Նոր տարում կգործի նոր սակագին

Հունվարի 1-ից գազն արժե 59 դրամ


Նոր տարին Հայաստանում նշանավորվեց գազի էժանացմամբ։ Սա առանձնահատուկ է ոչ միայն այն բանով, որ բազմաթիվ երկրներում նկատվում է հակառակ միտում, այլեւ նրանով, որ մեզանում խիստ հազվադեպ են իջնում գները։ Սովորաբար բարձրանալուց հետո գները այդպես էլ չեն իջնում։

Չնայած ռուս¬վրացական հարաբերությունների սրացումներին եւ այդ պատճառով Հայաստանի գազամատակարարման ակնկալվող հնարավոր բացասական հետեւանքներին, այնուհանդերձ գոնե առայժմ այդ ազդեցությունը որեւէ կերպ չի արտահայտվում։ Ինչպես հայտնի է, Վրաստանը համաձայնեց իրեն թելադրված գնային նոր պայմաններին եւ հունվարի 1¬ից ռուսական գազը ձեռք է բերում շատ ավելի բարձր գնով՝ շուրջ 230 դոլարով։ Որքան էլ մինչ այդ խոսվում էր Հայաստանին մատակարարվող գազի տարանցման սակագները կտրուկ բարձրացնելու մասին, այնուհանդերձ այս փուլում Վրաստանը ձեռնպահ մնաց նման քայլից։

Խնդիրը չի կարելի սակայն փակված համարել, որովհետեւ վրացական կողմը սա համարում է ընդամենը ժամանակավոր լուծում եւ չի բացառում առաջիկայում, ռուսական գազից հրաժարվելուց հետո, բարձրացնել տարանցման գները։

Վրաստանը մտադիր է ռուսական գազից օգտվել մինչեւ մարտ ամիսը։

Հայ¬ռուսական համաձայնության շրջանակներում, ինչպես հայտնի է, դեռեւս անցած տարի հաջողվեց սահմանել սպառողներին մատակարարվող գազի հնարավորինս ցածր սակագներ։ Դա պայմանավորվեց այն հանգամանքով, որ կառավարությունն իր վրա վերցրեց սակագնի մի մասը փոխհատուցելու պարտավորությունը։ Թեեւ այս առումով նոր փոփոխություններ չեն կատարվել, այնուհանդերձ դրամի շարունակվող արժեւորումը հնարավորություն տվեց որոշ չափով նվազեցնել գազի սակագինը։

Հունվարի 1¬ից բնակիչ բաժանորդները երկնագույն վառելանյութի յուրաքանչյուր խոր. մետրի համար կվճարեն 59 դրամ, նախկինում գործող 65 դրամի փոխարեն։ Ընդ որում՝ կպահպանվի նաեւ կառավարության տրամադրած դոտացիան՝ յուրաքանչյուր 1000 խոր. մետրի համար 25 հազար դրամի չափով։

Տարադրամով արտահայտված՝ հունվարի 1¬ից կբարձրանա տնտեսության արտադրական հատվածին մատակարարվող գազի գինը։ Դեռեւս անցած տարվա նոյեմբերին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 հազար խոր. մետրից ավել գազսպառողների համար սահմանեց 153 դոլար սակագին՝ յուրաքանչյուր 1000 խոր. մետրի դիմաց։ Հաստատված նոր սակագինը շուրջ 7 դոլարով ավել է նախկինում գործողից։ Այլ կերպ ասած, հունվարի 1¬ից խոշոր սպառողներն օգտագործած գազի դիմաց կվճարեն այդքանով ավել։

Գնի այս բարձրացումը սակայն խիստ հարաբերական է։ Դրամով արտահայտված նրանք եւս երկնագույն վառելանյութի դիմաց կվճարեն ավելի քիչ, քան նախկինում։ Դրամի ուժեղացման շնորհիվ 1000 խոր. մետրի հաշվով գազի վճարը շուրջ 3 հազար դրամով պակաս կլինի՝ նախորդ սակագնի համեմատ։

Ինչպես բնակիչների, այնպես էլ տնտեսության համար կշարունակվի պահպանվել կառավարության սուբսիդավորումը։ Սակայն, ինչպես ցույց տվեց անցած տարվա փորձը, համատարած արտոնություն տրամադրելու մոտեցումն ամենեւին չարդարացրեց իրեն։ Կառավարությունը հույս ուներ, որ այս ճանապարհով պայմաններ կստեղծի տնտեսության համար արտաքին հատվածում գործելու շատ ավելի բարենպաստ մրցակցային իրավիճակում։ Դա պիտի նպաստեր արտահանման ծավալների ավելացմանը եւ նոր շուկաների ձեռքբերմանը։ Մի բան, որ տեղի չունեցավ։ Ընդհակառակը՝ նվազեցին արտահանման ծավալները։

Մյուս կողմից՝ համատարած սուբսիդավորման հետեւանքով առանձին տնտեսավարողներ հայտնվեցին գերարտոնյալ վիճակում՝ ստանալով մեծ չափերի հասնող շահույթներ։ Ըստ էության, ստեղծվեց մի իրավիճակ, որն ամենեւին չարդարացրեց իրեն։

Այս պայմաններում առաջացել է տնտեսական հատվածի համար գազի դիմաց տրվող սուբսիդավորման մեխանիզմի վերանայման անհրաժեշտություն։ Նման մտադրության մասին տարեվերջին հայտարարեց նաեւ վարչապետը, թեեւ այդ առումով գործնական քայլեր կառավարությունը դեռեւս չի ձեռնարկել։ Սպասվում է, որ դա տեղի կունենա առաջիկայում։

Հեղինակ: Վասակ Թարփոշյան

Աղբյուր: «Հայոց աշխարհ» թերթ