Կարեն Կարապետյանն այցելեց Քաջարան-Արարատ գազատարի շինհրապարակը

30 մայիսի 2007, 15:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը մասնագետների ուղեկցությամբ հերթական աշխատանքային այցը կատարեց Քաջարան- Արարատ հատվածում կառուցվող գազատարի շինարարության հրապարակ՝ աշխատանքների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով:

Կարեն Կարապետյանը Քաջարան-Արարատ գազատարի շինհրապարակում

Կարեն Կարապետյանը Քաջարան-Արարատ գազատարի շինհրապարակում

Մեղրի —Քաջարան 40 կմ երկարությամբ գազատարի, ինչպես նաև 197,4 կմ երկարությամբ 720 մմ տրամագծով Քաջարան-Սիսիան- Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ նոր գազատարի կառուցումը հնարավորություն կտա բարձրացնել հանրապետության գազափոխադրման համակարգի թողունակությունը և ապահովել իրանական գազի պայմանագրային ծավալների տեղափոխումը մինչև ջերմային էլեկտրակայաններ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ներդրումային ծրագրով նախագծի նախնական արժեքը կազմում է 52 մլրդ դրամ, որից միայն 2007թ. համար նախատեսված ներդրումները կազմում են 33 մլրդ դրամ:

Գազատարի շինարարության պատվիրատուն հանդիսանում է «ՀայՌուսգազարդ» Ընկերությունը, աշխատանքներն իրականացնում են Ընկերության «Տրանսգազշին» ՍՊԸ-ն, ինչպես նաև 5 կապալառու կազմակերպություններ, որոնք մասնագիտական մեծ փորձ ու հմտություններ ունեն այս բնագավառում: Ընդհանուր առմամբ աշխատանքներում ներգրավված են ավելի քան 250 մասնագետներ և մոտ 50 միավոր ժամանակակից հատուկ շինարարական տեխնիկա:

Աշխատանքներն ընթանում են աշխարհագրական առումով բավականին բարդ պայմաններում, առանձին տեղերում` ծովի մակերևույթից 2600–3000 մ բարձրության վրա: Ռելիեֆային ու կլիմայական անբարենպաստ պայմաններից բացի շինարարական աշխատանքների համար մեծ դժվարություն է ներկայացնում նաև համապատասխան ճանապարհների բացակայությունը: Բարձր լեռնային հատվածներում հարթակների ու խրամուղիների նախապատրաստման աշխատանքները հաճախ ուղեկցվում են պայթեցումներով: Աշխատանքային խումբը մասնագետների հետ համատեղ քննարկեց շինարարության առանձին հատվածների հետ կապված բարդությունները, մասնավորապես Շամբ գետի վրայով գազատարի անցկացման տեխնիկական հարցերը, դժվար անցանելի տեղերում խողովակների տեղափոխման հնարավորությունները և այլն:


Այցի արդյունքների հիման վրա հանձնարարական տրվեց նախապատրաստել աշխատանքների ժամանակացույց:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button