Վրաստանը էլկետրաէներգիայի հայտ չի էլ ներկայացրել

Թեեւ նախապես հայտնած մտադրություններին, այս տարվա համար Հայաստանից էլեկտրաէներգիա ձեռք բերելու վերաբերյալ Վրաստանը հայտ չի ներկայացրել։ Մեր հարցմանը ի պատասխան` այս մասին հայտնեցին «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, նշելով, որ նման դիմում գոնե մինչեւ հիմա վրացական կողմից չեն ստացել։


Սովորաբար Վրաստանը Հայաստանից էլեկտրաէներգիա է ձեռք բերում ձմռան ամիսներին, երբ մեծանում է պահանջարկը։ Խոսքը տարեկան մոտ 200 Մվտ հոսանքի մասին է, որի դիմաց վրացական կողմը կատարում է ուղղակի վճարում։

Թե ինչով է պայմանավորված այս տարվա համար էլեկտրաէներգիայի ստացման հայտ չներկայացնելը, էներգետիկայի նախարարությունից դժվարացան պատասխանել, նշելով, որ դա Վրաստանի իրավունքն է։ Նրանք որեւէ պատճառաբանություն չեն ներկայացրել եւ պարտավոր էլ չեն բացատրություններ տալ։

Սակայն կարծես այնքան էլ դժվար չէ հասկանալ, թե իրականում որն է խնդիրը։ Ինչպես հայտնի է, Վրաստանը պայմանավորվածության է եկել Ադրբեջանի հետ ձմռան ամիսներին էլեկտրաէներգիա ստանալու վերաբերյալ։ Այս համաձայնությանը կողմերը եկել են Վրաստանին ադրբեջանական գազի մատակարարման համատեքստում։ Չի բացառվում, որ Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիայից հրաժարվելու պայմանով է Ադրբեջանը համաձայնել գազ մատակարարել Վրաստանին։ Առավել եւս, որ առաջարկված տարբերակով Վրաստանը էլեկտրաէներգիան ոչ թե գնելու է, ինչպես Հայաստանի դեպքում էր, այլ ուղղակի վերադարձնելու է նույն տեսքով՝ ամռան ամիսներին։

Իհարկե, սա ամենեւին չի նշանակում, որ Վրաստանն ընդհանրապես դադարեցնում է էլեկտրաէներգիա ձեռք բերել Հայաստանից։ Էներգետիկայի նախարարությունից հատնեցին, որ հայտ կարող է ներկայացվել հետագայում, երբ առաջանա նման անհրաժեշտություն։ Այդ առումով սահմանափակումներ կարծես չկան։

Մյուս կողմից՝ Հայաստանից ներմուծվող էլեկտրաէներգիայից ընդհանրապես հրաժարվելու պայմաններում պարզապես անիմաստ կլիներ նոր բարձրավոլտ ցանցի կառուցումը։ Ինչպես հայտնի է, հայ¬վրացական պայմանավորածությունների շրջանակում նախատեսվում է երկու երկրների միջեւ անցկացնել ավելի հզոր էլեկտրահաղորդման գիծ։ Ավելին՝ ընդամենը մի քանի օր առաջ վրացական կողմը հայտարարել է մրցույթ՝ իր տարածքում կատարվող աշխատանքների համար կապալառու ընկերության ընտրության նպատակով։ Ցանցի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել ընթացիկ տարվա առաջին կիսամյակում։

Այդ ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում նաեւ հայկական կողմում, թեեւ տեխնիկական առումով վիճակը տարբեր է։ Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի տարածքով անցկացվող գծի մի մասի աշխատանքներն արդեն կատարված են։

Ինչեւէ` կհրաժարվի՞ Վրաստանը նոր եւ ավելի հզոր բարձրավոլտ ցանցի կառուցումից, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։

ԳԱԶԱՏԱՐԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է, ԹԵ՞ ՈՉ

Չնայած հնչող գնահատականներին, մի բան ակնհայտ է, որ Իրան¬Հայաստան գազատարը դեռեւս չի շահագործվում, որովհետեւ պատրաստ չէ։ Որքան էլ աշխատանքները հիմնականում կատարված են, այնուհանդերձ շինարարությունն ամբողջությամբ չի ավարտվել։ Առավել եւս գազատարը չի փորձարկվել, առանց որի խոսք անգամ չի կարող լինել շահագործման մասին։ Շինարարական աշխատանքները որոշ չափով դանդաղել են նաեւ խիստ ցուրտ եղանակի պատճառով։

Սակայն սա չի նշանակում, որ խախտվել են գազատարը շահագործման հանձնելու ժամկետները։ Իրանական կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրով շինարարությունը պետք է ավարտվի մարտի վերջին։ Այլ հարց, որ Իրան¬Հայաստան գազատարը հնարավորինս շուտ շահագործման հանձնելու ցանկություններից ելնելով` նախկինում արվել են հայտարարություններ դրա կառուցումը վաղժամկետ ավարտելու վերաբերյալ։

Պարզ է, որ այս պայմաններում անիմաստ է խոսել իրանական գազի մատակարարումը չսկսելու քաղաքական կամ տնտեսական պատճառների մասին։ Անշուշտ, Հայաստանի համար միանգամայն ձեռնտու է հնարավորինս շուտ սկսել գազատարի շահագործումը։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։

Հայտնի է, որ իրանական գազն ունի միայն էներգետիկ նշանակություն, եւ այս գործարքում Հայաստանը ոչ միայն ֆինանսական կորուստներ չի ունենա, այլեւ կստանա լրացուցիչ եկամուտներ, ինչը, բնականաբար, չի կարելի ասել ռուսական գազի դեպքում։ Սակայն անգամ այդ պայմաններում անիմաստ է հակասություններ փնտրել ռուսական եւ իրանական գազի առաջնահերթության վերաբերյալ։ Մեկն ընդհանրապես կապ չունի մյուսի հետ։

Այսպես թե այնպես Հայաստանը Ռուսաստանից ստանալու է այնքան գազ, որքան ստացել է մինչեւ այժմ։ Դրա համար գոնե այս փուլում չի կարող խոչընդոտ լինել իրանական գազը, որովհետեւ այն ունի զուտ էներգետիկ նշանակություն եւ կարող է ռուսական գազին փոխարինել միայն, այսպես կոչված, ֆորսմաժորային իրավիճակներում՝ հանդիսանալով որպես այլընտրանք Վրաստանով անցնող գազատարին։

Հեղինակ: Վասակ Թարփոշյան

Աղբյուր: «Հայոց աշխարհ» թերթ