Հայաստան ներկրվող բնական գազն ունի ավելի բարձր կալորիականություն, քան սահմանված է միջպետական գործող ստանդարտներով

18 փետրվարի 2014, 12:00

Փետրվարի 17-ին «ՀայՌուսգազարդ» Ընկերությունում հրավիրվել էր կլոր սեղան «Բնական գազի կալորիականություն և որակական հատկանիշներ» թեմայով, որին մասնակցել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Չափագիտության ազգային ինստիտուտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, լրատվամիջոցներ:

Կլոր սեղան «Բնական գազի կալորիականություն և որակական հատկանիշներ» թեմայով

Կլոր սեղան «Բնական գազի կալորիականություն և որակական հատկանիշներ» թեմայով

նորհակալություն հայտնելով մասնակիցներին հրավերքն ընդունելու համար, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշեց, որ վերջերս հասարակական շրջանակներում մտահոգություններ են հնչում մատակարարվող բնական գազի որակի առնչությամբ և Ընկերությունը ավելի քան հետաքրքրված է բաց կառուցողական քննարկում կազմակերպել թեմայի շուրջ, պատրաստ է սպառիչ պատասխաններ ներկայացնել բոլոր հարցադրումներին և լսել բոլոր առաջարկները:

Անդրադառնալով մատակարարվող բնական գազի որակական հատկանիշներին, Վ. Հարությունյանը նշեց, որ Հայաստան ներկրվող բնական գազն ունի ավելի բարձր կալորիականություն, քան սահմանված է միջպետական գործող ստանդարտներով: Վերջին տարիներին այդ թիվը տատանվել է 8000–8400 Կկալի սահմաններում, այնինչ միջպետական ստանդարտներով սպառողներին մատակարարվող մեկ խորանարդ մետր բնական գազի ջերմատվությունը չի կարող 7600 Կկալ ցածր լինել: Ընկերությունը բազմիցս համատեղ ստուգումներ է իրականացրել եւ այսօր էլ պատրաստակամ է շահագրգիռ կողմերի, մասնագետների և անկախ փորձագետների մասնակցությամբ գազի որակական հատկանիշների համատեղ ստուգաչափում իրականացնել ցանկացած ժամանակ և ցանկացած հասցեում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչ Աբգար Բուդաղյանը հայտարարեց, թե իրենք պատճառ չունեն չհավատալու գազի կալորիականության վերաբերյալ «ՀայՌուսգազարդ»-ի կողմից յուրաքանչյուր տասնօրյակը մեկ ըստ տարածքների մատակարարված բնական գազի ջերմատվության միջին արժեքների մասին հրապարակված տվյալներին։ Ըստ նրա, վերջին մի քանի տարիների ընթացքում գազի կալորիականությունը զգալիորեն բարձր է եղել, քան թե ստանդարտով պահանջվող մեծությունը, որը կազմում է 7600 կիլոկալորիա, եւ տատանվել է 8000-ից մինչեւ 8500 կիլոկալորիայի սահմաններում: Գազի կալորիականությունը որոշվում է մի քանի փուլով եւ այդ գործընթացներում ներգրավված են տարբեր պետական մարմիններ, այդ թվում Չափագիտության ազգային ինստիտուտը ապահովում է, որպեսզի չափող սարքավորումները ճշգրիտ չափումներ իրականացնեն:
«Նաեւ պետք է նշել, որ եթե մի կողմից գազի կալորիականությունը „ՀայՌուսգազարդ“-ի համար հանդիսացել է առեւտրային գործիք, ապա մյուս կողմից էներգետիկայի բնագավառում արտադրող կայանների համար այն եւս հանդիսանում է առեւտրային գործիք, այսինք դրանով է որոշվում նրանց արտադրության արդյունավետությունը և գազի դիմաց կատարվող վճարումների մեծությունը: Եվ մի կետում չի, որ չափվում է գազի կալորիականությունը, այլ չափվում է նաեւ այդ ընկերությունների կողմից եւ մինչ օրս որեւէ բողոք չենք ստացել արտադրող ընկերություններից, որ տեղի է ունեցել գազի կալորիականության խախտումներ նորմերից կամ ընկերության կողմից հրապարակված տվյալները արժանահավատ չեն», —իր խոսքում նշեց Ա. Բուդաղյանը:

