1 հունիսի 2010

Ռուսական հսկաները կփոխանակեն հայկական ակտիվները

Հրազդանի ջէկի 5-րդ էներգաբլոկը («Հրազդան-5») ամենայն հավանականությամբ շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ։ Նման կարծիք հայտնեց «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևը, որը երեկ «ՀայՌուսգազարդի» ղեկավարության հետ շրջայց էր կատարում էներգաբլոկում: Նշենք, որ ծրագրով նախատեսված է, որ «Հրազդան-5» էներգաբլոկի թողարկման-կարգաբերման աշխատանքները պետք է ավարտվեին 2010թ. կեսերին:

Աշխատանքային գրաֆիկից մի փոքր շեղումը Գոլուբևը բացատրում է տեխնոլոգիական խնդիրներով։ «Հրազդան-5»-ի շինարարական հրապարակում շրջայց կատարելուց հետո Գոլուբևը լրագրողներին ասաց, որ սա նման ծավալի եզակի հզոր ծրագիր է։ Էներգաբլոկում 16 ամսվա ընթացքում արդեն ավարտված են հիմնական աշխատանքները, իսկ մի շարք հատվածներում կատարվում են հարդարման աշխատանքներ։ «Էներգաբլոկը իրականում մեծ հետաքրքրություն է ներկայացնում և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ ընդհանրապես ողջ Անդրկովկասի տարածաշրջանի համար:

Այսօր շուկան կա, երկրները զարգանում են։ Ռուսաստանում առկա է էլեկտրագեներացիայի զարգացման մեծ ներդրումային ծրագիր։ Այն փաստը, որ Հայաստանը հետ չի մնում և նույնիսկ մի քայլ առաջ է, մեզ շատ ուրախացնում է և մեր համատեղ ձեռնարկության զարգացման հաջողության լավ հույս է տալիս», — նշեց նա։ «Գազպրոմի» վարչության փոխնախագահը նշեց, որ «ՀայՌուսգազարդին» մնացել է մի փոքր աշխատանք` ներգրավել վարկային միջոցներ։ Ըստ Գոլուբևի` ներդրումային ծրագիրը մի փոքր շեղվել է սկզբնական արժեքից, և ներկայում այն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ $60 մլն։

Նշենք, որ «Հրազդան-5»-ի ողջ ներդրումային ծրագիրը գնահատվում էր շուրջ $430 մլն, այդ թվում՝ $250 մլն էներգաբլոկի գինը, որը «Գազպրոմը» 2006թ. վճարել է Հայաստանի կառավարությանը, և $180 մլն` ուղղակի ներդրումներ։ «Հրազդան-5»-ի շինարարության ավարտի և արդիականացման ծրագիրը նախատեսում է ժամանակակից գազատուրբինների տեղադրում, ինչպես նաև շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաների համակցում, ինչը նախագիծը դարձնելու է եզակի ԱՊՀ երկրներում: Էներգաբլոկի հզորությունը կլինի 480 ՄՎտ:

Նշենք, որ ավելի վաղ «Կապիտալին» տված հարցազրույցում «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ էլեկտրաէներգիան կարտադրվի իրանական գազով և կառաքվի Իրան («Կապիտալ», թիվ 89, 15.05.2010թ.)։ 

Ի դեպ, Հայաստանի մյուս ժամանակակից էներգաբլոկի՝ Երևանի ջէկի շոգեգազային ցիկլով աշխատող 241 ՄՎտ էլեկտրական հզորությամբ էներգաբլոկի` «զրոյից» կառուցման համար ծախսվել են $247 մլն-ի ճապոնական վարկային միջոցներ։

«Գազպրոմն» ու «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը ակտիվներ կփոխանակեն

Հրազդանի հինգ էներգաբլոկները հնարավոր է` ունենան մեկ ընդհանուր սեփականատեր։ Ներկայում չորս էներգաբլոկները Ռուսաստանի կառավարությունը (ՌԴ գույքի կառավարման դաշնային գործակալություն) տրամադրում է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ին, իսկ «Հրազդան 5»-ը գտնվում է «Գասպրոմի» դուստր «ՀայՌուսգազարդի» հաշվեկշռում։

