Ընկերության վարչական համալիր այցելեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Ընկերության վարչական համալիր այցելեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կարճատեւ շրջայցի ընթացքում Հանրապետության նախագահը դիտեց շենքային նոր համալիրը, այնուհետեւ մասնակցեց ընդլայնված խորհրդակցությանը: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ողջունեց եւ շնորհավորեց հոբելյանի կապակցությամբ հրավիրված հյուրերին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետերերի եւ գործընկեր այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին: Բարձր գնահատելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գործունեությունն ու ներդրումը երկրի տնտեսության մեջ, Նախագահը նշեց, որ «բոլորս իրավամբ կարող ենք հպարտանալ, որ առնչություն ենք ունեցել Ընկերության ստեղծմանը»:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը  «ՀայՌուսգազարդ»

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը «ՀայՌուսգազարդ»

Հակիրճ ներկայացնելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տասնամյա գործունեության արդյունքներն ու ֆինանսատնտեսական հիմնական ցուցանիշները, Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը ընդգծեց, որ Ընկերության հիմնադրումը կարեւորվում է երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ռազմավարական խնդրի իրականացման տեսանկյունից եւ այս տարիների ընթացքում «ՀայՌուսգազարդ»-ը կատարել է իր առաջ դրված առաքելությունը` անխափան գազամատակարարում ապահովելով հանրապետության սպառողներին:

Կարեն Կարապետյանի խոսքով, Ընկերության ներդրումներն այս տարիների ընթացքում կազմել են մոտ 50 մլրդ դրամ /110 մլն ԱՄՆ դոլար/, որոնք ուղղվել են գազատրանսպորտային համակարգի վերականգնման ու թողունակության բարձրացման, Աբովյանի գազապահեստ-կայանի վերակառուցման ու արդիականացման, գազաֆիկացման ու նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրերին: Արդյունքում Հայաստանը գազաֆիկացման մակարդակով այսօր առաջատար երկրերից մեկն է աշխարհում: Ըստ Կ. Կարապետյանի, Ընկերության ռազմավարական նպատակը տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերություն ստեղծելն է` մասնակցություն ապահովելով ներքին ու արտաքին շուկաների էներգետիկ ծրագրերում:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանգրով Անանիա Շիրակացի մեդալով պարգեւատրվեցին Գլխավոր տնօրենի խորհրդական Վ. Մարգարյանը եւ «Տրանսգազշին» ՍՊԸ գլխավոր մասնագետ Ռ. Շիրինյանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am