Կառավարության ղեկավարն ընդունեց «Գազպրոմբանկ»-ի պատվիրակությանը

31 հոկտեմբերի 2008, 12:00

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն հոկտեմբերի 31-ին ընդունեց ՌԴ խոշորագույն բանկերից մեկի`«Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի ներկայացուցիչներին` գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Կազնաչեեւի գլխավորությամբ եւ «Գազպրոմբանկ» խմբի լիիրավ անդամ ու որպես հարյուր տոկոսանոց դուստր բանկ հանդիսացող «Առէկսիմբանկ» ՓԲԸ-ի ղեկավարությանը` ի դեմս բանկի խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանի եւ գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանի:

Վարչապետը շնորհավորել է «Առէկսիմբանկի» 10-ամյակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ ու հիշյալ բանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ձեռք բերած «Գազպրոմբանկի» հետ նախատեսած հավակնոտ ծրագրերի շուտափույթ իրականացում: Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետին ներկայացվել է «Առէկսիմբանկի», իբրեւ ՀՀ կայուն զարգացող ֆինանսական կառույցներից մեկի, առաջիկա ծրագրերն ու «Գազպրոմբանկի» հետ համագործակցության արդյունքում նախատեսվող զարգացման հեռանկարները: Տիգրան Սարգսյանն առաջարկել է այդ ծրագրերում լուրջ ուշադրություն դարձնել փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի ֆինանսավորմանը` այդ շուկան համարելով հեռանկարային: Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, եթե «Գազպրոմբանկը» ձգտում է Հայաստանի բանկային մրցակցային դաշտում առաջատար դիրքեր զբաղեցնել, ապա պետք է գործի արագ եւ արդյունավետ օգտագործի ունեցած ներուժը` նկատի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ՌԴ-ի համեմատ ՀՀ ֆինանսական հատվածը թեեւ փոքր, բայցեւ շատ ուժեղ եւ կայուն է:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button