«Գազպրոմ Արմենիան» ՓԲԸ ՀԾԿՀ-ի որոշումը իրավաչափ չի համարում

6 հունիսի 2019, 12:31

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 5-ի նիստում որոշում է կայացրել «Գազպրոմ Արմենիան» ՓԲԸ նկատմամբ տուգանք կիրառել 10 մլն դրամի չափով՝ բնական գազի օգտագործման և մատակարարման կանոնների մի շարք կետերը չպահպանելու, բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանների պահանջները խախտելու և մի շարք այլ խախտումների համար:

«Գազպրոմ Արմենիան» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ, Գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը նիստում ունեցած իր ելույթում նշել է, որ իրականացված մոնիտորինգի ընթացքում արձանագրված խախտումների հիմնականում ԳՄՕԿ-ով սահմանված մոտեցումների երկակի ընկալումների և մեկնաբանությունների հետևանք են: «Հաշվի առնելով, որ մեր գործունեությունը բխել է բացառապես բաժանորդների շահերից և անգամ այս պարագայում այդ խախտումները չեն խաթարել համակարգի անվտանգությունը և հաշվի առնելով այն, որ ներկրվող բնական գազի գնի բարձրացմամբ պայմանավորված կանխատեսվում են ընկերության տարեկան գործունեության բացասական ցուցանիշներ, հատևավաբար՝ մենք դեմ ենք տուգանքի կիրառմանը», — նշեց Ա.Հակոբյանը: Նա ավելացրեց, որ Ընկերությունը հանձնաժողովի որոշումը իրավաչափ չի համարում:


Խախտումները արձանագրվել են 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ը ընկած ժամանակահատվածում ՀԾԿՀ-ի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button