«Ծաղկաձոր Մարիոթ»-ի աշխատակիցները ծառատունկ են կազմակերպել հատուկ դպրոցի հարակից տարածքում

«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրի աշխատակիցները կրկին հյուրընկալվել են Հրազդան քաղաքի Վ. Սարոյանի անվան №11 հիմնական դպրոցի հատուկ կրթության ստորաբաժանման աշակերտների մոտ և նրանց մասնակցությամբ ծառատունկ կազմակերպել դպրոցի շրջակայքում՝ ավելացնելով դպրոցին հարակից կանաչ տարածքները և գեղեցկացնելով այգին:

Ակցիայի նպատակն է մշտապես ուշադրության կենտրոնում պահել հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին, աջակցել հատուկ դպրոցի տնօրինությանը և ուսուցիչներին, որոնք մեծ ջանք ու եռանդ են ներդնում երեխաների կրթության և դաստիարակման գործում: «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրը, ավանդույթ դարձնելով, կշարունակի նմանատիպ միջոցառումները, որոնք կհիշեցնեն մանուկներին, որ իրենք սիրված են և մշտապես ուշադրության կենտրոնում, իսկ նրանց մասնակցությունը ծառատունկին էլ ավելի կմոտեցնի սաներին բնությանը: Հյուրանոցային համալիրը անցած տարվա ընթացքում նաև դրամահավաք է կազմակերպել, որի միջոցով նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը վերանորոգել դպրոցի հանգստի սրահը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրի կառավարումը իրականացնում է MARRIOTT ընկերությունը, որը, որպես հյուրանոցային կառավարման պատասխանատու, առաջնահերթություն է համարում օգնել այն համայնքներին, որտեղ գործունեություն է ծավալում, քանի որ հզոր միջավայրն ու քաղաքը հասարակության բարեկեցության գրավականն են:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am