Երկօրյա ֆուտբոլային մրցաշարն անցավ սպորտային ու գործընկերային ջերմ մթնոլորտում

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հիմնադրման 10-ամյակի շրջանակում կազմակերպված երկօրյա ֆուտբոլային մրցաշարին մասնակցում էին գազի ոլորտի ընկերությունների, մասնավորապես «ՀայՌուսգազարդ», «Գազ դե Ֆրանս», «Գազպրոմ Էքսպորտ», «Գազպրոմբանկ» և «Գազկոմպլեկտիմպեքս» ընկերությունների ֆուտբոլային թիմերը:

Ֆուտբոլային մրցաշար

Ֆուտբոլային մրցաշար

Ողջունելով մասնակիցներին` «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նախ նշեց, որ մրցաշարը տեղի է ունենում Հայաստանի համար հիշարժան՝ Անկախության օրը:

Ըստ նրա, գազի ոլորտի ընկերություններում ֆուտբոլը սիրված մարզաձեւ է, եւ մրցաշարին մասնակցելու հրավերը հաճույքով է ընդունվել: Չնայած միջոցառումը «ՀայՌուսգազարդ»-ի կողմից նախաձեռնած առաջին փորձն է, սակայն նախատեսվում է մրցաշարը դարձնել ավանդական, քանի որ նմանատիպ ձեռնարկները նպատակ ունեն բիզնեսից դուրս ևս «մարդկային լավ ու անմիջական հարաբերություններ հաստատել գործընկերների միջև»:

Ըստ Կ.Կարապետյանի, մրցաշարը լավ արձագանք գտավ և մեծ հետաքրքրություն առաջացրեց՝ ստեղծելով սպորտային ջերմ մթնոլորտ, հնարավորություն տվեց տարբեր երկրների գազի ոլորտի աշխատակիցներին հանդիպել միմյանց, մրցել, լավ կապեր հաստատել: Հաջորդ տարի նախատեսվող մրցաշարին հավանական է, որ մասնակցեն նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Ղազախստանի թիմերը:

«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում առաջին օրը մրցաշարը մեկնարկեց «Գազկոմպլեկտիմպեքս»-ի և «ՀայՌուսգազարդ»-ի թիմերի խաղով` 2:1 հաշվով հօգուտ հյուրերի: «Գազպրոմբանկ»-ի և «Գազ դը Ֆրանս»-ի միջեւ կայացած խաղում 5:2 հաշվով հաղթեցին ռուսները: Սեպտեմբերի 22-ին ընկերական խաղում հանդիպեցին «Գազպրոմ Էքսպորտ» —ի և «Գազ դե Ֆրանս»-ի թիմերը: Խաղն ավարտվեց ոչ ոքի: Շարունակվող մրցաշարում «Գազպրոմբանկ»-ի թիմը 2:1 հաշվով եզրափակիչում հաղթեց «Գազկոմպլեկտիմպեքս»-ի թիմին` դառնալով մրցաշարի հաղթող: Հետաքրքիր մրցամարտ ծավալվեց նաև 3-րդ տեղի համար. «ՀայՌուսգազարդ»-ի թիմը հիմնական ժամանակում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Գազ դը Ֆրանս»-ի հետ: Այնուհետև ՙ «ՀայՌուսգազարդ»-ի ֆուտբոլիստները 7 մետրանոց հարվածներով 5:4 հաշվով հաղթեցին մրցակցին: Վերջին` հաղթական, գոլի հեղինակ դարձավ Ռուբեն Սուրենյանը:

Մրցաշարին մասնակից թիմերն արժանացան 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերի համար նախատեսված մրցանակային գավաթների: 1-ին տեղը գրաված թիմի անդամները պարգեւատրվեցին ոսկեջուր, իսկ 2-րդ տեղը գրաված թիմի անդամները` արծաթաջուր հուշամեդալներով: Մրցաշարի մնացած մասնակիցներին հանձնվեցին բրոնզե հուշամեդալներ և նվերներ: Պարգևները հանձնեցին հայ լեգենդար ֆուտբոլիստներ Հովհաննես Զանազանյանը, Սարգիս Հովիվյանը և Նորայր Մեսրոպյանը:

«Գազպրոմ» ԲԲԸ վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը և «Գազ դե Ֆրանս» ընկերության փոխնախագահ Էդուարդ Սովաժը շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին մրցաշարի համար, նշեցին, որ իրենց թիմերը հաճույքով մասնակցեցին և Երեւանից վերադառնում են բարի հիշողություններով ու լավ տպավորություններով:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am