«ՀայՌուսգազարդին»՝ կառավարման իրավունք

Իրան-Հայաստան գազատարի շահագործման կապակցությամբ որոշ դժգոհություններ կան կապված այն հանգամանքի հետ, որ Հայաստանը Իրանից գազ է ստանում իբրեւ ռուսականին այլընտրանք: Սակայն շրջանառվում են տեղեկություններ, ըստ որոնց գազատարը փաստացի տնօրինելու է Հայռուսգազարդ ընկերությունը, որի բաժնետոմսերի գերակշիռ մասը պատկանում է ռուսական ընկերությանը: Հայաստանի էներգետիկ անվտանգության վերաբերյալ վերամբարձ խոսքերի առնչությամբ մեկնաբանություններ խնդրեցինք ՀՀ երկու նախկին վարչապետերից:

Հրանտ Բագրատյանը, որը 1995 թվականի մայիսին իր ձեռքով է ստորագրել Իրանից գազ ստանալու վերաբերյալ հուշագիրը, մեզ հետ զրույցում հայտարարեց.«Դա մեր պրոյեկտն է, նախկին իշխանությունների պրոյեկտն է, որը իրացվել է: Չգիտեմ՝ ոնց է իրացվել: Ոչնչից ես տեղյակ չեմ, ես չեմ կարող կոմենտարիաներ անել: Անկեղծ, տեղյակ չեմ»:

Նախկին վարչապետ Խոսրոն Հարությունյանը բավականին տեղեկացված է Իրան-Հայաստան գազամուղից: Նա մեր հարցին ի պատասխան հայտնեց իր անսահման գոհունակությունը գազատարի կառուցման եւ շահագործման հանձնելու վերաբերյալ. «Հայաստան-Իրան գազատարը շահագործման հանձնելը Հայաստանի էներգետիկ հնարավորությունների ընդլայնման մասին է խոսում: Մենք հնարավորություն ունենք անհրաժեշտության դեպքում դիվերսիֆիկացիայի ենթարկել այն էներգոաղբյուրները, որոնցով պայմանավորված է մեր էներգետիկ համակարգի անխափան գործունեությունը»: Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ Իրան-Հայաստան գազատարի շահագործումն, այնուամենայնիվ, ռուսական ընկերության ձեռքում է լինելու: ՀՀ նախկին վարչապետը պատասխանեց. «Եթե խողովակի սպասարկումը կհանձնվի Հայռուսգազարդին կառավարման պայմանով, եւ ոչ թե սեփականության, ես կարծում եմ՝ դրանից ընդամենը ծախսերը կնվազեն, եւ դա կարող է բարձրացնել գազատարի այդ հատվածի սպասարկման, շահագործման արդյունավետությունը: Հետագայում, երբ այս գազատարն իր տրամաբանական շարունակությունը կստանա դեպի Արարատի կողմը եւ կմտնի ավելի մեծ ցանցի մեջ, անկասկած, կառաջանա սեփական շահագործման եւ սպասարկման կառույց ունենալու անհրաժեշտությունը: Բայց այս պահին նպատակահարմար է միայն կառավարման իրավունքով հանձնել Հայռուսգազարդին»:

Աղբյուր: «Տարեգիր» էլեկտրոնային թերթ 20.03.2007