Աշխատանքի պաշտպանության տարվա շրջանակում «Գազպրոմ Արմենիա»-ն անցկացնում է ուսումնական վարժանքներ

«Գազպրոմ» ՀԲԸ-ում հայտարարված Աշխատանքի պաշտպանության տարվա շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, անցկացրել է ուսումնական վարժանք գազափոխադրման համակարգի օբյեկտներում «Տրանսգազ»-ի Վանաձորի գծային շահագործման մասնաճյուղի (ԳՇՄ) վթարային խմբի մասնակցությամբ:

Ուսումնական վարժանքների սցենարով Վանաձոր քաղաքի «Տարոն-2» գազաբաշխիչ կայանի (ԳԲԿ) տարածքում վթարային իրավիճակի հետևանքով բռնկվել է հրդեհ: Արտակարգ դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո Վանաձորի ԳՇՄ-ի պետի հրահանգով վթարային խմբի առջև դրվել է սեղմ ժամկետներում դեպքի վայր մեկնելու, հրդեհաշիջման հնարավոր միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև մինչև շտապ օգնության բրիգադը ժամանելը տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու առաջադրանք: Ուսումնական վարժանքի մեկնարկից առաջ «Տրանսգազ» ՍՊԸ-ի մասնագետների կողմից իրականացվել է վթարային խմբի հրահանգավորում աշխատանքի պաշտպանության և հրդեհային անվտանգության պահանջների կատարման համատեքստում: Հրդեհաշիջման միջոցառումները և վթարային իրավիճակի հետևանքները վերացնելու աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար վարժանքի մասնակիցները ապահովված են եղել հակահրդեհային և անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցներով: Վանաձորի ԳՇՄ վթարային խումբը աշխատանքները կատարել է անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջների պահպանմամբ: «Տրանսգազ» ՍՊԸ-ի գազափոխադրման համակարգի շահագործման և սպասարկման բաժնի անվտանգության տեխնիկայի գծով գլխավոր մասնագետ Աշոտ Քալաշյանը, գնահատելով ուսումնական վարժանքների արդյունքները, նշել է, որ վթարային խմբի մասնագետները ցուցաբերել են գերազանց պատրաստվածություն գազափոխադրման համակարգի օբյեկտներում վթարային տարբեր իրավիճակների հետևանքները վերացնելու գործում:

Աշխատանքի պաշտպանության տարվա շրջանակում հաջորդ ուսումնական վարժանքը նախանշված է նոյեմբերի սկզբին Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am