5 հունիսի 2008

Գազասարքերի տեխնիկական անվտանգությունը չի կարելի անտեսել՝ կարծում են գազասպասարկման ոլորտի ներկայացուցիչները

Անցյալ տարվա հուլիսից հանրապետության ամբողջ տարածքում գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հետ պայմանագրային կարգով իրականացնում է «ԷՅ-Ի-ՋԻ-Սերվիս» ՍՊԸ-ն։ Մինչ այդ սպասարկումն իրականացնում էին «ՀայՌուսգազարդ» ընկերության ԳԳՄ-ները եւ մասնավոր կառույցները։ Այս ծառայությունը նոր կառույցի հանձնելն ունեցել է սպասարկումն ավելի արդյունվետ դարձնելու նպատակ։ Երեկ «ՀայՌուսգազարդ»-ում հրավիրված կլոր սեղանի մասնակիցների քննարկման առարկան ինչպես մեկ տարեկան ծառայության աշխատանքն էր, այնպես էլ այդ ոլորտում աշխատանքում առկա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրները։ Մասնակցում էին ընկերության, սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող մի շարք հասարակական կազմակերպությունների եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները։


Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների (ԳՄՕԿ) համաձայն, որը հաստատվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից (2005թ.), բոլոր գազասպառման համակարգերը ՀՀ տեխնիկական կանոնակարգերով սահմանված կարգով պետք է ենթարկվեն պարբերական տեխնիկական սպասարկման, անհրաժեշտության դեպքում՝ նորոգման։ Այս սպասարկման համար գազ սպառող բնակիչն է վճարում։ «ԳՍԿՀ» տեխնիկական սպասարկումը գազից անվտանգ օգտվելու երաշխիք է, ինչը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Անդրադառնալով «ԷՅ-Ի-ՋԻ-Սերվիս» կառույցի մեկ տարվա կատարած աշխատանքին՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարապետ Աշոտ Հովսեփյանը նշեց, որ կատարվել է բավականին մեծ ծավալի աշխատանք, ընդ որում՝ այդ կառույցի ձեւավորմանը զուգահեռ։ Ամենագլխավոր խնդիրը եղել է կադրերի ընդունումը։ Այսօր կառույցում աշխատում է ավելի քան 800 մարդ, որոնք ընդգրկված են տասնյոթ ծառայություններում եւ քառասունչորս տեղամասերում։ Այն սպասարկում է 530 հազար բաժանորդի։ Ծառայությունն ունի գազասպառման անվտանգության կանոնների պահպանությանը հետեւող ինժեներ-տեխնիկներ, սպասարկող փականագործներ, ծխնելուզագործներ, որոնք ապահովված են համապատասխան տեխնիկայով եւ սարքավորումներով։

Սպասարկող ծառայության մեկամյա աշխատանքը կարելի է գնահատել հիմնականում դրական, չնայած դեռեւս շատ խնդիրներ կան լուծելու։ Ամենակարեւոր խնդիրը, ըստ «ԷՅ-Ի-ՋԻ-Սերվիս»-ի տնօրեն Սամվել Մհերյանի, բաժանորդ բնակիչների կողմից ծառայության դեռեւս ոչ լիարժեք օբյեկտիվ գնահատականն է։ «Հաճախ ծառայության իրականացման ընթացքում հնչում են ոչ արդարացի դժգոհություններ, չեն կատարվում սպասարկող մասնագետի խորհուրդները, շարունակվում է ոչ գործարանային արտադրության սարքերի օգտագործումը, որոնք արգելված են կանոններով։ Ավելի շոշափելի դժվարություն ներկայացնողը փակ դռներն են։ Ծառայության աշխատակիցների առջեւ ոչ միշտ են բացվում դռները։ Միայն այս տարվա չորս ամիսների ընթացքում սպասարկվել է 313946 բաժանորդ, իսկ 47113 բաժանորդի դուռը փակ լինելու պատճառով սպասարկում չի կատարվել։ Իսկ յուրաքանչյուր բնակարանում տարեկան մեկ-երկու անգամ պետք է ստուգվեն գազասարքերը»,-ասաց նա։

Ի դեպ, Սամվել Մհերյանի տեղեկացմամբ, իրենք որոշել են, անվտանգությունից ելնելով, ամեն գարնանը անջատել գազի վառարանները եւ աշնանը կրկին միացնել ցանցին։ Դա կարվի անվճար։ Անցյալ տարի «ՀայՌուսգազարդ» ընկերության եւ ՀԿ-ների մասնակցությամբ անցկացվել է մոնիտորինգ, որի արդյունքներից ծնված ՀԿ-ների առաջարկությունները հաշվի են առնվել «ԷՅ-Ի-ՋԻ-Սերվիս»-ի կողմից։ Դա համատեղ հիմնահարցը լուծելու լավ օրինակ է։ ՀԿ-ների կողմից հույս հայտնվեց, որ այս տարվա ձմռանն այլեւս գազօգտագործման կանոնների խախտումների պատճառով մարդկային զոհեր չեն լինի, համենայն դեպս՝ նախորդ տարիների տխուր պատկերը՝ 17–20 մահ, չի կրկնվի։ Աշոտ Հովսեփյանի տեղեկացմամբ, ամենամեծ խնդիրը հին սարքավորումների կիրառությունն է, որից առայժմ հնարավոր չէ միանգամից հրաժարվել, քանի որ բաժանորդների մի մեծ մասը ֆինանսական հնարավորություն չունի։ Փոխարենը, վտանգը նվազեցնելու նպատակով, ընկերությունը այս տարվա հոկտեմբերից բնակարաններում կսկսի տեղադրել ավտոմատ փականներով ազդանշանային սարքեր։ Տեղադրումը կսկսեն ռիսկային համարվող 13000 բաժանորդների բնակարաններից։ «Հաշվարկը կատարվել է ե՛ւ մեթան, ե՛ւ շմոլ գազերի տվիչների համար, չնայած օրենքը մեզ պարտադրում է միայն մեթան գազի համար»,-ասաց Աշոտ Հովսեփյանը։

Հեղինակ: Պետրոս Սարուխանյան

Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