«ՀայՌուսգազարդ»-ը վերջին տարիներին գրեթե 100 տոկոսով կատարել է իր ներդրումային ծրագրերը

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 12-ին հրավիրված նիստում համաձայնություն տվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2007–2009թթ. Ներդրումային ծրագրին: Ընկերությունը 2007–2009թթ. նախատեսում է իրականացնել 68,34 մլրդ դրամի ներդրում, որից 58,76 մլրդ դրամը գազափոխադրման համակարգում, 6,94 մլրդ դրամը` գազաբաշխման համակարգում, 2,64 մլրդ դրամը` շահագործման եւ սպասարկման ոլորտներում: 2007թ. ներդրումների ծավալը կկազմի 40,34 մլրդ դրամ, 2008թ.-ին` 20,95 մլրդ դրամ, 2009թ.-ին` 7,05 մլրդ դրամ: Ընթացիկ տարվա համար պլանավորվող ներդրումների հիմնական մասը` 35,45 մլրդ դրամը կուղղվի գազափոխադրման համակարգի վերակառուցման ու ընդլայնման աշխատանքներին: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ զարգացման ներդրումային ծրագրերի վարչության պետ Ա. Հակոբյանի զեկուցմամբ հանրապետության գազամատակարարման ապահովության բարձրացման նպատակով կառուցվող Իրան-Հայաստան գազատարի հայկական 40 կմ երկարությամբ հատվածի կառուցումը չի կարող ապահովել անհրաժեշտ քանակության իրանական գազի տեղափոխումը մինչև հանրապետությունում գործող ջերմային էլեկտրակայաններ: Իրանական գազի մատակարարման ծավալները տարեկան 1,1 մլրդ.-ից մինչեւ 2,3 մլրդ. խորանարդ մետր հասցնելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ տարածքում կառուցել 197.4 կմ երկարությամբ 720 մմ տրամագծով նոր գազատար, վերակառուցել գազի փոխադրմանը մասնակցող 102 կմ ընդհանուր երկարություն ունեցող գազափոխադրման համակարգը: 2007թ. միայն այս աշխատանքների իրականացմանը նախատեսված է 33 մլրդ դրամ:

Ընդգծելով Իրան-Հայաստան գազատարի անհրաժեշտությունը երկրի էներգետիկ անվտանգության առումով, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշեց, որ Ընկերության առջև տեխնիկական խնդիր է դրված բարձրացնելու գազափոխադրման համակարգի թողունակությունը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանը ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումը, նշեց, որ «ՀայՌուսգազարդ»-ը ներդրումային ծրագիրը ներկայացրել է բիզնես ծրագրերից և Ընկերության շահերից ելնելով, իսկ հանձնաժողովն էլ պետք է փորձի Ընկերության շահերը համապատասխանեցնել սպառողի շահերին` միաժամանակ դրսևորելով այնպիսի հավասարակշռված մոտեցում, որպեսզի Ընկերությունը իր հերթին կարողանա հուսալի ծառայություն իրականացնել: Ռ. Նազարյանի խոսքերով, «ՀայՌուսգազարդ»-ը վերջին տարիներին գրեթե 100 տոկոսով կատարել է իր ներդրումային ծրագրերը, «այն խոսքի եւ գործի Ընկերությունն է»:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am