«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կոչ է անում պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները

Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի է ունեցել հանրապետությունում գրանցված բնական գազի օգտագործմանն առնչվող դեպքերի, դրանց պատճառների և կանխարգելիչ միջոցառումների թեմայով մամուլի ասուլիս, որին մասնակցել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը, «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանը և ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ներկայացուցիչ Սերգեյ Հայրապետյանը:

Ներկայացնելով բնական գազի օգտագործման հետ կապված պատահարների վերջին մի քանի տարվա վիճակագրությունը՝ Աշոտ Գրիգորյանն ընդգծեց, որ այդ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վթարային իրավիճակների հիմնական պատճառը մարդկային գործոնն է: «Հիմնական ռիսկային գործոնն այն է, որ անտեսվում են բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները, այդ թվում՝ էլեկտրական սնուցումից անջատվում են գազասպառման անվտանգության համակարգերը: Պետք է շեշտեմ, որ „Գազպրոմ Արմենիա“ ՓԲԸ բոլոր բնակիչ-բաժանորդների բնակարաններում և տներում տեղադրված այդ համակարգերը կարևորագույն դեր են խաղում վթարային իրավիճակների կանխարգելման տեսանկյունից: Պատահարների պատճառ են հանդիսանում նաև բաժանորդների կողմից օդատար ուղիների խցափակումը լաթերով, առանց ծխատարին միացնելու գազասարքերի օգտագործումը, ինչը բերում է բնակարաններում այրման արգասիքների վտանգավոր աստիճանի կուտակվելուն», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետը:

Անդրադառնալով կանխարգելիչ միջոցառումներին՝ Աշոտ Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները, ինչպես նաև գազ սպառող բնակիչ-բաժանորդների ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ փականագործները մշտապես իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները անվտանգ և հուսալի գազամատակարարում ապահովելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում, եթե արձանագրվում են վթարային իրավիճակներ, ձեռնարկում են համապատասխան միջոցներ դրանք կանխելու և վերացնելու ուղղությամբ:

«Շատ կարևոր է նաև, որպեսզի բնական գազ սպառող բաժանորդներն իրենց հերթին պահպանեն բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները: „Գազպրոմ Արմենիա“ ընկերությունն իր բոլոր բաժանորդներին պարտադիր կարգով տրամադրում է „ՀՀ տարածքում գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկման անվտանգ շահագործման հուշաթերթերը“, որոնցում մանրամասն ներկայացված են այդ բոլոր կանոնները: Մեկ անգամ ևս կոչ եմ անում պահպանել անվտանգության կանոնները, մասնավորապես ջեռուցման ժամանակաշրջանում, իսկ գազասպառման համակարգի կամ գազօգտագործող սարքերի հետ կապված խնդիրների առաջացման դեպքում անմիջապես դիմել մեր մասնագետներին 1–04 հեռախոսահամարով, ինչպես նաև „Էյ-Ի-Ջի Սերվիս“ ընկերություն», — նշեց նա:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am