«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04  վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցել է ՀՀ ԱԻՆ ուսումնավարժությանը

13 հունիսի 2018, 14:48

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցել է Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) տարածքում կազմակերպված ՀՀ ԱԻՆ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը՝ «Հակառակորդի հարձակման դեպքում աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը» թեմայով:

Միջոցառման հիմնական նպատակներից էին, մասնավորապես, արձագանքող ուժերի պատրաստվածության ստուգումը, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը և արձագանքող ուժերի համագործակցությունը:

Մշակված սցենարի համաձայն՝ հակառակորդը կրկին խախտել էր հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից սկսել գնդակոծել ՀՀ սահմանամերձ գյուղերը: Նշված համայնքները ենթարկվել էին նաև օդուժի հարձակման: ՀՀ սահմանը հատել էր հակառակորդի պայմանական 4 կործանիչ ինքնաթիռ: Թշնամու օդուժի կողմից «ռմբակոծվել» էր նաև ինստիտուտի մասնաշենքը:

Վարժանքի մեկնարկը տվեց «Օդային տագնապ» ազդանշանը: Ինստիտուտի քաղպաշտպանության շտաբի պետը, ապաստարանների սպասարկման խմբի միջոցով, կազմակերպեց աշխատակիցների պատասպարումը վարչական շենքի ապաստարանում:

Վարժանքներին մասնակցում էին նաև Երևան քաղաքի հերթապահ ծառայությունների օպերատիվ խմբերն ու ստորաբաժանումները՝ ՀՀ ոստիկանություն, շտապբուժօգնություն, «ՀԷՑ» և «Վեոլիա Ջուր» ընկերության վթարային խմբերը՝ յուրաքանչյուրն իրականացնելով իր լիազորությունների շրջանակում սահմանված աշխատանքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am