7 մայիսի 2010

«Սակագինը ձևավորվել է ինչ-որ ցանկությունների, այլ տնտեսական հաշվարկների հիման վրա»

Թեեւ վերջին օրերին նոր մանրամասներ ի հայտ եկան` կապված գազի սակագները դատարանում բողոքարկելու հետ, սակայն «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ մեր բացառիկ հարցազրույցը նախընտրեցինք սկսել, մեր կարծիքով, շատ ավելի գլոբալ թեմայի քննարկմամբ:


—Այնուամենայնիվ, երկրի ներսում դեռ կան բողոքներ` կապված գազի գնի բարձրացման հետ: Ընթանում է դատական գործընթաց: Նախ կուզենայինք հասկանալ, թե այդ գործընթացում «ՀայՌուսգազարդը» եւս կողմ է, թե միակ պատասխանող կողմը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, որն էլ, վերջին հաշվով, հաստատել է գազի գործող սակագները:

— Մենք այդ դատավարությանը ներգրավված ենք որպես երրորդ անձ:

— Ամեն դեպքում, հարցն, ըստ էության, վերաբերում է Ձեզ, եւ «ՀայՌուսգազարդը» չի կարող իր կարծիքը չունենալ: Ինչոմ է այն կայանում, Դուք ունեք Ձեր հակափաստարկները, միգուցե Ձեր կարծիքը փոխվել է եւ համաձայն եք հայցի հետ:

— Բնականաբար, համաձայն չեմ, քանի որ գործող սակագինը ձեւավորվել է ոչ թե ինչ-որ ցանկությունների, նախապատվությունների հիման վրա, այլ տնտեսական հաշվարկների թվերն իրար հետ գումարել-հանելու: Կա դատական հայց, թե չկա, դա թվերը գումարել-հանելիս ստացվող վերջնարդյունքի վրա չի կարող ազդել: Ավելին, մենք շարունակում ենք համարել, որ այն սակագինը, որը հաստատվել է, եւ որը, ինչքան էլ ծանր լինի մեր բնակչության համար, միեւնույն է, շատ ավելի զուսպ է, քան օբյեկտիվորեն պետք է լիներ` ելնելով գնագոյացման տրամաբանությունից:

— Դա նույն կարծիքն է, որը ներկայացնում էիք սակագները հաստատելու ժամանակահատվածում: Ստացվում է, որ այդպես էլ որեւէ փաստարկ չի բերվել, որ Ձեր կարծիքը կփոխեր:

— Ոչ, նման փաստարկ չեմ տեսնում:
Ես մեկ անգամ այս մասին ասելու առիթ ունեցել եմ, բայց կրկնեմ: Մոտ հինգ տարի առաջ Հայաստանն ուներ գազի մոտ 100 հազար բաժանորդ: Գազիֆիկացիան, առհասարակ, տեղական իշխանությունների խնդիրն է: Երեւի թե Հայաստանը միակ երկիրն է, որտեղ գազամատակարարն իր վրա վերցրեց նաեւ գազիֆիկացիան իրականացնելու ֆունկցիան: Եվ այսօր ունենք 600 հազար բաժանորդ եւ այդքան պոտենցիալ բաժանորդի էլ հնարավորություն ենք տվել ընտրել՝ գազ օգտագործել, փայտ, էլեկտրաէներգիա, թե այլ միջոց: Պարզ է, որ որպես գազամատակարար` մենք շահագրգիռ ենք, որ բոլորի ֆինանսական վիճակն այնպիսին լինի, որ նախընտրեն օգտվել մեր ծառայությունից: Միեւնույն ժամանակ, մենք պնդում ենք, որ նույնիսկ այս թանկացման պարագայում գազը, միեւնույն է, մնում է ամենամատչելի տարբերակը: Այս տարիների մեր հսկայածավալ ներդրումների նպատակը մեկն էր. մարդկանց հնարավորություն տալ ընտրություն կատարել: Մենք դա կարող էինք անել եւ արեցինք, սպառողի ֆինանսական վիճակը լավացնել կամ վատացնել մենք չենք կարող: Թեեւ իրականացնելով գազիֆիկացիան` մենք անուղղակիորեն հնարավորություն տվեցինք սպառողին օգտվել ավելի մատչելի էներգակրից, ինչը, վերջին հաշվով, նաեւ նրա ֆինանսական դրությունն է բարելավում: Ինչ պետք է անեինք. բավարարվեինք 100 հազար բաժանորդով, բացարձակապես ներդրում չանեինք եւ միգուցե տարիներ շարունակ սպասեինք, թե երբ տեղական իշխանությունները գազիֆիկացիայի համար միջոցնե±ր կունենան: Դա էլ էր տարբերակ, սակայն մենք գերադասեցինք ներդրումները, որը, իհարկե, որոշակիորեն ազդում է սակագնի վրա: Բայց եթե գազ չունեցող ցանկացած մարդու այն ժամանակ էլ եւ հիմա էլ հարցնենք, թե արդարացնում են մեր ներդրումները, պատասխանը միանշանակ դրական էր: Իհարկե, սա չի նշանակում, թե առհասարակ դեմ ենք բազմակարծությանը կամ օբյեկտիվ քննադատությանը: Բայց երբ մեր հասցեին հնչում է երկրի թշնամի տերմինը, ապա դա արդեն վերածվում է վիրավորանքի:

