին Հայաստանն էլ է սկսելու գազը ձեռք բերել եվրոպական գներով: Պարտա՞ստ ենք արդյոք սպասվող զարգացումներին:

—Իսկապես, վաղ թե ուշ Հայաստանը գազը գնելու է միջազգային գներով։ Մեր հասարակությունում թեև գիտակցում են դրա մասին, բայց հենց այդ պահը գա, դա լինելու է ինչպես ձյունն ամռանը։ Ե՛ս չպետք է գնահատեմ` պատրաստվե՞լ ենք դրան, թե՞ ոչ։ Քննարկումների ժամանակ ինձ երբեմն ասում են, թե գազի սակագնի բարձրացումից հետո, օրինակ քիմիայում, ինքնարժեքը կբարձանա։ Ես խորհուրդ եմ տալիս նայել արտասահմանյան այլ ընկերությունների փորձին, որտեղ նույն արտադրանքում գազի տեսակարար կշիռը չորս անգամ քիչ է, քանի որ նրանք կատարել են ներդրումներ, անցել են խնայողության ռեժիմի։ Մեր տնտեսավարողները ներդրումներ չեն կատարել, չեն անցել խնայող տեխնոլոգիաների, բայց ինձ ասում են` դու քո բիզնես ցանկությունը զսպի, որպեսզի բավարարվի իմ բիզնես ախորժակը։

Հանրապետությունում այսօր մինչև 300 խմ գազ սպառողների թիվը 118 հազ. է, որոնց բեռը գազի բարձրացման արդյունքում ավելանում է ամսական 700 դրամով, 300–600 խմ գազ սպառողների թիվը՝ 112 հազ., որոնց բեռն ավելանում է 1,4 հազ դրամով, 600–900 խմ սպառողների բեռն էլ ավելանում է 2,1 հազ դրամով։ Այս սպառողները կազմում են ընդհանուրի 47%-ը, իսկ այն 53%-ի բեռը, կախված սպառման ծավալից, ամսական 10 հազ դրամից ավելի է։ Մի պահ պատկերացրեք` եթե մենք զսպեինք սակագները, ըստ էության, սոցիալապես անապահովին «կերջանկացնեինք» 700 դրամով, իսկ ունևորներին` 50 հազ դրամով։ Ճի՞շտ է արդյոք դա...

Սակագնի բարձրացման դեպքում մենք ավելի շատ հարկ ենք վճարելու: Այստեղ առկա է բյուջեի վերաբաշխման խնդիրը, և կառավարությունը որոշեց դրամական օժանդակություն ցուցաբերել անապահով խավերին։

—Հայաստանում «ՀայՌուսգազարդը» լուրջ ներդրումներ է իրականացնում էներգետիկ հզորություններում։ Ըստ Ձեզ` ինչպե՞ս պետք է լուծվի ավելցուկային էլեկտրաէներգիայի իրացման հարցը։

—Այդ ոլորտում մենք իրականացնում ենք Հրազդանի ջէկի 5-րդ էներգաբլոկի նախագիծը, որը կապված է իրանական գազի հետ։ Արդիականացման և շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո Երևանի ջէկի հետ կնքելու ենք պայմանագիր։ Մեզ մատակարարվելու է իրանական գազ, որից ստացվելիք էլեկտրաէներգիան արտահանվելու է Իրան։

—Իրանից ներկրվելու է 1 մլրդ խմ գազ, որի դիմաց արտահանվելու է 3 մլրդ Կվտ/ժ, մինչդեռ արտադրական դրվածքային հզորությունները, այդ թվում՝ Հրազդանի ջէկի 5-րդ էներգաբլոկինը, ավելի մեծ են։