ՀՀ Չափագիտության ազգային ինստիտուտի տնօրեն Վահան Սահակյանը անդրադառնալով լաբորատոր փորձաքննությունների արժանահավատությանը, ավելացրեց, որ իրենց կառույցը գործում է մոդելային օրենքի եւ կառավարության որոշումների համաձայն, որոնք ապահովում են կառույցի գործունեության անկախությունը: Փարատելով կալորիականության վերաբերյալ կասկածները, նշեց, որ Հայաստան ներկրվող գազը փորձաքննություն է անցնում ոչ միայն երկրի ներսում, այլ նաև վրացական սահմանին և ստացվող տվյալները անհամապատասխանություններ չեն արձանագրում։


Հարց ու պատասխանի ձևաչափում ընթացող քննարկման ժամանակ հիմնական հարցադրումը վերաբերում էր բնական գազի բաղադրությանը, կալորիականության վրա ազդելու հնարավորություններին, սպառման ծավալների աճին:

Վ. Հարությունյանը ներկայացնելով բնական գազի բաղադրությունը, նշեց, որ, օրինակ 8 278 Կկալ ունեցող մեկ խորանարդ մետր բնական գազի մեջ մեթանը կազմում է 92,2%, էթան՝ 4,9%, պրոպան՝ 0,78%, իզոբութան՝ 0,07%,էնոբութան՝ 0,08%, թթվածին 0,0082%, ազոտ՝ 1,39%, ածխածնի երկօքսիդ՝ 0,45%, ծծմբաջրածնի զանգվածի խտությունը՝ 0,001 գ/մխ, մերկապտանային զանգվածի խտությունը՝ 0,024 գ/մխ: Բոլոր այս ցուցանիշները նորմայի սահմաններում են: «Գազի մեջ ի սկզբանե կա թթվածին, նորմատիվի սահմանում, պատրաստ ենք լաբորատոր փորձաքննություն կատարել, եթե նորմայից շեղում լինի, պատրաստ ենք պատասխան տալ»:

Գազի կալորիականությունը արտաքին միջամտություններով փոփոխելը որակելով ուտոպիա, Վ. Հարությունյանը հատկանշեց, որ Հայաստան ներկրվող և սպառողներին մատակարարվող բնական գազի կալորիականությունը չի կարող փոխվել: «Պրակտիկապես անհնար է։ Երբ գազը հանքահորից ստանում են, այն տեխնոլոգիական մշակում է անցնում վերամշակման գործարաններում: Մենք օգտագործում ենք այն գազը, ինչ ներկրվում է հանրապետություն: Մեր երկրում չի կարող կալորիականությունը փոխվել»:


Ինչ վերաբերում է ձմռան շրջանում գազի սպառման ծավալների աճին, ապա «ՀայՌուսգազարդի» տնօրենի դիտարկմամբ առաջին հերթին դա պայմանավորված էր դեկտեմբեր ամսին գրանցված ցուրտ եղանակով, երբ ըստ Հիդրոմետի տվյալների 8-ից 10 աստիճանով ավելի ցածր ջերմաստիճան է գրանցվել նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ: Արտաքին օդի ջերմաստիճանով պայմանավորված մեծանում են բնակարանների, տների արտաքին պատերից ջերմային կորուստները, ինչը պետք է փոխհատուցվի ավելի շատ քանակությամբ գազի սպառման ծավալով:


Գազի աղտոտվածության մասին հարցին ի պատասխան նշվեց, որ մինչ ներտնային գազասարքերին հասնելը, գազն անցնում է հաշվառման սարքերի միջով, որոնք իրենց ներսում պարունակում են համապատասխան ֆիլտրեր /զտիչներ/ և դրանք փոխվում են հինգ տարին մեկ անգամ՝ պլանային ստուգաչափում անցնելիս: Եթե գազը աղտոտված լիներ տարբեր խառնուրդներով, ապա ֆիլտրերի փոփոխման անհրաժեշտություն կլիներ կես տարին մեկ անգամ, հակառակ դեպքում վթարներն ու շահագործման հետ կապված խնդիրներն անխուսափելի կլինեին:


Գազի որակական հատկանիշների ստուգումներ անցկացնելու առաջարկներ ներկայացվեցին «Սպառողների ազգային ընկերակցություն» և «Սպառողների միություն» հասարակական կազմակերպությունների կողմից:

Երկժամյա քննարկումից հետո մասնակիցները որոշեցին պատահական սկզբունքով ընտրված սպառողի բնակարանում գազի որակական հատկանիշների ստուգաչափում անցկացնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի շարժական լաբորատորիայի միջոցով: Հասարակական կազմակերպությունների, փորձագետի և լրատվամիջոցների ներկայությամբ անցկացված ստուգաչափման արդյունքում արձանագրվել է 8243 Կկալ մեկ խորանարդ մետր բնական գազում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button