Պարզաբանում

3 օգոստոսի 2017, 10:29

Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ օգոստոսի 2-ի հայտարարույթունը Lragir.am կայքը մեկնաբանեց բացառապես անհիմն եղանակով՝ փորձելով քաղաքականացնել այդ հարցը և ներկայացնել այն տարածաշրջանային պետությունների աշխարհաքաղաքական շահերի բախման լույսի ներքո:

«Քաղաքական տարրեր» փնտրողների կասկածները փարատելու նպատակով հայտնում ենք, որ դեռևս այս տարվա հուլիսի 4-ին Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնական գրությամբ դիմել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸին՝ տեղեկացնելով, որ Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրացական հատվածում (Քուռ գետի մոտակայքում) նախատեսվում է կառուցել օդային անցում և շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար պահանջվում է 30 օրացուցային օր: Հարկ ենք համարում նաև նշել, որ վրացական կողմը իրենց ծրագրերի մասին «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը բանավոր կարգով տեղեկացրել էր ավելի վաղ՝ հունիսին, ինչին արդեն հաջորդել էր պաշտոնական գրությունը:

«Գազպրոմ Արմենիա»-ի հետ աշխատանքների մեկնարկի ժամկետը համաձայնեցնելուց հետո Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը օգոստոսի 2-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ օգոստոսի 3-ից կդադարեցվի Վրաստանի տարածքով բնական գազի փոխադրումը դեպի Հայաստան մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Կրկին տեղեկացնում ենք, որ հանրապետության բոլոր սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am