Հայաստանում գործում է 334 ԱԳԼՃԿ

15 հոկտեմբերի 2014, 12:46

Բնական գազը, ըստ մասնագետների գնահատականների, էկոլոգիապես ամենամաքուրն է ներկայում օգտագործվող շարժիչային վառելիքների շարքում: Բնական գազով աշխատող ավտոմոբիլային տրանսպորտը միջինը 5 անգամ ավելի քիչ վնասակար նյութեր է արտանետում մթնոլորտ, քան բենզինով աշխատող ավտոտրանսպորտը:

Այսօր Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում այն երկրների շարքում, որտեղ բնական գազն օգտագործվում է որպես շարժիչային վառելիք: ՄԱԿ—ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) և Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի (IRF) վիճակագրության համաձայն՝ հանրապետությունում գազով է աշխատում մեքենաների 77.3 տոկոսը:

Ներկայում Հայաստանում շահագործվում է 334 ԱԳԼՃԿ, որոնցից 8-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ենթակայությամբ: 2013 թ. ԱԳԼՃԿ-ների կողմից սպառվել է 454,9 մլն խոր. մ. գազ, իսկ 2014 թ. ակնկալվող սպառման ծավալը կազմում է 471,6 մլն խոր. մ:

Այսօր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում գործող տրանսպորտային ընկերությունների մեծամասնությունը իրենց տրանսպորտային միջոցները շահագործում են գազով: Նման իրավիճակ է նաև մասնավոր տրանսպորտի հատվածում, քանի որ Հայաստանում ավտոսեփականատերերի ճնշող մեծամասնությունը նախընտրում է բնական գազը՝ խնայելով համեմատաբար զգալի միջոցներ:

Առաջին ԱԳԼՃԿ-ն Հայաստանում բացվել է 1986 թ. Երևանի արվարձաններից մեկում: 90-ական թվականների սկզբին հանրապետության տարածքում գործել է 4 ԱԳԼՃԿ, իսկ բնական գազի սպառման տարեկան ծավալն այդ կայանների կողմից կազմել է մոտավորապես 650 հազ խոր.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button