16 մայիսի 2007

Գազապահեստարանը՝ տարանցման հնարավորություն

Ի՞նչ կունենանք ներդրումային ծրագրից հետո


Ընդհանրապես, բնական գազի մատակարարման անընդհատության կարեւորագույն երաշխիքներից են գազապահեստարանները նաեւ։ Հասկանալի է, քանի որ այս կառույցներում ամբարված վառելիքն է հնարավորություն ընձեռում արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչությանը գազ մատակարարել։ Հատկապես մեզ համար շատ զգալի է այդ գազապահեստարանի դերը, քանզի հենց մենք ենք ժամանակ առ ժամանակ, արտաքին քաղաքական գործոնով պայմանավորված, արտակարգ իրավիճակների (իմա՝ գազամատակարարման խափանումների) զոհ դառնում։ Մեր գազապահեստարանը Աբովյանում է, որը մեր երկիր գազի ներմուծման դադարեցման ժամանակահատվածում բնական գազի միակ աղբյուրն է։ «ՀայՌուսգազարդ» ընկերության 2007–2009թթ. ներդրումային ծրագրով նախատեսվում է Աբովյանի գազապահեստարանի վերակառուցում եւ արդիականացում։

Նկատենք, որ գազապահեստարանը եւ՛ Երեւանի արդյունաբերական շրջանների գազասպառման սեզոնային ու պիկային անհավասարություններն է կարգավորում, եւ՛ սպառողների գազամատակարարումը։ Մասնագետներն ասում են, որ հաշվի առնելով մեր երկրի կախվածությունը ներմուծվող էներգապաշարներից, Աբովյանի գազապահեստարանը էներգետիկ անկախության ու անվտանգության իրական երաշխիքներից մեկն է, ուստի էներգետիկայի բնագավառի կարեւորագույն խնդիրներից է այդ գազապահեստարանի աշխատանքային բնականոն վիճակի պահպանումը։ Անհրաժեշտ է նաեւ, որ միաժամանակ ստորգետյնա այս գազապահեստարանում բնական գազի բավականաչափ ծավալ պահեստավորելու համար տեխնիկական ու ֆինանսական պայմաններ լինեն։ Նկատենք, որ գազապահեստարանը կարեւոր է նաեւ գազամատակարարման ուղիների բազմազանեցման տեսանկյունից։ Այլ կերպ՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանը ապագայում կարող է «նպաստել բնական գազի տարանցման կազմակերպմանը դեպի երրորդ երկրներե։

Այսպիսով, գազապահեստարանի վերակառուցման ու արդիականացման ինչ քայլեր են նախատեսվում։ Առաջին քայլը աղաջրերի պահեստարանի կառուցումն է (150 հազ. խմ), որի համար պահանջվում է 44.0 մլն դրամ, որ նախատեսվում է հենց այս տարի։ Աղաջրերի 2-րդ պահեստարանի կառուցման համար նախատեսվող ներդրումը 270.0 մլն դրամ է, որի ծավալն արդեն 400 հազ. խմ է։ Ի դեպ, վերջինիս մեկնարկն արդեն տրված է, եւ հողհատկացման ու նախագծման աշխատանքներն արդեն սկսված են։ 35.2 մլն դրամ նախատեսվում է (կրկին այս տարվա համար) աղաջրերի միջանկյալ ավազանները վերականգնելու համար։ Այդ ավազանները 4 հատ են՝ 1000-ական խմ ծավալով։ Եվս 23.1 մլն դրամ անհրաժեշտ է աղաջրատարի կառուցման համար, որ կկապակցի 4 միջանկյալ ավազաններն ու աղաջրերի պահեստարանը։ 77 մլն դրամ էլ հարկ է, որ վերակառուցվեն տեխնիկական ջրամատակարարման համակարգերը։ Մասնագետների տվյալների համաձայն, հորերի համալիր գեոֆիզիկական հետազոտման համար անհրաժեշտ է 240.5 մլն դրամ, որ 2007–2009թթ. կբաժանվի 123.3 մլն, 77.5 մլն եւ 39.7 մլն դրամի։ Իսկ վթարային հորերը վերանորոգելուն ու վերականգնելուն անհրաժեշտ է 613.5 մլն դրամ՝ 2007թ՝ 191.5, 2008թ.՝ 411.0 եւ 2009թ.՝ 11.0 մլն դրամ չափաբաժիններով։ Բոլոր միջոցառումները առանձին-առանձին չթվարկենք, միայն նշենք, որ գազապահեստարանի վերակառուցման ու արդիականացման համար հարկ է 5011.3 մլն դրամ՝ ըստ երեք տարիների ներդրումների 1427.0 մլն, 727.0 մլն եւ 2857.3 մլն դրամ։

Ի՞նչ սպասելիքներ ունի ընկերությունը գազապահեստարանի եռամյա ներդրումային ծրագրից հետո։ Ըստ այդմ, 1. կայուն կաշխատի բնական գազի պահեստավորման ամբողջ համակարգը։ 2. Աղաջրերի համալիր համակարգի շինարարությունը հնարավորություն կտա ոչ միայն ապահովել բնական գազի տարեկան պլանավորվող ծավալները, այլեւ կնպաստի այդ ծավալներն ավելացնելուն (հասցնելով դրանք նախագծային հզորություններին)։ 3. Ի միջի այլոց, ներդրումային ծրագրով նախատեսված է նաեւ, որ նորագույն տեխնոլոգիական ենթակառուցվածքներով ճնշակայան կկառուցվի, որի շնորհիվ ավելի արդյունավետ կգործածվեն պահեստավորվող բնական գազի ծավալները, անհամեմատ կնվազեն տարեկան շահագործվող ծախսերը։ Մինչդեռ առկա ճնշակայանը սպառել է ֆիզիկական ու բարոյական համարյա ամբողջ աշխատանքային պաշարները։

„ՀայՌուսգազարդ“ ընկերությունը տեղեկացնում է, որ Աբովյանի գազապահեստարանի վերակառուցումն ու արդիականացումն այսքանով չի ավարտվելու եւ շարունակվելու է նաեւ 2009թ. հետո։

Հեղինակ: Արմենուհի Մելքոնյան

Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