Ընթանում են գազամատակարարման ռեժիմների կարգավորման աշխատանքներ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից հաստատված գազաբաշխման համակարգի հիմնանորոգման, վերատեղադրման ու գազիֆիկացման ծրագրերի շրջանակում հանրապետությունում իրականացվում են վերգետնյա եւ ստորգետնյա միջին ու ցածր ճնշման գազատարների հիմնանորոգման, վերատեղադրման եւ կառուցման, ինչպես նաեւ համակարգի վերակառուցման աշխատանքներ՝ ուղղված գազամատակարարման ճնշումների կարգավորմանն ու ծառայության որակի բարձրացմանը:

Գազամատակարարման ռեժիմների կարգավորման ծրագրով 2008թ. նախատեսված է ավելի քան 6 մլրդ դրամի ներդրումներ, որոնք ուղղված են գործող գազատարների տրամագծերի, թողունակության մեծացմանը, օղակավորմանը եւ թվով 185 պահարանային գազակարգավորիչ կետերի / ՊԳԿԿ / տեղակայմանը, ինչպես նաեւ Երեւան քաղաքի բնական գազի մատակարարման լրացուցիչ սնուցումն ապահովող 4-րդ գազաբաշխիչ կայանի կառուցմանը/ԳԲԿ-4/: Վերջինս նախագծվել է Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի եւ մայրաքաղաքի մինչեւ 2020թ. զարգացման ծրագրի պահանջների հաշվառմամբ: Ներկայումս գրեթե ավարտվել են գազաբաշխման համակարգի վերակառուցման աշխատանքները, ինչը կազմում է նախատեսված ներդրումների ավելի քան 60 տոկոսը, իսկ ԳԲԿ-4-ի կառուցման աշխատանքները /40 տոկոս/ նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ:

Տեղեկանք

Հայաստանի Հանրապետության գազաբաշխման համակարգը նախագծվել եւ կառուցվել է խորհրդային ժամանակաշրջանի գազասպառման նորմատիվների համապատասխան: Հանրապետությունում վերջին տարիներին բնական գազի սպառման կտրուկ աճի հետեւանքով, անհրաժեշտություն է ստեղծվում իրականացնել գազամատակարարման ռեժիմների կարգավորման աշխատանքներ:
Գազաբաշխման ցանցի իրական հնարավորությունների գնահատմամբ, առաջիկա ձմռան ժամանակաշրջանում սպառողների գազամատակարարումը բնականոն ռեժիմով ապահովելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ձեռնամուխ է եղել անհրաժեշտ աշխատանքների իրականացմանն ու առկա խնդիրների կարգավորմանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am