«Տրանսգազ» ՍՊԸ-ն հերթական ուսումնական վարժանքներն է անցկացրել Վանաձորում

27 ապրիլի 2015, 12:18

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, անցկացրել է ուսումնական վարժանքներ գազափոխադրման համակարգի օբյեկտներում, որոնց մասնակցել են «Տրանսգազ»-ի Վանաձորի գծային շահագործման մասնաճյուղի (ԳՇՄ) վթարային խումբը, հրշեջ ծառայության մարտական հաշվարկ և շտապօգնության բրիգադ:

Վարժանքների ընթացքին հետևել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Տրանսգազ» ՍՊԸ-ի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները: Ուսումնական վարժանքների սցենարով Վանաձոր քաղաքի «Տարոն-2» գազաբաշխիչ կայանի (ԳԲԿ) տարածքում վթարային իրավիճակի հետևանքով բռնկվել է հրդեհ:

Արտակարգ դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո Վանաձորի ԳՇՄ-ի պետի հրահանգով ձևավորվել է վթարային խումբ, որի առջև դրված է եղել սեղմ ժամկետներում դեպքի վայր մեկնելու, մինչև հրշեջների ժամանելը հրդեհաշիջման հնարավոր միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու առաջադրանք: Վարժանքների մեկ այլ սցենարով, մայրուղային գազատարի հատվածներից մեկում հայտնաբերել էր վթար՝ գազի արտահոսքով, իսկ Վանաձորի ԳՇՄ-ի վթարային խումբն իրականացրել էր վթարի վերացման աշխատանքներ՝ անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջների պահպանմամբ:

Ինչպես նշեց ուսումնական վարժանքների ղեկավար՝ Վանաձորի ԳՇՄ-ի պետի տեղակալ Մանուկ Տերտերյանը, վթարային խումբը կատարել է իր առջև դրված բոլոր խնդիրները: «Մեր մասնագետների այսօրվա աշխատանքը գնահատում եմ „լավ“, սակայն կցանկանայի, որպեսզի հետագայում գնահատականը լիներ գերազանց», — ասել է նա:

Իր հերթին «Տրանսգազ» ՍՊԸ-ի գազափոխադրման համակարգի շահագործման և սպասարկման բաժնի անվտանգության տեխնիկայի գծով գլխավոր մասնագետ Աշոտ Քալաշյանը, գնահատելով ուսումնական վարժանքների արդյունքները, նշել է, որ վթարային խմբի մասնագետները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստավածություն վթարային տարբեր իրավիճակների հետևանքները վերացնելու գործում, և նրանց աշխատանքն արժանի է լավ գնահատականի: Ուսումնական վարժանքների ավարտից հետո Վանաձորի գծային շահագործման մասնաճյուղում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժանքների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր, ամփոփվել դրանց արդյունքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button