—Այո, բայց այդ 1 մլրդ խմ-ը մենք ներկրելու ենք առաջին տարում, իսկ երկրորդ, երրորդ տարիներին այդ ցուցանիշը հասնելու է 2,3 մլրդ խմ-ի։ 5-րդ էներգաբլոկի դրվածքային հզորությունը լինելու է 480 Մվտ, Երևանի ջէկինը` շուրջ 200 Մվտ։ Այս հզորությունները կօգտագործվեն իրանական գազից էլեկտրաէներգիայի ստացման համար։ Հայաստանում մենք ունենք ավելցուկային էլեկտրաէներգիա, և ես բազմիցս նշել եմ, որ էլեկտրաէներգիան Հայաստանի արտահանման լավագույն ներուժն է։ Այստեղ պետության, տնտեսավարողների խնդիրն է իրականացնել ճկուն քաղաքականություն, որպեսզի տարածաշրջանում առկա նիշան կարողանանք զբաղեցնել։ Այդ նիշան բավական մեծ է, քանի որ մեր բոլոր հարևաններն ունեն էներգիայի դեֆիցիտ։ Իհարկե, նրանք փորձում են այդ խնդիրը լուծել նոր հզորությունների միջոցով, բայց պահանջարկի աճի տեմպը ավելի մեծ է։ Թեև ճգնաժամը որոշակի ճշգրտումներ մտցրեց, այնուամենայնիվ պահանջարկն ավելի արագ է աճում, քան առաջարկը։ Նման պայմաններում ով ավելի ճկուն ու բանիմաց գտնվի, նա էլ այդ նիշան կզբաղեցնի։ Համենայն դեպս, մենք այդ նիշան զբաղեցնելու հնարավորություն ունենք։ Կզբաղեցնենք, թե ոչ՝ ամեն ինչ կախված է մեզանից։

—«ՀայՌուսգազարդը» էլեկտրաէներգիայի արտահանման հարցում փորձ ունի։ Քայլեր կատարվո՞ւմ են վրացական շուկա էլեկտրաէներգիա արտահանելու ուղղությամբ։

—Հայաստանի և Վրաստանի էներգետիկայի նախարարությունները ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի՝ պետք է կառուցվի 400 Մվտ հզորությամբ նոր էլեկտրագիծ։ Կառուցումից հետո էապես կմեծանան էլեկտրաէներգիայի փոխանակման հնարավորությունները։ Կարծում եմ` ճիշտ կլինի տարածաշրջանային էներգետիկայում կարգախոս կամ բանաձև սահմանվի՝ էներգետիկան զարգացնել առանց սահմանների, առանց քաղաքական հարցերի: Դա կնպաստի նաև քաղաքական երկխոսությանը:

—Նախատեսվում է Հրազդանի էներգաբլոկների կենտրոնացում մեկ ընկերությունում։ Ե՞րբ է նախատեսված այս գործընթացն ավարտել:

—Այսօր Ռուսաստանում կա նախնական որոշում, որ այդ չորս էներգաբլոկները տեղափոխվելու է ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ-ի հաշվեկշիռ` որպես մասնագիտացված կառույց։ Բայց վերջինիս ղեկավարությունը, «ՀայՌուսգազարդը» և «Գազպրոմը» հասկանում են, որ մի հրապարակում, որտեղ կան երկու տնտեսավարող սուբյեկտներ, և առկա են համատեղ օգտագործման ենթակառուցվածքներ, այդտեղ կաþմ պետք է լինի բավական սերտ համագործակցություն, կաþմ պետք է լինի մեկ սեփականատեր։ Մենք առայժմ գնում ենք համագործակցության ուղղությամբ։

—Որքանո՞վ է տնտեսապես նպատակահարմար հին տեխնոլոգիաներով բլոկների շահագործումը: Հնարավո՞ր է, որ դրանք փակվեն։

— Այդ ամենը կախված է շուկայից և մեր քաղաքականությունից։ Եթե մենք լրացուցիչ շուկաներ գտնենք և կարողանանք այդ էլեկտրաէներգիան իրացնել, ապա չեն փակվի, եթե ոչ, ապա այդ կայանների էլեկտրաէներգիան ներքին շուկայում հնարավոր է և չիրացվի, քանի որ այն թանկ է։

Աղբյուր: «Կապիտալ» թերթ