15 նոյեմբերի 2018

Բարի համբավն արատավորելու միտում կա. «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը՝ ՊԵԿ մեղադրանքի մասին

«Գազպրոմ Արմենիա»-ն աշխատում է հարկային օրենսդրությանը համապատասխան. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Հրանտ Թադևոսյանը՝ խոսելով ՊԵԿ-ի կողմից երեկ տարածված հաղորդագրության մասին, ըստ որի՝ բացահայտվել են մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր:


ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները, հարուցվել է քրեական գործ:

Հ. Թադևոսյանն ասաց, որ ասուլիսին հրավիրել են նաև ՊԵԿ համապատասխան աշխատակիցներին, որոնք սակայն չեն մասնակցում ասուլիսին: Նա հիշեցրեց, որ երեկ հերքում են տարածել և ՊԵԿ աշխատակիցներին հրապարակային եղանակով նույն հաղորդագրության մեջ հրավիրել ասուլիսին:

Նա ասաց, որ «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները ռուսական «Գազպրոմ»-ից լրացուցիչ 7.5 միլիարդ դրամ աշխատավարձ են ստանում: Հ. Թադևոսյանն ասաց, որ իրենք խոշոր հարկատու են, մշտապես իրենց գործունեությունը ծավալել են հարկային օրենսդրությանը համապատասխան, ինչի արդյունքում ՊԵԿ-ից պարբերաբար ստացել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր:

Հրանտ Թադևոսյանն ասաց, որ գազի ՊԵԿ մեղադրանքը անհիմն է: «Ձմռանը կորուստներն ավելի բարձր են, քան՝ ամռանը: Դա ոչ միայն 2018թ.-ին է այդպես եղել, այլև՝ մյուս տարիներին: Եթե ուսումնասիրել են 2016, 2017, 2018թթ., ապա տեսել են, որ այդ տարիներին ևս ձմռան ամիսներին կորուտսներն ավելի շատ են եղել:

Այդպես եղել է ու լինելու է: Կան մի շարք պատճառներ կան: Հայաստանում 14 հազար արդյունաբերական ու կոմունալ սպառողների հաշվիչները համալրված են էլեկտրոնային ճշտիչներով: Նրանք գազը և՛ ձմռանը, և՛ ամռանը չափում են իրական ցուցիչներով:

ՀՀ 700 հազար բնակիչների հաշվիչները գազի ծավալը հաշվվում է իրական ցուցիչներով՝ համապատասխան ջերմաստիճանով, ցուցիչներ չկան: Ձմռանը գազի նույն ծավալները ուրիշ է, ամռանն՝ ուրիշ: Սրա վրա միլիարդների հաշվարկներ կատարելը կոռեկտ չէ: Այդ տարիների համար հունվար-սեպտեմբեր ամիսներին աճողական բնական գազի կորուտսների չափը համադրելի է», — ասաց Հրանտ Թադևոսյանը:

Նա շեշտեց, որ ՊԵԿ հիմնավորումները անհիմն են, ամռան ամիսները համեմատել են ձմռան հետ, ինչն անթույլատրելի է:

«Եթե փորձում են նյութ գցեն, չե՞ն կարծում, որ պետք է լինի երկկողմանի, գային, քննարկեինք, հասկանայինք: Տեքստում գրված է, որ բաշխման համակարգում կորուստների մեծությունը հունիս-հուլիս ամիսներին հունվար-մայիսի նկատմամբ 3 անգամից ավելի նվազել է: Պարզվել է, որ ԱԳԼՃԿ-ին մատակարարված բնական գազի ծավալները ավելացել են շեշտակի: Չի կարելի համեմատել հունվարն ու ամառը, այո՛, աճը եղել է: Եթե 46 միլիոն խորանարդ մետր գազի աճը ԱԳԼՃԿ-ում կապում են 46 միլիոն գազի ստեղծման հե՞տ… Ո՞նց կարող է 1.2 կորուստը դառնա 46 միլիոն ավելցուկ», — հարց հնչեցրեց նա:

«Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը շեշտեց, որ իրենք տարեկան 40 միլիարդ դրամի վճարներ են կատարում։ «Բարի համբավն արատավորելու միտում կա: Բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ այսօր, ինչո՞ւ այսպես, ինչո՞ւ այս հիմքերով: Ռուսական մամուլում էլ եղան լուրեր, մենք բանակցում էինք ռուսական բանկերից մեկի հետ և ստացանք ահազանք՝ անհանգստություն բանկից, որի հետ ավարտում էինք բանակցությունները և գործարքը դրվում է կասկածի տակ: Առաջին հարկատուն, խոշոր ներդրողն այսպիսի վիճակում է հայտնվել, ինչպե՞ս պետք է շարունակենք աշխատանքը ներդրողի հետ: Եզրակացությունները թողնում եմ բոլորիդ», — մանրամասնեց Հրանտ Թադևոսյանը:

Վերջինս նշեց, որ ժամանակին բաշխման համակարգում 30 տոկոս կորուստ է եղել, բայց հիմա լավագույններից մեկն են աշխարհում բաշխման համակարգի առումով: «Բոլորը գալիս են, մեզանից սովորում են՝ ոնց աշխատեն: Չկան հիմքեր, գազ չի կորել, ո՞նց կարելի է գազի կորուստի հետ կապել: Գոյություն չունեն չվճարված հարկեր: Հիմա ձեր հարևանը սկսել է լավ ապրել, ձեզ գալիս ասում են՝ ինչո՞ւ է սկսել լավ ապրել, դուք ի՞նչ կապ ունեք», — ասաց նա:

Հեղինակ: Տիգրանուհի Մարտիրոսյան

Աղբյուր: Tert.am