«Կապիտալի» հարցին` հնարավո՞ր է, որ «Գազպրոմը» գնի Հրազդանի ջէկի մնացած չորս էներգաբլոկները, Գոլուբևը պատասխանեց. «Մեր պատկերացմամբ` ակտիվների փոխանակումը կլիներ ավելի նպատակահարմար։ „Գազպրոմը“ որոշ ռուսական ջերմակայանների բաժնետեր է և կարող է դրանք փոխանակել „ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ“-ի հայկական ակտիվների հետ, պարզապես պետք է սպասել, թե վերջնականապես երբ Հրազդանի ջէկը կտեղափոխվի այդ ընկերության հաշվեկշռին»։ Ըստ նրա՝ այդ գործարքը երկուստեք շահավետ կլինի:

Գոլուբևը նշեց, որ ակտիվների փոխանակման հարցը երկու ընկերություններն արդեն քննարկել են, և այն պատրաստ է ստորագրման։ Նա նաև տեղեկացրեց, որ դեռևս որոշված չէ, թե միավորվելուց հետո ով է կառավարելու այս ակտիվները։ «Հնարավոր է, որ դրանք կառավարի „ՀայՌուսգազարդը“, հնարավոր է, որ հիմնվի առանձին ընկերություն», — նշեց նա։

Հնարավոր է` «Գազպրոմը» մասնակցի Թավրիզ-Երասխ նախագծին

Ըստ Գոլուբևի` Իրան-Հայաստան (Թավրիզ-Երասխ) նավթամթերքի խողովակաշարը իրատեսական նախագիծ է և այն, ամենայն հավանականությամբ, կիրականացվի, և «Գազպրոմը» կարող է մասնակցել այդ նախագծի իրականացմանը` որպես «ՀայՌուսգազարդի» բաժնետեր։ «Դա ակտիվ մասնակցություն չէ։ Ընկերության շահույթներից կարելի է ստանալ շահաբաժիններ, բացի այդ` միջոցները կարելի է նաև ուղղել նոր ներդրումների», — նշեց նա։

Նշենք, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ Թավրիզ-Երասխ (Իրան-Հայաստան) վերամշակված նավթամթերքի խողովակաշարն ունենալու է 250 մմ տրամագիծ: Նախնական գնահատականներով՝ $200-$240 մլն արժողությամբ այդ նախագիծը երկու տարվա ընթացքում իրականացնելու նպատակով կստեղծվի հավասար բաժնեմասերով հայ-իրանական համատեղ ձեռնարկություն: Խողովակաշարի կառուցման ժամանակ 60-70%-ով կօգտագործվեն Իրան-Հայաստան գազատարի արդեն առկա հարթակները:

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում նավթամթերքի վերամշակման գործարանի հայ-ռուսական-իրանական նախագծին, ապա, ըստ Գոլուբևի, դրա վերաբերյալ դեռևս դրական որոշում չի կայացվել։ Այդ նախագծի իրականացման սառեցումը Գոլուբևը բացատրում է նախևառաջ իրացման շուկայի խնդրով։ «Հայաստանի սպառողական շուկան ավելի փոքր է, քան գործարանի հզորությունը։ Մյուս կողմից` որոշված չէ հումքային բազայի հարցը, բացի այդ՝ այսօր բարձր չեն նավթի գները», — նշեց նա՝ հավելելով, թե ամբողջական չէ նաև այս նախագծի լոգիստիկ շղթան։ «Գազպրոմի» պաշտոնյան նշեց, որ այս նախագիծը հետաքրքիր է, բայց այն պետք է տնտեսապես արդարացված լինի, որպեսզի իրականացվի։

Հիշեցնենք, որ Մեղրիում իրանական նավթի վերամշակման գործարան կառուցելու գաղափարն առաջ էր քաշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2007թ. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը։

Աղբյուր: «Կապիտալ» թերթ

LiveJournal Share Button