Հայաստանում բնական գազի որակը բարձր է նույնիսկ միջպետական ստանդարտով սահմանված պահանջներից

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին՝ ԳՕՍՏ 5542–87: Նշված ստանդարտի համաձայն, սպառողներին մատակարարվող մեկ խորանարդ մետր բնական գազի ջերմատվությունը չի կարող լինել 7600 Կկալ ցածր:

Հանրապետություն ներկրվող բնական գազի որակական հատկանիշները ստուգման են ենթարկվում Վրաստանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայանում և հայ-վրացական սահմանին գտնվող «Կողբ» գազաչափիչ կայանում: Մատակարարվող բնական գազի ջերմատվության արժեքը մեկ խորանարդ մետրում 8000 կիլոկալորիայից (Կկալ) ցածր երբեք չի եղել:
Մինչդեռ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. № 54Ն որոշմամբ հաստատված բնական գազի սակագինը ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառողների (խոշոր սպառողներ) համար սահմանել է գազի ջերմատվության բազային արժեքի հիման վրա, որը կազմում է 7900 Կկալ մեկ խորանարդ մետրում: Ավելի բարձ կալորիականություն ունեցող գազի համար խոշոր սպառողները վճարում են, համապատասխանաբար, ավելի բարձր սակագնով, որը հաշվարկվում է Հանձնաժողովի կողմից հաստատված բանաձևով:

Ընդ որում, մինչև 10,0 հազար խորանարդ մետր գազ սպառողների համար սակագինը հաստատուն է՝ անկախ գազի կալորիականությունից:


ՀԾԿՀ-ի կողմից 08.07.2005թ. № 95-Ն որոշմամբ հաստատված «Գազի մատակարարման և օգտագործման կանոնների» (ԳՄՕԿ) հիման վրա Հանձնաժողովը 09.12.2005թ. № 199Ն, 20.01.2006թ. № 9Ն և 20.01.2006թ. № 8Ն որոշումներով հաստատել է բնական գազի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևեր, որոնք «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն կնքում է, համապատասխանաբար, խոշոր սպառողների և բնակիչների հետ: Պայմանագրերում նույնպես ամրագրված է, որ խոշոր սպառողներին մատակարարվող բնական գազի ջերմատվությունը 7900 կիլոկալորիայից ցածր լինելու դեպքում պետք է վերահաշվարկվի բաժանորդի կողմից վճարվող գումարը:


«ՀայՌուսգազարդ»-ն ունի ստացիոնար և շարժական լաբորատորիաներ, որտեղ կանոնավոր կերպով կատարվում են բնական գազի որակական հատկանիշների ստուգումներ:

Նման լաբորատորիաներ ունեն Հայաստանի խոշորագույն գազ սպառողները՝ Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը և «Արարատցեմենտ» գործարաը: Այսինքն, բացի «ՀայՌուսգազարդ»-ի լաբորատորիայից, Հայաստանում կա ևս երեք անկախ լաբորատորիա:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունն այդ սպառողների հետ ստորագրել է աշխատանքային կարգ, որով սահմանված է. թե ինչպես են իրականացվում գազի որակի համատեղ փորձարկումները և փոխստուգումները: Ընդ որում, այդ լաբորատորիաները համատեղ աշխատում են ամեն օր՝ վերահսկելով մատակարարվող գազի որակը:


Բացի այդ, յուրաքանչյուր տասնօրյակը մեկ «ՀայՌուսգազարդ»-ը մամուլում հրապարակում է ըստ տարածքների մատակարարված բնական գազի ջերմատվության միջին արժեքների մասին տեղեկատվություն: Ընկերությունը հրապարակում է նաև ամփոփ տեղեկատվություն՝ ըստ տասնօրյակների և ամսվա կտրվածքով: Այդ տեղեկությունները հաշվետվության տեսքով ներկայացվում են նաև ՀԾԿՀ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am