Կ.Կարապետյան. «ՀայՌուսգազարդ»-ը հետևողականորեն շարունակում է իր ներդրումային քաղաքականությունը»

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն այցելել է «Հրազդան 5»-ի շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին, զրուցել մասնագետների հետ, հետաքրքրվել շինարարների աշխատանքային պայմաններով:

«Հրազդան 5»-ի շինհրապարակ

«Հրազդան 5»-ի շինհրապարակ

Կ. Կարապետյանը արդյունավետ է գնահատել աշխատանքների ընթացքը` նշելով, որ այն նախ և առաջ պայմանավորված է արհեստավարժ թիմի առկայությամբ, որը աշխատանքները ժամանակին և պատշաճ կազմակերպելու բարձր հմտություն ցուցաբերեց:
Ըստ Կարեն Կարապետյանի, չնայած ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը և հետևանքներին, «ՀայՌուսգազարդ»-ը հետևողականորեն շարունակում է իր ներդրումային քաղաքականությունը, որի հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է Հրազդան ՋԷԿ-ի շինարարության ավարտման և արդիականացման ծրագրին: Ընդհանուր առմամբ, «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի շրջանակում նախատեսվում է ներդնել ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո «ՀայՌուսգազարդ»-ը հնարավորություն կստանա մասնակցելու էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում, ինչը Ընկերության գործունեության պրոֆիլային ձևերից մեկն է, և ավելացնելու էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները:
Ծրագրի իրականացումը ֆինանսական ճգնաժամի պայմաններում որոշ առումով շահեկան էր Ընկերության համար: Հաշվի առնելով միջազգային շուկայում ապրանքների և ծառայությունների գների նվազման միտումները, «Հրազդան-5»-ի Տնօրինությունը կարողացավ համեմատաբար ցածր գներով ձեռք բերել որոշ անհրաժեշտ սարքավորումներ և մոտ 8–9 տոկոս ֆինանսական տնտեսումներ ունենալ մի շարք պայմանագրերի մասով: Այդ գումարները կուղղվեն լրացուցիչ տեխնոլոգիական նախագծերի իրականացմանը:

Տեղեկանք

Ինչպես հայտնի է, 2006 թվականին Հայաստանի Հանրապետության Կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև ստորագրվել էր համաձայնագիր, որի համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ձեռք է բերում «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի ակտիվները (գույքը)՝ դրա շինարարության ավարտման և արդիականացման պարտավորություններով: Նույն թվականին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն սկսել էր նախագծի ներդրումային փուլի իրականացումը, որը նախատեսում է գազային տուրբիններով համալրել էներգաբլոկը, ինչը հնարավորություն կտա ժամանակակից շոգեգազային տեխնոլոգիաների օգտագործմամբ բլոկի տեղադրված հզորությունը հասցնել 460 մՎտ-ի:
Ներկայումս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մասնագիտացված ստորաբաժանումը՝ ի դեմս «Հրազդան-5»-ի Տնօրինության, գրեթե ավարտել է բլոկի ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված բոլոր աշխատանքները: Մասնավորապես, ավարտվել են շուրջ 15 կմ երկարությամբ սնող գազատարի և շուրջ 13 կմ երկարությամբ տեխնիկական ջրամատակարարման խողովակաշարի, ինչպես նաև 6 կմ երկարությամբ մոտեցնող երկաթգծի նորոգման-վերականգնողական աշխատանքները:
Մրցութային կարգով շինմոնտաժային աշխատանքների հիմնական կապալաոռւ ընտրված «Տեպլոէներգոստրոյմոնտաժ» ընկերությունը (Չինաստան) ավարտել է «Հրազդան-5» նախագծի իրականացման համար դուստր ձեռնարկության ստեղծման և գրանցման անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Ներկայում կայան է առաքվել նույթերով բեռնված 56 կոնտեյներ:
Ժամանակացույցի համաձայն, «Տեպլոէներգոմոնտաժ» տրեստը (ՌԴ) շարունակում է ԼՄԶ Կ-300-240-3 շոգետուրբինի նյութերի և սարքավորումների գույքագրման աշխատանքները, իրականացվում են մոնտաժի նախապատրաստական աշխատանքներ: Պայմանագրի համաձայն, նախատեսված է մրցութային հիմունքով ընտրված էլեկտրատեխնիկական սարքավորումների առաքումը:
Նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքների ու փաստաթղթային համապատասխան ձեւակերպումների, ինչպես նաև բեռի փոխադրման բոլոր մասնակիցների, առաջին հերթին, Հարավ-Կովկասյան երկաթուղու անձնակազմի հետ համախմբված ու համակարգված աշխատանքի արդյունքում 2009թ. մայիսի 5-ին 300 ՄՎտ գեներատորի ստատորը տեղափոխեց «Հրազդան-5»-ի հրապարակ: 193 տոննա կշռող սարքը 1992 թվականից գտնվում էր Սանկտ-Պետերբուրգի Իժորսկի գործարանում և այն տեղափոխելու բազում փորձերն արդյունք չեն տվել:
Ներկա փուլում կարևորագույն հարց է նաև կայանի շահագործող անձնակազմի նախապատրաստումը: ՀՀ էներգահամակարգում շոգետուրբինային տեխնոլոգիաների բացակայությունն անհնար է դարձնում Հայաստանի էլեկտրակայաններում անհրաժեշտ անձնակազմի պատրաստումը, իսկ «Հրազդան-5» —ի տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների եզակիությունը բարդացնում է արտասահմանում աշխատակազմի ուսուցման կազմակերպումը: Այդ նպատակով, մշակվել է 7 մասնագիտություններով անձնակազմի պատրաստման 8 փուլանոց հատուկ ծրագիր:
Ծրագրի իրականացման նպատակով, մրցութային կարգով ընտրվել են աշխատակիցներ, որոնք մասնագիտական վերապատրաստում են անցնում Կիրիշսկի ՊՇԷԿ-ում (ՌԴ): Մասնագետների մի խումբ էլ կգործուղվի Մինսկի ՋԷԿ-3, որի գազատուրբինային սարքը համանման է ՙՀրազդան-5՚-ում տեղադրվելիքին:
Այսպիսով, ծրագրի իրականացումն ամբողջ ծավալով հնարավորություն կընձեռի թողարկման-կարգաբերման փորձարկումները կայանում սկսել մասնագիտացված շահագործող անձնակազմի մասնակցությամբ:






Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am