«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գնումների գործընթացի կազմակերպումն ապահովում է բացառապես գործող իրավական ակտերի դրույթներին համապատասխան

27 փետրվարի 2019, 14:58

Վերջին օրերին մամուլում տեղ գտավ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» հրապարակումը, որի համաձայն նշված կենտրոնը, ուսումնասիրելով հանրային ծառայությունների ոլորտի որոշ կազմակերպությունների 2015–2018 թթ. գնումների պայմանագրերը, եկել էր այն եզրահանգման, որ նշված կազմակերպությունները գնումների հաշվետվություններ չեն ներկայացնում կամ գնումները չեն իրականացնում «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի համաձայն:

Մասնավորապես, հրապարակման մեջ նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 թվականից սկսել է հաշվետվություններ չներկայացնել:

Չանդրադառնալով Կենտրոնի կողմից իրականացված «ուսումնասիրությունների» որակին և գնումների ոլորտը կարգավորող գործող իրավական ակտերի պահանջների հետ ոչ մի առնչություն չունեցող սիրողական եզրահանգումներին, տեղեկացնում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն թե՛ գնումների գործընթացի կազմակերպումը և թե՛ այդ գործընթացի հետ կապված հանրային հաշվետվողականությունն ապահովում է բացառապես գործող իրավական ակտերի դրույթներին համապատասխան: Այսպես.

1. «Գնումների մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.06.2014 թվականի N207Ա որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կատարված գնումների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացնում ոչ միայն տարեկան կտրվածքով (ինչպես նշված է հրապարակման մեջ), այլ նաև յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 15-ը, որը Հանձնաժողովի կողմից ենթարկվում է մոնիթորինգի.

2. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, նշված կարգի համաձայն, այդ հաշվետվությունները ներկայացնում է սկսած 2014 թվականի հուլիսի 1-ից և առ այսօր (այդ թվում նաև 2016-ից 2018թթ.-ին) նշված կարգի որևէ խախտում չունի, հետևաբար «ուսումնասիրության արդյունքում բացահայտված հանգամանքը»՝ 2016 թվականից սկսած նշված հաշվետվությունները չներկայացնելու վերաբերյալ ապատեղեկատվություն է.

3. Առհասարակ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից գնումների գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը (գնումների պլանի, գնման մրցույթ անցկացնելու վերաբերյալ հայտարարությունների, այլ տեղեկությունների հրապարակում) հանրայնացվում է՝ սահմանված կարգով և ժամկետներում՝ տեղադրվելով ինչպես ՀՀ ֆինանսների նախարարության՝ gnumner.am կայքում, այնպես էլ ընկերության պաշտոնական կայքում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button