Գազը մտավ Ազատեկ և Մալիշկա

Տարեկան խնայվում է 250–300 մլն դոլար


«ՀայՌուսգազարդ» ընկերությունը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ 2002- 2007թթ. գազամատակարարման վերականգնման եւ գազաֆիկացման իր ծրագիրն արդեն լիովին ավարտել է։ Ստեղծվել է գազամատակարարման մի ցանց, որը կարող է ապահովել 650000 ընտանիքի։

Վայոց ձորի մարզի Ազատեկ եւ Մալիշկա համայնքներում երեկ սկիզբ դրվեց գազաթողարկմանը։

Բնական գազի մուտքը Ազատեկ երկար սպասված էր բարձր լեռնային գյուղի բնակիչների համար։ Դեռեւս 1990թ. բնական գազն այնքան մոտեցել էր նրանց։ Կառուցվել էին գազամատակարար եւ գազաբաշխիչ ցանցերը, եւ, սակայն, հայտնի պատճառներով հնարավոր չեղավ գազ տալ համայնքին։ Տասնյոթ տարի ազատեկցիները սպասել են գազի ջահի վառվելուն, ինչը հնարավոր է դարձել պետբյուջեի եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության համաֆինանսավորման շնորհիվ։ Վերանորոգվել է մոտ երկու տասնյակ տարի առաջ կառուցված եւ չգործած ցանցը։ Շատ հատվածներում փոխվել են խողովակաշարերի հենարանները, բարձրացվել են խողովակագծերը։

Խիստ կլիմայով առանձնացող գյուղի համար ջերմության հիմնական աղբյուրը եղել է աթարը, ինչպես նաեւ շատ թանկ գնով ձեռք բերված փայտը, ուստի բնական գազի մուտքը փրկության նման մի բան է։ 

Եվ պատահական չէ, որ խորհրդանշական ջահի կապույտ բոցը տեսնելու համար գյուղամիջում հավաքվել էին մեծ ու փոքր, դհոլ-զուռնայի նվագը խառնվել էր պարող երիտասարդների ուրախ ճիչերին։

Ազատեկն այն համայնքներից է, որ, չնայած բնակլիմայական բարդ պայմաններին, պահպանել է իր մարդկային ռեսուրսը, շատ քչերն են հեռացել գյուղից։ Այսօր համայնքն ունի 164 տնտեսություն՝ 630 բնակչով։ Իրենց լեռների պես ամուր մարդիկ առավել ամուր պիտի զգան իրենց կենսական ամենակարեւոր խնդիրներից մեկի՝ ջերմության խնդրի լուծմամբ։

Ըստ մարզպետ Վարդգես Մաթեւոսյանի, Ազատեկի համար հաջորդ օժանդակությունը լինելու է եկող տարի Ազատեկ-Վայք յոթկիլոմետրանոց ճանապարհի վերակառուցումը։ Արփայի ավազանից Ազատեկ բարձրացող, բարձր ժայռերից ժապավենի մի նեղ երիզ պոկած եւ բազմաթիվ գլխապտույտ ոլորաններով ճանապարհը խորհրդային տարիներից նորոգում չի տեսել, եւ դրանով, առավել եւս ձմռանը, անցնելը խիստ վտանգավոր է։ Ճանապարհի վերակառուցումը կբարելավի տրանսպորտային կապը «ներքեւի աշխարհի» հետ, ինչը թերեւս ազատեկցիների երկրորդ երազանքն է։ Եթե Ազատեկում տարիներ առաջ կառուցված գազամատակարարման ցանցն է նորոգվել եւ գործարկվել, ապա Մալիշկայում ամեն ինչ արվել է զրոյից։ Մարզի ամենամեծ գյուղական համայնքը (1300 տնտեսություն՝ 6500 բնակչով) մինչեւ այսօր գազաֆիկացված չի եղել։ Դա իրականություն է դարձել «Արշավիր եւ Պայծառ Աբրահամյաններ» հիմնադրամի եւ «ՀայՌուսգազարդի» համատեղ ֆինանսավորմամբ։ Թեպետ դեռեւս ոչ մի օջախում գազ չի վառվում, բայց գլխավորն արված է՝ Մալիշկան գազաֆիկացված է։ Մնացածը յուրաքանչյուր ընտանիքի լուծելու խնդիրն է։

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը 2002–2007թթ. Հայաստանում կառուցել է 12148 կմ երկարությամբ գազաբաշխիչ ցանց, որի համար ներդրել է 82 մլն դոլար։ Դեկտեմբերի 1-ի դրությամբ փաստացի գազ սպառողների թիվը 505000 է։ «ՀայՌուսգազարդ» ընկերության փոխտնօրեն Խաչիկ Բաղդասարյանի հավաստմամբ, գազի բաժանորդների թիվը տարեվերջին կհասնի 515000-ի։ Ըստ նրա, թեեւ ծրագրված աշխատանքներն ավարտվել են, բայց իր ընկերությունն այսուհետ եւս ակտիվորեն մասնակցելու է պետբյուջեի եւ սոցիալական այլ ներդրումների միջոցներով շարունակվելիք՝ գազաֆիկացման աշխատանքներին, քանի որ «ՀայՌուսգազարդն» է շահագործելու գազաբաշխման համակարգը։ Նա հույս հայտնեց, որ գազաֆիկացման մնացած աշխատանքները (մոտ 12 տոկոս) նույնպես կկատարվեն հաջողությամբ։

Մնում է ավելացնել, որ գազաֆիկացման այս աշխատանքներն ունենալու են սոցիալական մեծ արդյունավետություն։ Տարբեր հաշվարկներով, այլընտրանքային էներգառեսուրսների փոխարեն բնական գազի օգտագործումը հանրապետության բնակիչ-բաժանորդների շրջանում ապահովում է տարեկան շուրջ 250–300 մլն դոլարի խնայողություն։ Հայաստանի տրանսպորտային հատվածը գազի օգտագործմամբ տարեկան տնտեսում է 180–200 մլն դոլար։

Հեղինակ: Պետրոս Սարուխանյան

Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