Երևանի գազաֆիկացված բնակարաններում կտեղադրվեն գազի անջատիչ փականներ

Երեւան քաղաքում այսօր գազ սպառողների ցուցանիշը գերազանցում է խորհրդային միության տարիների ցուցանիշին: Եթե խորհրդային տարիներին մայրաքաղաքում գազ էր սպառում 201 395 բաժանորդ, ապա այսօր այդ թիվը հասել է 201 673-ի: Նման վիճակագրություն է ներկայացրել «Հայռուսգազարդ» ընկերության «Երեւան գազ» մասնաճյուղի տնօրեն Վարդան Հարությունյանը: «Երեւան գազ»- ի տնօրենը ներկայացրեց նաեւ առաջիկա անելիքները եւ խոսեց 2008 թվականի ծրագրերի մասին:


Մասնավորապես, 2008-ին գազաֆիկացման որոշակի ծավալ դեռ պետք է իրականացվի: Դա վերաբերում է նախկինում չգազաֆիկացված 19 թաղամասերին, որոնք այսօր արդեն գազաֆիկացված են, բայց դեռ կան լոկալ տեղամասեր, որտեղ դեռեւս գազաֆիկացման աշխատանքներ է անհրաժեշտ կատարել: Այս ծրագրով նախատեսված է ծախսել եւս 135 մլն դրամ:

Վարդան Հարությունյանն անդրադարձավ նաեւ գազաբաշխման համակարգի, գործող վթարային գազատարերի վերատեղադրման եւ հիմնանորոգման աշխատանքներին, որոնք նախատեսված է իրականացնել 2008-ից 2012 թվականներին: 2008-ին է նախատեսված նաեւ Երեւան քաղաքի գազամատակարարման ռեժիմների բարելավման ծրագիրը, որի նպատակով շուրջ 961 մլն դրամ է նախատեսվում ներդնել: Հարությունյանն ընդգծեց, որ անցած ձմռան ընթացքում մայրաքաղաքում գազամատակարարման ռեժիմների խախտումներ են տեղի ունեցել, ինչից աշխատում են խուսափել առաջիկայում:

Ընթացիկ տարվա ծրագրերից է նաեւ անվտանգության առումով ներդրվող նոր համակարգը, ինչը ենթադրում է, որ առաջիկայում գազաֆիկացված բոլոր բնակարաններում պետք է տեղադրվեն ազդանշանային սարքեր եւ գազի անջատիչ փականներ: Ի դեպ, «Երեւան գազ» ընկերության տնօրենի հավաստմամբ, անվտանգության նկատառումներով տեղադրվող վերոհիշյալ սարքերի համար միջոցներ է հայթայթելու «Հայռուսգազարդ» ընկերությունը, ասել է թե այս դեպքում անվտանգության լրացուցիչ համակարգերի համար սպառողները չեն վճարելու:

Ելնելով գազաֆիկացման ծավալների ընդլայնումից` այս տարվա ընթացքում լուրջ տեխնիկական եւ մարդկային ռեսուրսների համալրում է տեղի ունեցել նաեւ «1–04՚ վթարային ծառայությունում: Վարդան Հարությունյանի հավաստմամբ, պատճառն այն է, որ գազաֆիկացման աշխատանքների ծավալն օրեցօր ավելանում է եւ խնդիր է առաջանում բարելավել սպասարկման որակը:

Եվ վերջում մեկ միջադեպի մասին. օրերս ձերբակալվել է մեկը, ով հանդես գալով որպես „Երեւան գազ“ ընկերության աշխատակից, փորձել է բնակիչներից գումարներ շորթել: „Երեւան գազ“-ի տնօրենը, մեկ անգամ եւս դիմելով բնակչությանը կոչ արեց, որ գազի հետ կապված ամեն մի վճարում կատարվի դրամարկղում:

Հեղինակ: Ա. Հարությունյան

Աղբյուր: «Ազգ» թերթ