— Իրոք, նման տերմին այս օրերին հնչեց: Ճիշտն ասած, առհասարակ նման արտահայտությունները մի տեսակ հիշեցնում են տխրահռչակ «ժողովրդի թշնամի» արտահայտությունը:

— Ընկերությունում աշխատում է մոտ 7500 մարդ: Չէ որ նրանցից յուրաքանչյուրը իրեն կարող է վերագրել այդ «թշնամի» արտահայտությունը: Իսկ նրանց ընտանիքները. ինչ է, պետք է սկսեն իրենց համարել Ձեր հիշատակած «ժողովրդի թշնամու» կին կամ զավակ: Արտահայտությունների մեջ, եթե նույնիսկ քննադատում են, ճիշտ կանեին կոռեկտ լինել: Մեր ընկերությունը երկրում ամենախոշոր հարկատուն է: Ամենից շատ ներդրում երկրում իրականացրել է «ՀայՌուսգազարդը»: Եթե այսքանից հետո մենք ենք թշնամին, ապա ո±վ է ընկերը: Ամեն դեպքում, նույն սակագների հետ կապված` եւ, առհասարակ, բազմիցս ամենատարբեր շահագրգիռ կողմերի, մասնագետների դիմել ենք եւ եւս մեկ անգամ ենք դիմում. եթե կոնկրետ հարցեր են ցանկանում պարզաբանել, ճիշտ կլինի, որ ուղղակիորեն դիմեն մեզ: Եթե մեր մասնագիտական պարզաբանումները նրանց չի բավարարի, կհամարեն, որ իրենց փաստարկները, հաշվարկներն ավելի ճիշտ են` դա ուրիշ հարց: Նույն սակագնային քննարկումներն իրականացվել են հանրության աչքի առաջ, լիովին ազատ, բաց: Այ, հիմա տեղին կլիներ, որ յուրաքանչյուր մասնագետ, ով համարում է, թե սակագներն անարդար են, կանգներ ու հավաստիացներ, թե այս-այս կոնկրետ դրվագներն ենք քննարկել «ՀայՌուսգազարդի» մասնագետների հետ, նրանք այս-այս պարզաբանումներն են ներկայացրել, մենք էլ կոնկրետ այս պատճառով համարում ենք այդ պարզաբանումները ոչ լիարժեք կամ սխալ: Սակայն նման առարկայական քննադատության հիմնականում չենք հանդիպել: Փոխարենը ավելի շուտ պոպուլիզմ հիշեցնող «թշնամին» է: Բայց վերջին հաշվով կա դատական հայց, եւ հուսանք, որ գոնե այնտեղ կներկայացվեն կոնկրետ հակափաստարկներ սակագնի ձեւավորման հետ կապված:

— Բայց տնտեսագիտական բնույթի որոշ մեղադրանքներ, այնուամենայնիվ, հնչում են:

