«Գազպրոմ Արմենիա»-ն կոչ է անում մշտապես պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները

Ջեռուցման ժամանակաշրջանի ընթացքում, երբ, մասնավորապես, բնակչության կողմից ավելանում է բնական գազի սպառումը, որոշակիորեն ավելանում են նաև կենցաղում գազի օգտագործման հետ կապված միջադեպերը: Ինչո՞վ է դա պայնավորված, ինչպե՞ս օտգվել բնական գազից՝ խնդիրներից խուսափելու նպատակով: Այս և բնական գազի օգտագործման հետ կապված այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանի հետ:

Պարոն Գրիգորյան՝ ինչպիսի՞ն է բնական գազի օգտագործման հետ կապված պատահարների, մասնավորապես, թունավորման դեպքերի վիճակագրությունը, եթե համեմատենք այս և նախորդ տարիների տվյալները:

Եթե համեմատենք 2017 և 2016 թվականների վիճակագրական տվյալները, ապա պատկերը հետևյալն է՝ այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ արձանագրվել է բնական գազի օգտագործման հետ կապված 51 պատահար, անցած տարի՝ 47: Տուժածների թիվը 2017 թվականին կազմել է 135, 2016-ին` 114 մարդ: Այս տարի արձանագրվել է մահվան դեպք, իսկ նախորդ տարի 10-ը: 2016 թվականի համեմատ պատահարների և տուժածների թվի ավելացումը հիմնականում պայմանավորված է գազասպառող բաժանորդների թվի ավելացմամբ: Անցած տարի բաժանորդների թիվը կազմում էր 679 000, այս տարի՝ ավելի քան 686 000: Ընդ որում, պատահարների մեծ մասը գրանցվում է Երևանում, ինչը պայմանավորված է նրանով, որ բաժանորդներից շուրջ 275 հազարը գտնվում են մայրաքաղաքում:

Թունավորումներին վերաբերող՝ պետական համապատասխան մարմիններից ստացվող տեղեկատվությունը հաճախ պարունակում է «թունավորում գազի արտահոսքից» կամ «գազի թունավորում՝ հարցականով» արտահայտություններ: Արդյո՞ք նման բոլոր դեպքերը կապված են բնական գազի օգտագործման հետ, և կարող է արդյո՞ք գազի արտահոսքը թունավորման պատճառ դառնալ:

Գազի արտահոսքից թունավորում լինել չի կարող: Թունավորման պատճառ կարող են հանդիսանալ բնական գազի թերայրման արգասիքները, մասնավորապես՝ ածխածնի օքսիդը կամ, ինչպես ասում են, շմոլ գազը: Սակայն, շմոլ գազի առաջացումը կապված չէ միայն բնական գազի թերայրման հետ, նման պրոցես կարող է առաջանալ այլ վառելանյութերի այրումից՝ փայտ, ածուխ և այլն: Այսինքն, սա բացառապես կապված է թերայրման պրոցեսի հետ, որի ընթացքում առաջանում են առողջության և կյանքի համար վտանգավոր տարրեր, որոնք էլ հանգեցնում են թունավորման:

Պետք է կրկին ընդգծեմ, որ, ըստ մեր վերլուծությունների, ամբողջ հանրապետության տարածքում այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ գրանցվել է բնական գազի օգտագործման հետ կապված 51 պատահար: Մնացած բոլոր դեպքերը, որոնք ըստ նախնական վարկածի ներկայացվում են որպես «թունավորում շմոլ գազից», բնական գազի օգտագործման հետ որևէ առնչություն չունեն:

Որո՞նք են պատահարների և թունավորումների հիմնական պատճառները:

— Ռիսկային հիմնական գործոնը բնական գազից անվտանգ օգտվելու կանոնների անտեսումն է, այդ թվում՝ գազասպառման անվտանգության ազդանշանային համակարգերի անջատումը էլեկտրական սնուցումից: Բոլոր բնակիչբաժանորդների բնակարաններում և տներում տեղադրված այդ համակարգերը կարևորագույն դեր են կատարում վթարային իրավիճակների կանխարգելման տեսանկյունից:

Թունավորման պատճառները հիմնականում և հաճախակի պայմանավորված են ծխատար և օդատար ուղիների խցափակմամբ, երբ բաժանորդը՝ ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով, պարզապես փակում է այդ ուղիները լաթով կամ ձեռքի տակ եղած այլ միջոցներով: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թունավորման դեպքերն արձանագրվում են հիմնականում ձմեռնամուտի և ձմռան շրջանում, երբ մարդիկ սկսում են ջեռուցել իրենց բնակարանները: Դժբախտ պատահարների պատճառ են դառնում գազօջախներով, ջեռուցման համար չնախատեսված կամ ինքնաշեն այլ սարքերի միջոցով բնակարանները տաքացնելը, օդատար և ծխատար ուղիների, ինչպես նաև գազասպառող սարքավորումների շահագործման պայմանների տարատեսակ խախտումները:

Առանց օդափոխության գազօջախների երկարատև օգտագործումը նույնպես կարող է բերել բացասական հետևանքների, քանի որ չօդափոխվող փակ տարածքում օգտագործվող գազասարքերում զարգանում է թերայրման պրոցեսը, շինությունում կուտակվում են առողջության համար վտանգավոր այրման արգասիքներ:

Պատահարների պատճառ են դառնում նաև գազօգտագործող սարքերի ինքնակամ հավաքակցումը և ապահավաքակցումը, երբ, մասնավորապես, բաժանորդն իր բնակարանում որոշում է ջեռուցման համար նախատեսված կաթսան կամ այլ գազասարքը փոխարինել բնական գազով աշխատող մեկ այլ սարքով և արդյունքում սահմանափակվում է ծխահեռացման պրոցեսը:

Նորից շեշտեմ՝ անթուլատրելի է ինքնաշեն վառարանների օգտագործումը բնական գազով ջեռուցելու համար, առանց ծխատարին միացնելու գազասարքերի օգտագործումը, ինչը բերում է բնակարաններում այրման արգասիքների վտանգավոր կոնցենտրացիայի կուտակմանը: Իսկ նման դեպքեր, ցավոք, լինում են:

— Ջեռուցման ժամանակահատվածն արդեն սկսվել է, և բնական գազից անվտանգ օտգվելու խնդիրը չափազանց կարևոր է ու հրատապ: Ի՞նչ է պետք անել պատահարներց խուսափելու համար:

— «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները, ինչպես նաև գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «ԷյԻՋի Սերվիս» ՍՊԸ փականագործները մշտապես իրականացնում են անհրաժեշտ միջոցառումները անվտանգ և հուսալի գազամատակարարում ապահովելու համար:

Բաժանորդներին էլ հորդորում եմ պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները: «Գազպրոմ Արմենիա»-ն իր բոլոր բաժանորդներին պարբերաբար տրամադրում է «ՀՀ տարածքում գազասպառման կենցաղային համակարգերում գազասարքերի անվտանգ շահագործման հուշաթերթերը», որոնցում մանրամասն ներկայացված են բնական գազից օգտվելու անվտանգության հիմնական կանոնները:

Մեկ անգամ ևս կոչ եմ անում մշտապես պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները, առավելապես ջեռուցման ժամանակաշրջանում, իսկ գազասպառման համակարգի կամ գազօգտագործող սարքերի հետ կապված ցանկացած խնդրի առաջացման դեպքում անմիջապես դիմել շուրջօրյա գործող վթարակարգավարական ծառայության մեր մասնագետներին 1–04 հեռախոսահամարով, ինչպես նաև «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերություն:

Աղբյուր: Armenpress,3-10-2017