Ընկերական խաղն ավարտվեց 7:4` հոգուտ «ՀայՌուսգազարդ»-ի

Նոյեմբերի 5-ին Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի արհեստական ծածկով մարզադաշտում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ Համալսարանի ֆուտբոլային թիմերի միջեւ կայացավ մինի-ֆուտբոլի ընկերական խաղը: Չնայած անձրեւին` խաղացողներին սատարելու նպատակով մարզադաշտում բուռն մթնոլորտ ու ջերմ տրամադրություն էին ստեղծել «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցներն ու համալսարանի ուսանողները: Խաղին հետեւում էին նաեւ Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը եւ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Երկու լարված խաղակեսերն ավարտվեցին 7:4 հաշվով՝ հօգուտ «ՀայՌուսգազարդ»-ի թիմի: Թիմի ավագ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Զարգացման ներդրումային վարչության պետ Աշոտ Հակոբյանի խոսքով, խաղադաշտում պայքարը լարված էր, քանի որ մրցակից թիմի ֆուտբոլիստներն ունեն բավականին բարձր կարգ, իսկ թիմը հանդիսանում է Հայաստանի ուսանողական լիգայի լավագույն թիմերից մեկը:
«ՀայՌուսգազարդի» թիմի կողմից ընկերության հովանավորությամբ հրատարակված Հայաստանի մասին եռալեզու գիրքը որպես հուշանվեր հանձնվեց ուսանողական թիմի ավագին՝ համալսարանի գրադարանը համալրելու նպատակով:«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ թիմը կազմավորվել է 2007թ: 18 հոգուց բաղկացած թիմը,որի կազմում ընդգրկված են համակարգի 24–45 տարեկան աշխատակիցներ վարչական ապարատից, Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի ԳԳՄ-ներից, «Էյ-Ի- ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ից, մարզվում է շաբաթական 2–3 անգամ: Հաճախակի մասնակցում են ընկերական խաղերի, ինչպես նաև միջազգային մրցաշարերի:


Առաջին միջազգային մրցաշարը կազմակերպել էր 2007թ.սեպտեմբերին, որին մասնակցում էին «Գազպրոմբանկ», «Գազ դե Ֆրանս», «Գազկոմպլեկտիմպեկս», «Գազպրոմէկսպորտ» եւ «ՀայՌուսգազարդ» ընկերությունների ֆուտբոլային թիմերը:
Ավանդույթ դարձած երկրորդ ֆուտբոլային միջազգային մրցաշարը կազմակերպվեց 2008թ.-ին ՝«Գազ դե Ֆրանս», «Գազպրոմ Էկսպորտ», «Գազպրոմբանկ», «ՀայՌուսգազարդ» գազային ընկերությունների ֆուտբոլային թիմերի միջեւ: Այս մրցաշարում արդեն փորձ ձեռք բերած «ՀայՌուսգազարդի» թիմը հաղթող ճանաչվեց: 2008թ.-ին թիմը մասնակցել է նաև մի շարք ընկերական խաղերի «Արարատ-73», Գերմանիայի Դաշնության դեսպանատան, «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Արմավիա» ընկերությունների թիմերի հետ` հաղթանակներ գրանցելով նրանց նկատմամբ:

Այս տարի «ՀայՌուսգազարդ» ընկերության ֆուտբոլային թիմը վրացական “Բաթօյլ” ընկերության հրավերով մասնակցեց սեպտեմբերի 18-20-ը Բաթումի քաղաքում անցկացված երկօրյա ֆուտբոլային մրցաշարին: Խաղում հաղթեց վրացական թիմը, սակայն մրցաշարի կազմակերպիչները առանձնահատուկ գնահատեցին Հայաստանից ժամանած ֆուտբոլային թիմի գեղեցիկ խաղն ու լավագույն խաղացողի գավաթը հանձնեցին հայկական թիմի խաղացող, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆինանսական վարչության առաջատար մասնագետ Սպարտակ Արզումանյանին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am