— Իհարկե: Հենց այդ պատճառով էլ ասում եմ, որ այդպիսի մեղադրանքներ անգամ հնչեցնելուց առաջ ճիշտ կլիներ նախօրոք մեզ էլ լսեին: Օրինակ, հնչում է մեղադրանք, թե ուզում ենք ներդրումները միանգամից մեկ տարում ետ ստանալ կամ գերշահույթներ ենք ստանում, եւ դրանք էլ սակագնի բարձրացման պատճառներից են: Սակայն նման բան չկա. անգամ ինտերնետում է տեղադրված սակագնի ձեւավորման բոլոր հաշվարկները, նույն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ այն առանց սահմանափակման ներկայացնում է բոլոր շահագրգիռ կողմերին: Եվ այդ փաստաթղթերն են ցույց տալիս, որ ունենք, ասենք, մոտ 10 տոկոս շահութաբերություն, 3 տոկոսից մի փոքր ավելի ներդրումների ամորտիզացիա եւ այլն: Այսինքն, ցուցանիշներ, որոնք հայաստանյան համապատասխան միջին ցուցանիշների կողքին բավականին համեստ պատկեր ունեն: Ավելին. հանձնաժողովը սակագնում չի ներառել մի շարք ներդրումային, ծախսային հոդվածներ, որոնք մենք համարում ենք անհրաժեշտ: Այդ ներդրումները, հիմնականում, միեւնույն է, կատարում ենք եւ սակագնի միջոցով ետ չենք ստանում: Ստիպված ենք դրանց միջոցներ ուղղել մեր շահութաբաժնից՝ համոզված լինելով, որ առանց այդ ծախսերի ընկերության նորմալ կենսագործունեությունն ապահովելն ուղղակի անհնար է:
Կորուստների ցուցանիշի հետ կապված եւս մեղադրանքներ են հնչում: Հնչեցնեմ մի քանի վիճակագրական ցուցանիշներ. Բաքվում կորուստները հասնում են 65 տոկոսի, Թբիլիսիում՝ 55-ի: Ռուսաստանում 11 տոկոս կորուստներ կան` այն դեպքում, երբ այնտեղ դա գողության հետեւանք չես համարի, պարզապես անիմաստ է: ԱՊՀ-ում միջին կորուստը բաշխիչ ցանցում 8 տոկոս է կազմում, Հայաստանում ՝ 2,8, Երեւանում՝ 3,5, եւ միանգամայն տեղավորվում ենք սակագնային հաշվարկում սահմանված նորմատիվների մեջ: Նման ցուցանիշների դեպքում մեղադրել, թե ստվերային գազամատակարարում ենք իրականացնում, դա արդեն զավեշտի աստիճանի է հասնում:

— Պարոն Կարապետյան, մենք էլ գազի այս գների մի շարք դրվագներ քննադատելու առիթ ունեցել ենք, որպես շարքային սպառող էլ եւս, անկեղծ ասած, դեմ եմ թանկացմանը...
— Երեւի ոչ թե դեմ, այլ պարզապես ուրախ չեք...

— Համենայնդեպս, ինչքան էժան, այնքան ինձ ձեռնտու կլիներ:

— Իսկ ինչ եք կարծում, ընկերության համար ձեռնտու չէր լինի: Վերջին հաշվով կա առեւտրային մեկ պարզ տրամաբանություն. էժան ապրանքը ավելի շատ վաճառելով` հնարավոր է ավելի մեծ շահույթ ստանալ:

— Դա էլ իր հերթին: Սակայն հարցս տալով` ուզում էի հետեւյալին հասնել. գազը բնակչության համար դրամային արտահայտությամբ թանկացավ 37,5 տոկոսով: Դա այն դեպքում, երբ ներմուծման պարագայում թանկացման փաստն ակնհայտ է՝ 1000 խմ-ն սահմանին 154-ից դարձավ 180 դոլար, էլ չեմ խոսում, որ այդ թանկացման պատճառով էականորեն աճում է ձեր վճարած ԱԱՀ-ն եւս: Այսինքն՝ գազի ընդհանուր թանկացման առնվազն տվյալ չափը բոլորս ենք տեսնում, եւ վիճարկելն անիմաստ է: Նույն անցած տարվա համեմատ թանկացել է գրեթե ամեն ինչ, այդ թվում` ապրանքատեսակներ, որոնք շարքային սպառողի համար գազից շատ ավելի կարեւոր են: Թանկացել է անգամ այդ տեսանելի չափը՝ մատակարարման թանկացումը իր մեջ չպարունակելով, եւ շատ դեպքերում՝ ոչ թե 37,5 այլ 40, 50 տոկոսով, որոշ դեպքերում էլ՝ կրկնակի անգամ:

— Ձեր կարծիքով` ինչու հենց գազի թանկացումը դարձավ հիմնական քննադատական թիրախներից մեկը եւ միակը, որը վիճարկվում է դատարանում:

— Հարցը միգուցե ավելի ճիշտ կլիներ հասցեագրել ոչ մեզ:

Առհասարակ մամուլում չեմ նկատել խորքային վերլուծություն, թե գազի գնի թանկացումը հասարակության որ շերտի վրա ինչ ազդեցություն է ունեցել: Տարեկան մինչեւ 300 խմ գազ սպառող բաժանորդների թիվը 118 հազարի կարգի է: Նրանց տարեկան բեռը թանկացումից ամսական 800–900 դրամի կարգի է: 300–600 խմ սպառողների համար բեռը մինչեւ 2 անգամ ավելի է, եւ 600–900 խմ-ի պարագայում՝ մոտ 2,5 անգամ ավելի: Նման բաժանորդները ընդհանուրի մոտ կեսն են, եւ հիմնականում այստեղ են սոցիալապես անապահովները, որոնց էլ կառավարությունը որոշում է կայացրել փոխհատուցում տալ: Մնացածը ապահովներն են, եւ եթե տեսականորեն ընդունենք, որ կառավարությունն ուներ գազի գների աճը զսպելու, ընդհանուր փոխհատուցում տալու տարբերակ, կստացվի, որ այդ փոխհատուցումը կհասներ եւ անապահովին, եւ ապահովին, ինչը, կարծում եմ, անարդար է: Իհարկե, կարելի էր մտածել այլ տարբերակով եւս. ասենք, ներմուծվեր «սոցիալական գազ» հասկացությունը՝ մինչեւ որոշակի քանակ սպառողների համար սահմանվեր այլ գին: Բայց դա էլ է անարդարացի, հաշվի առնելով, որ կան շատ-շատերը, ովքեր առհասարակ գազ չունեն: Եվ այդ թվում է հատկապես անապահով խավը: Այսինքն՝ նրանց ինչպես պետք է փոխհատուցվեր: Ճիշտ տարբերակը, կարծում եմ, անապահով խավին ֆինանսապես կոմպենսացնելու տարբերակն է: Եվ առհասարակ, շատ կարեւոր խնդիր է մտածել հենց այն խավի մասին, որը, կարծում եմ, մեծ մասամբ լինելով ամենաանապահովը` առհասարակ գազ չունի: Նրանք, օրինակ, ինչպե±ս են ջեռուցելու իրենց տները, չէ որ ցանկացած տարբերակով ջեռուցումը նրանց համար ավելի թանկ է նստելու: Այ, երբ բողոքներ են հնչում մեր ներդրումներից, մենք էլ, դադարեցնելով դրանք, գործնականում հենց այդ խավին ենք զրկում ինչ-որ կերպ գազ ունենալու հնարավորությունից՝ թեկուզեւ գործող այս բավականին թանկ գներով: Կարծում եմ, ճիշտ կլիներ, որ նաեւ այդ խավի կարծիքը լսելի դառնար...

Բայց վերադառնանք գազի գներին. մենք պնդում ենք, որ այս իրավիճակում անգամ մենք գազը ստանում ենք այլ երկրների հետ համեմատած մատչելի գներով: Դրան զուգահեռ բերվում է հակափաստարկ, թե այլ երկրների ներսում ավելի էժան գներ են, քան մեզ մոտ: Բայց չէ որ այդ մյուս երկրները գրեթե առանց բացառության կամ գազի սեփական պաշարներ ունեն, կամ էլ տրանզիտ, որից ստացված միջոցներով կարող են նաեւ ներքին գները փոխհատուցել: Մենք չունենք: Եվ ումից կարող ենք դժգոհել:

— Այն մասնագետների հետ, ովքեր հիմա բողոքում են գների դեմ, սակագների սահմանման փուլում քննարկումներ ունեցել եք:

— Ես ժամանակին հայտարարել եմ, հիմա էլ եմ հայտարարում. եթե կա կառույց, որը կարող է ավելի էժան գազ բերել Հայաստան, մենք կարող ենք մեր ողջ ցանցը տրամադրել նրան: Մի խոսքով, պետք է փորձել գների հետ կապված էմոցիոնալ դաշտից տեղափոխվել պրագմատիկ դաշտ: Կամայական ընկերություն, կուսակցություն, մասնագետների խումբ կարող են դիմել միջազգային համբավ ունեցող ցանկացած փորձագիտական կառույցի՝ խնդրելով իրականացնել մեր ներքին շուկայում գազի գների անկախ հաշվարկը: Պնդում եմ, որ ներկայիս սակագինը ավելի փոքր կստացվի:

Որոշ քննարկումներ, իհարկե, ունեցել ենք: Բայց քիչ չեն դեպքերը, երբ գերադասել են նույնիսկ մասնագիտական բնույթի հարցեր մեզ հղել միայն մամուլի միջոցով: Օրինակ, Դաշնակցությունը հանդես եկավ հրապարակային հարցադրումներով, չնայած, կարծում եմ, ճիշտ կլիներ նախ մեզ դիմելն ու մեր պարզաբանումներն ստանալը: Եթե չբավարարեր, այլ հարց է, կարող էին արդեն վարվել իրենց հայեցողությամբ:

Հենց այդ մասնագիտական քննարկումն է, որ ի սկզբանե առաջարկում ենք բոլորին: Բայց, ցավոք, հարցը հիմնականում տեղափոխվել է զգացմունքային դաշտ:

Հեղինակ: Քերոբ Սարգսյան

Աղբյուր: «Իրավունք» թերթ

LiveJournal Share Button