Կ.Կարապետյան՝«Էներգիա առանց սահմանների» գաղափարը պետք է դառնա կարգախոս

18 դեկտեմբերի 2008, 15:00

Դեկտեմբերի 18-ին Երեւանում մեկնարկած «Տեղեկատվական պատերազմներ» միջազգային երկօրյա գիտաժողովում զեկույցով հանդես եկավ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը՝ «Տեղեկատվական պատերազմները էներգետիկ ոլորտում» թեմայով:

Զեկույց

Գլոբալ մարտահրավերներն աշխարհում և տարածաշրջանում Իմ ելույթը, այսպես կոչված տեղեկատվական առճակատման հետ կապված օրակարգային իրավիճակի մանրամասն և հանգամանալից վերլուծություն չէ` էներգետիկայի ոլորտում ընդհանրապես, և մեր տարածաշրջանում մասնավորապես: Այն պարզապես նշված խնդրի շուրջ էներգետիկ մենեջերի կարծիք է, տեսակետ:

Հարավային Կովկասը և տարածաշրջանի հարևան երկրներն այսօր գտնվում են միջազգային խոշոր՝ հիմնականում նավթագազային էներգետիկ նախագծերի խաչմերուկում: Տարածաշրջանի մի շարք երկրներում ածխաջրածինների սեփական պաշարների առկայությունը, ինչպես նաև էներգապաշարների սպառման խոշոր շուկաներին և տնտեսական կենտրոններին մոտ լինելը՝ տարածաշրջանը դարձնում է չափազանց գրավիչ միջազգային կապիտալի համար:

Ի՞նչ պետք է լինի տարածաշրջանային էներգետիկ անվտանգության հիմքում: Ի՞նչն է Հայաստանի համար ուղենիշ լինելու էներգետիկ ռեսուրսների համար մղվող համընդհանուր մրցակցության մեջ, որտեղ գնալով ակտիվորեն ընդգրկվում են այն երկրների կազմակերպությունները, որոնք չունեն իրենց տնտեսական զարգացման համար բավարարող ածխաջրածինների հումքի պաշարներ: Ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել Հայաստանը տարածաշրջանի էներգետիկ քարտեզում: Եվ վերջապես, ի՞նչ դեր կարող է և պետք է ունենա տեղեկատվական աջակցությունը այս կամ այն էներգետիկ նախագծերը մշակելու և իրականացնելու գործում: Այս հարցերի պատասխանները հանգուցային են Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ քաղաքականություն ձևավորելու համար, որն ուղղված է տարածաշրջանի երկրների իրական ինտեգրմանը էներգետիկայի ոլորտում:

Տեղեկատվական պատերազմները էներգետիկայում և մի շարք նախագծերի քաղաքականացվածությունը

Այսօր տարածաշրջանային էներգետիկ նախագծերը բախվում են քաղաքական պատճառներով սահմանափակված տարանցումային սխեմաներին և չեն կարող տարածաշրջանային բազմակողմանի համագործակցության օրինակ հանդիսանալ: Նման իրավիճակի առաջնային պատճառը՝ քաղաքական մրցակցությունն է, «էներգետիկ ծանրքաշայինների» մրցավազքը հանքավայրերին, հանքահորերին և խողովակաշարերին հասնելու համար: Հարավային Կովկասի տարածաշրջանում նման մրցակցությունը փոխում է իրական գործընկերության պատկերը` մեր երկրներին ներքաշելով ոչ թե տնտեսապես հիմնավորված նախագծերի, այլ քաղաքականապես անիմաստ ու անհեռանկար բանավեճերի մեջ:

Այսօր շատ է խոսվում անվտանգության նոր կառուցվածքի անհրաժեշտության մասին աշխարհում ընդահանրապես և Հարավային Կովկասում մասնավորապես: Կարծում եմ, ճիշտ և տեղին է խոսել տարածաշրջանի էներգետիկ անվտանգության նոր կառուցվածքի մասին:

Պետք է փաստել, որ տարբեր, այդ թվում նաև ազգային մակարդակներով, չափազանց անբավարար և հաճախ միակողմանի է լուսաբանվում տարածաշրջանի էներգետիկ իրադրությունը: Հասարակության իրազեկվածության ցածր մակարդակը բերում է նրան, որ վերնախավերը կյանքի են կոչում քաղաքական նախագծեր, որոնք չունեն տնտեսական անհրաժեշտ հիմնավորում, ինչը պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում էներգետիկայի ոլորտում, նպաստում է էներգակիրների միջազգային շուկայում հետագա շահարկումների առաջացմանը: Իսկ դա, ամենայն հավանականությամբ, գլոբալ ֆինանսա-տնտեսական հերթական ճգնաժամերի պատճառ կարող է հանդիսանալ:

Գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասի էներգետիկ նախագծերի քաղաքականացվածությունը ուղղակիորեն անդրադառնում է մեր երկրների յուրաքանչյուր քաղաքացու գրպանին:

Տեղեկատվական մատուցման նոր որակ է անհրաժեշտ` էներգետիկայի ոլորտում քաղաքական և գործարար վերնախավերի նախաձեռնությունների աջակցության ապահովման համար: Անհրաժեշտ է «բիզնես-իշխանություն» փոխադարձ և կայուն կապ: Անհրաժեշտ են պայմաններ, որպեսզի գործարար վերնախավի, այսպես ասած, կրեատիվ ծրագրերն ու նախագծերը ունենան անկողմնակալ և մասնագիտական աջակցություն տեղեկատվական միջավայրում, դրանով իսկ մեր երկրների քաղաքական ղեկավարների համար ստեղծելով անհրաժեշտ «ֆոն» և դրդապատճառներ՝ գիտակցելու այդ նախագծերի կենսունակությունն ու կարևորությունը երկրի զարգացման համար: Նշված գործակցությունը, կատարյալում, պետք է ծառայի տարածաշրջանի էներգետիկ ծրագրերի փոխինտեգրման համար անհրաժեշտ և հարմարավետ միջավայրի ստեղծմանը:

Ներկայումս, ցավոք, իրավիճակը հեռու է նշված ուղենիշերից: Երկրներից յուրաքանչյուրը, անշուշտ, ինքն է ընտրում իր համակարգը և զարգացման մոդելը՝ էներգետիկ անվտանգության կարիքներն ապահովելու համար, միևնույն ժամանակ, գործնականում հաշվի չեն առնվում հարևան երկրներում առկա միտումներն ու նախագծերը, որտեղ, մեր կարծիքով, կան գործակցության լայն հնարավորություններ և ազգային էներգետիկ հատվածները օպտիմալացնելու հսկա դաշտ:

Նշվածը տեղի է ունենում հիմնականում երկու պատճառով: Առաջինը՝ տարածաշրջանի երկրների քաղաքական և տնտեսական ինտեգրման հնարավորությունների հանդեպ վստահության բացակայությունն է, ինչի պատճառով երկրներից յուրաքանչյուրը զինվում է էներգետիկ առավելագույն անկախության և ինքնաբավարարության հայեցակարգով, և երկրորդ պատճառը` ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ տեղեկատվությունը գրեթե ամբողջությամբ քաղաքականացված է:

Իմ տեսակետով, այսօր անհրաժեշտ է՝
• առաջինը՝ համատեղ ջանքերով մշակել տեղեկատվական դաշտում որոշակի ՙվարքի կանոնակարգ՚, մասնավորապես, տարածաշրջանային էներգետիկ նախագծերը լուսաբանելիս: Տվյալ կանոնակարգի հիմքում պետք է լինեն տեսակետը ազնիվ և անկողմնակալ ներկայացնելու սկզբունքներ, իրատեսություն և համագործակցության նպատակաուղղվածություն;
• երկրորդը՝ օգտագործել առկա տեղեկատվական ռեսուրսները էներգետիկայի կառավարման առաջադիմական ձևերի ու մեթոդների տարածման ինչպես նաև մեր տարածաշրջանի երկրների, մասնավորապես Հայաստանի, էներգետիկ անվտանգության խնդիրների քննարկմանը հասարակության մասնակցությունն ապահովելու նպատակով;
• և երրորդը՝ շարունակաբար բարձրացնել տեղեկատվական գործընթացի մասնակիցների մասնագիտական մակարդակը: Տեղեկատվությունը պետք է լինի մասնագիտական և որակյալ: Այսօր, ցավոք, հազվադեպ կարելի է հանդիպել էներգետիկ նախագծերի և զարգացման մոդելների վերաբերյալ մասնագիտական և անկողմնակալ վերլուծություն:
Մեր երկրներում մարդկանց կյանքի որակը բարելավվելու հիմնական պայմաններից մեկը՝ Հարավային Կովկասում էներգապաշարների ազատ շուկայի ստեղծումն է` ազգային էներգետիկ համակարգերի, հաղորդակցման միջանցքների և ազգային գիտատեխնիկական ողջ ներուժի հավասարազոր միավորման ճանապարհով: Սա` միջազգային դիվանագիտության կարևորագույն խնդիրներից մեկն է: «Էներգիա առանց սահմանների» գաղափարը պետք է դառնա կարգախոս:

Հայաստանի քաղաքականության նոր որակը

Այսօր կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը, չունենալով ածխաջրածինների սեփական պաշարներ և ելք դեպի ծով, տարածաշրջանի պետություններում տեղի ունեցող բարդ ու ոչ միանշանակ քաղաքական-տնտեսական գործընթացների ֆոնի վրա, ցուցադրում է էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակի պահպանման խնդիրները ժամանակային առումով հաջող լուծելու վառ ու հզոր օրինակ:

Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի հետագա բարձրացման համար գործիքներից մեկը` պետական մակարդակով արտահանման նոր քաղաքականության մշակումն է, որը պետք է ուղղված լինի առանձնահատուկ և չափազանց արդյունավետ հնարավորությունների ստեղծմանը, որոնք կակտիվացնեն Հայաստանի Հանրապետության ու հարևան երկրների միջև արտաքին-տնտեսական փոխանակումը, որի միջոցով հնարավոր է նշանակալիորեն բարձրացնել երկրի էներգետիկ անվտանգությունը:

Հայաստանը չափազանց ակտիվ դիրքորոշում պետք է դրսևորի մեր տարածաշրջանի երկրների համար շփման ընդհանուր եզր ունեցող տարածաշրջանային նոր նախագծերի մշակման և հետևողական իրականացման հարցում: Ընթացիկ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում տարածաշրջանային համագործակցությունը, մասնավորապես էներգետիկայի ոլորտում, իրական այլընտրանք պարզապես չունի:

Ունենալով երկու գազատար և գազի ստորերկրյա պահեստավորման հզորություններ, ինչպես նաև գեներացման հզորությունների մրցակցային ավելցուկ, Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի տարածաշրջանային ազատական էներգետիկ հարթակ դառնալու համար:

Նշված բարդ խնդրի լուծման համար Հայաստանի տնտեսության մեջ, և հատկապես էներգետիկ ոլորտում, մոտ ապագայում անհրաժեշտ կլինի իրականացնել մի շարք հավակնոտ ծրագրեր, որոնց նպատակներն ու խնդիրները կարելի է ներկայացնել հետևյալ հանգուցային թեզերով՝
• Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացում` արտահանման մրցակցային շուկայի ձևավորման միջոցով ;
• Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակում և իրականացում` արտահանմանն ուղղված էներգետիկ նախագծերի աջակցության նպատակով, որի հիմքում պետք է լինի գնային ճկուն քաղաքականություն;
• ռազմավարական գործընկերների հետ համաձայնեցված դիրքորոշման մշակում տարածաշրջանային էներգետիկ համագործակցության ընդլայնման նպատակով, որտեղ պետք է ներգրավված լինեն ոչ միայն Հայաստանի հարևան երկրները, այլև Թուրքմենստանը, Իրաքը և այլն:

Հայաստանը տարածաշրջանային էներգետիկ «բազա» կարող է դառնալ հետևյալ հիմնական պայմանների առկայության դեպքում. արտաքին-տնտեսական փոխանակման հետագա ազատականացում, նորարարական նվաճումների, առաջադեմ տեխնիկական չափանիշների, տնտեսության պետական կարգավորման ու կորպորատիվ կառավարման մեթոդների նկատմամբ մատչելիության ընդլայնում, իրական անցում դեպի որակապես նոր արտահանման քաղականություն: Նշված հավակնոտ ծրագրի իրականացման գործում տեղեկատվական մասնագիտական աջակցության դերը, անշուշտ, մեծ է:

Թվարկվածը չի կարող իրականացվել ամբողջությամբ, եթե տարածաշրջանի երկրները չգիտակցեն էներգետիկ գործակցության միավորող հեռանկարները, պատրաստակամություն չցուցաբերեն և հետևողականորեն չպահպանեն ընդհանուր իրավական այն ռեժիմը, որը համաձայնեցված է միջազգային նորմերին և ենթակա չէ կամայական, միակողմանի փոփոխման:

Այսօր Հայաստանը տարածաշրջանում էներգետիկ նոր իրավիճակը գնահատում է որպես դրական փաստ և գիտակցում է տարածաշրջանային էներգետիկ խոշոր նախագծերում ներգրավված լինելու իրական հնարավորությունը, և որպես առանցքային մասնակից, մեր երկիրը կարող է դառնալ Հարավային Կովկասի էներգետիկ դաշտի հանգուցային խաղացողներից մեկը:

Եվ վերջինը, համարում ենք, որ տվյալ լայնածավալ խնդիրը ավելի դյուրին կլինի լուծել մեր նախաձեռնությունների տեղակատվական աջակցության պատշաճ մակարդակի առկայության դեպքում, ինչն էլ ակնկալում ենք մեր գործունեությունն իրականացնելիս:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button