1–04 վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցել է ՀՀ ԱԻՆ հատուկ տակտիկական ուսումնական վարժանքին

1 մարտի 2018, 17:50

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությունը մարտի 1-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով, որին մասնակցում էր նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը:

Ըստ ուսումնավարժության պլանի, ռմբակոծվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքը, որի հետևանքով մասնաշենքը զգալիորեն վնասվել է, առաջացել են հրդեհի օջախներ և փլուզումներ, շարքից դուրս է եկել կոմունալէներգետիկ համակարգը, առկա է քիմիական աղտոտվածության վտանգ և կան տուժածներ:

1–04 վթարակարգավարական ծառայության խմբի առջև դրված է եղել դեպքի վայր օպերատիվ ժամանելու, իրավիճակը գնահատելու և շենքի գազամատակարարումն առավելագույն սեղմ ժամկետներում դադարեցնելու խնդիրը:


Ուսումնավարժության նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս ու կատարելագործել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմավորումների ու արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:


Տեղեկանք


Մարտի 1-ը նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր:

Հայաստանը ևս 1994 թ. ապրիլից Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am